երեքշաբթի, 6 ապրիլի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Գագիկ Գագյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Ալեքսանդր Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ:
* * *
Համառոտ կենսագրական տվյալներ
Գագիկ Սիմոնի Գագյանը ծնվել է 1950թ. Երևան քաղաքում: 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը՝ մեխանիկա մասնագիտությամբ: Տեխնիկական գիտությունների թեկանծու է, դոցենտ: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1967թ.-ից. աշխատել է Երևանի պետական համալսարանում, Իջևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, «Աստրո» գիտա-արտադրական օպտիկա-մեխանիկական միավորումում: 1994թ. ընտրվել է ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի անդամ: 1996-1999թթ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, իբրև սոցիալ-տնտեսական հարցերի գծով փորձագիտական ծառայության գլխավոր մասնագետ: 1999թ. եղել ՀՀ սեփականաշհորհման նախարարության բաժնի պետ, այնուհետ՝ 2000թ. ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության գլխավոր վարչության պետ: Մինչ նշանակումը եղել է ՀՀ պետական գույքի կառավարման վարչության մասնավորեցման վարչության պետ: Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
* * *
Ալեքսանդր Գեորգիի Ղուկասյանը ծնվել է 1958թ. Երևան քաղաքում: 1981թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը՝ բուժական գործ մասնագիտությամբ: Աշխատանքային գործունեությունն սկսել է 1981թ.-ից. աշխատել է Աբովյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցում, Հանրապետական մաշկավեներական դիսպանսերում: Առողջապահության նախարարությունում տարբեր տարիների վարել է տարբեր պաշտոններ՝ բուժական վարչության տեսուչ, բուժկանխարգելիչ վարչության պետ, առողջապահության քաղաքականության և զարգացման ծրագրերի վարչության պետ: 1989-1991թթ. եղել է Մաշտոցի շրջգործկոմի առողջապահության բաժնի վարիչ, 1991-1994թթ՝ Երևանի վերականգնողական բուժման պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ, 1994-1995թթ. Երքաղգործկոմի առողջապահության վարչության պետի առաջին տեղակալ, 1995-1996թթ. Երևանի թիվ 1 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ: Մինչ նշանակումը եղել է ՀՀ առողջապահության նախարարության Հանրապետական նարկոլոգիական կենտրոնի տնօրեն: «Օրինաց Երկիր» կուսակցության անդամ է: Ամուսնացած է, ունի 2 երեխա: