երեքշաբթի, 13 ապրիլի 2004
Ապրիլի 15-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կմեկնի Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշկեք՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Սուրեն Հարությունյանը, ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանը, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը, ՀՀ կառավարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմերի վարչությունների ղեկավարներ: ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են տրանսպորտային, տեղեկատվական, ֆինանսական ոլորտներում առանձին հարցերի շուրջ ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Նիստում նախատեսվում է նաև ստորագրել ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից ներկայացված և տնտեսական ու արտաքին գործերի նախարարների խորհուրդների հետ համաձայնեցված շուրջ երկու տասնյակ փաստաթուղթ, որոնց թվում են՝ ԱՊՀ անդամ պետությունների հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգի, Համագործակցության երկրներ ներմուծվող հնարավոր վտանգ պարունակող արտադրանքի առողջապահական գնահատության հարցում փոխգործակցության կարգի վերաբերյալ համաձայնագրի, Համագործակցության երկրների միջև փոխադարձ առևտրում սահմանափակումների փուլային վերացման մասին որոշումները և մի շարք այլ փաստաթղթեր: Կքննարկվեն նաև ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրի, ժամկետի և այլ կազմակերպական հարցեր: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի այցի շրջանակներում հնարավոր են նաև երկկողմ հանդիպումներ: