երեքշաբթի, 2 սեպտեմբերի 2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
Հարգարժան պարոն Հարությունյան,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:
Հանուն ազատության մղած պայքարի ընթացքում Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ հայության բոլոր հատվածների միասնականության, հայ զինվորի անպարտ ոգու և ինքնուրույն իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի հաստատուն կամքի դրսևորման շնորհիվ:
Վստահ եմ, որ Արցախի ժողովրդի վճռականությունն ու իշխանությունների կողմից իրականացվող հետևողական քայլերը մոտ ապագայում կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը՝ առավել ևս, որ ժողովրդավարական համակարգի հաստատմամբ և միջազգային իրավունքի հարգմամբ այն վաղուց է նվաճել համաշխարհային մեծ ընտանիքի անդամ դառնալու իրավունքը:
Կրկին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ, պարոն վարչապետ, նորանոր հաջողություններ պետականության ամրապնդման գործում, իսկ արցախցիներին՝ խաղաղություն և բարեկեցություն: