կիրակի, 28 սեպտեմբերի 2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ
Հարգելի Նիկոլայ Իվանի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան հոբելյանի առթիվ, մաղթում քաջառողջություն և երկար տարիների կյանք: Դուք հայտնի եք ոչ միայն որպես Ռուսաստանի Դաշնության ականավոր պետական և քաղաքական գործիչ, այլև բարձր մարդկային որակներով օժտված անձնավորություն: Մենք Հայաստանում դա զգացել ենք դեռևս խորհրդային տարիներին, երբ, զբաղեցնելով բարձր պետական պաշտոն, Դուք արել եք հնարավորը՝ մեղմելու հայ ժողովրդի ցավը Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրերին:
Մենք Հայաստանում հպարտանում ենք Ձեզնով և բարձր գնահատում Ձեր մեծ ներդրումը մեր երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ Ձեր անձնուրաց նվիրվածությունը բարձր իդեալներին մշտապես օրինակ կծառայի նաև ապագա սերունդների համար: ՀՀ իշխանություններն ըստ արժանվույն են գնահատել Ձեր գործունեությունը, բայց վստահ եմ, որ Ձեզ համար գլխավորը հայ ժողովրդի անսահման սերն է իր երկրի Հերոսի հանդեպ:
Հարգելի Նիկոլայ Իվանի, կրկին շնորհավորելով հոբելյանի կապակցությամբ՝ մաղթում եմ երջանկություն և բարեկեցություն Ձեզ և Ձեր ընտանիքին, ինչպես նաև հետագա հաջողություններ համատեղ ջանքերով ամրապնդելու և խորացնելու հայ-ռուսական դաշնակցային համագործակցությունն՝ ի բարօրություն մեր երկու երկրների և ժողովուրդների: