չորեքշաբթի, 10 սեպտեմբերի 2014
Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները շարունակվում են
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:
Հանձնաժողովը քննարկել է հոբելյանական միջոցառումների ընթացքը և անդրադարձել առաջիկայում նախատեսվող ծրագրերին: Մասնավորապես, տեղեկացվել է, որ Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի, ՀՀ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ արդեն իսկ տեղի է ունեցել մաեստրոյին նվիրված հոբելյանական համերգ, կառավարության աջակցությամբ հրատարակվել է «Հովհաննես Չեքիջյան» գիրքը, որի շնորհանդեսը կկայանա առաջիկայում: Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում բացվել է մաեստրոյին նվիրված գրքերի ցուցահանդես, պատրաստվել են տարբեր հեռուստահաղորդումներ, տեսաֆիլմեր՝ նվիրված մեծանուն արվեստագետին: Չեքիջյանին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաև ՀՀ սփյուռքի նախարարության կողմից անցկացված փառատոններում ու ծրագրերի շրջանակում:
Սեպտեմբերի 26-27-ին Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում կանցկացվի Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջան: Զեկուցվել է, որ Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողների համար կսահմանվի Հովհաննես Չեքիջյանի անվան կրթաթոշակ:
2015 թվականին էլ նախատեսվում է համերգային երեկո կազմակերպել Նյու-Յորքում: Կբացվի նաև Հովհաննես Չեքիջյանի գործունեությունը ներկայացնող լուսանկարչական ցուցահանդես:
Նիստի ավարտին Հովհաննես Չեքիջյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ իր հոբելյանին նվիրված միջոցառումները կառավարության կողմից լավագույնս կազմակերպելու համար: