ուրբաթ, 9 ապրիլի 2004
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:
Հանձնաժողովը քննարկել է 2004-2008 թվականների ընթացքում իրականացվելիք բարեգործական 11 ծրագիր: Մասնավորապես քննարկվել և հաստատվել.
Բժիշկ Հակոբ Այնթափլյանի «Ակունք» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը, որի նպատակն է Սամցխե Ջավախեթիի շրջանի հայ համայնքներում իրականացնել տեղի առողջապահական շինությունների վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ, դրանք ապահովել բժշկական սարքավորումներով, դեղորայքով, ինչպես նաև շրջանում իրականացնել բժշկական սպասարկում։ Հաստատվել են նաև «Կամար» բարեսիրական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջին» ծրագիրը, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից 2004-2008 թվականներին իրականացվող 5 ծրագրերը, այդ թվում՝ «Խմելու — ոռոգման ջրի համակարգերի բարելավում», «Օգնություն դպրոցներին — մանկապարտեզներին», ճանապարհաշինության ու առողջապահական ծրագրերը։
«Բժիշկներ առանց սահմանների-Բելգիա» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից Բագրատաշենում իրականացվող առողջապահական ծրագիրը ևս հանձնաժողովի կողմից հաստատվել է:
Նիստում քննարկված և հաստատված ծրագրերի շարքում են «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ Հայաստանի Հանարապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային ծրագրին աջակցման ծրագիրը, Գերմանիայի «Ֆրիդենդորֆ ինտերնացիոնալ» հասարակական կազմակերպության և «Հայաստանի մանկական ֆոնդ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից համատեղ իրականացվող «Ամանորյա նվերներ հայ երեխաներին» ու «Առողջություն երեխաներին» ծրագրերը։ Վերջինիս նպատակն է Հայաստանից և Արցախից հաշմանդամ երեխաներին ուղարկել Գերմանիա՝ բուժման նպատակով:
Նիստում քննարկվել և հաստատվել են նաև 6 կազմակերպության հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրի, ինչպես նաև նախկինում հաստատված 11 ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և այլ հարցեր։