հինգշաբթի, 23 հոկտեմբերի 2014
Կրթության որակը կհամապատասխանեցվի միջազգային չափորոշիչներին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով, կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
ԱԺ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի և Թևան Պողոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած փաթեթով առաջարկվել է փոփոխություններ կատարել «Զինապարտության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում, մասնավորապես` հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հարցն ունի հասարակական մեծ հնչեղություն, և սա այն հարցը չէ, որ երկու պատգամավորի առաջարկությունով դրական կարծիք տրվի: Ուստի, վերջնական եզրակացության համար անհրաժեշտ է կազմակերպել քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ լայն քննարկումներ, ինչը թույլ կտա ընդունել կշռադատված և հանրորեն ընկալելի ու հիմնավորված որոշում:
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած` «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություններ չի ներկայացրել, նկատելով, որ առաջարկվող փոփոխությունների արդյունքում էլ ավելի կբարձրանա հանրային կառավարման արդյունավետությունը: Կառավարությունը մանրակրկիտ հիմնավորումներով դեմ է արտահայտվել ՀՀ ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Արծվիկ Մինասյանի, Թևան Պողոսյանի և Գագիկ Ջհանգիրյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» և «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
Քննարկելով ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` օրենդրական նախաձեռնությամբ ներկայացրած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների, եզդիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, կառավարությունը նպատակահարմար է համարել նախագծով առաջարկվող մայիսի 19-ի փոխարեն դեկտեմբերի 9-ը հայտարարել բոլոր Ցեղասպանությունների զոհերի հիշատակման օր, հաշվի առնելով, որ «Ցեղասպանության հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիան ՄԱԿ-ը ընդունել է 1948թ. դեկտեմբերի 9-ին: Ելնելով դրանից, կառավարությունը պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկությունն ընդունելու դեպքում:
Նույն պատգամավորի ներկայացրած` «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության նախագծի ընդունումը կառավարությունը նպատակահարմար չի համարել, իսկ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանը ներկայացված տեսքով դեմ է արտահայտվել, հավանություն տալով կառավարության եզրակացությունների նախագծերին, որոնցով հիմնավորվել են տվյալ նախագծերի ընդունման աննպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով ԱԺ կանոնակարգի վերաբերյալ պատգամավորի նախաձեռնությանը, առաջարկել է ողջամիտ ձևակերպումներով փորձել հարցին լուծում տալ խորհրդարանում, իսկ հաջորդ նախագծի վերաբերյալ՝ հեղինակի հետ աշխատել՝ երկուստեք ընդունելի նախագիծ մշակելու համար:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Կսահմանվեն կրթության գնահատման չափելի ցուցանիշներ
Բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների համընդհանուր համակարգի ներդրման և գործարկման նպատակով կառավարությունը հաստատել է ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը:
Մեկ այլ որոշումով գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշները և իրականացման կարգը հաստատելու մասին» իր 2010թ. սեպտեմբերի 3-ի թիվ 1334-Ն որոշման մեջ, նպատակ ունենալով կրթության որակի ապահովումը համապատասխանեցնել միջազգային պահանջներին և չափանիշներին: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել կրթական հաստատությունների գործունեության արդյունավետությունը, մասնավորապես սահմանել կրթության գնահատման չափելի ցուցանիշներ:
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամների (ակադեմիկոսների) և թղթակից անդամների հերթական ընտրությունից առաջ կառավարությունը հաստատել է ՀՀ ԳԱԱ իսկական անդամների և թղթակից անդամների` ըստ մասնագիտությունների, առավելագույն թափուր տեղերի թիվը:
Շիրակի մարզի Բարձրաշեն բնակավայրի նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցումը բնականոն կազմակերպելու նպատակով համայնքի կարգավիճակից զուրկ և սակավաթիվ աշակերտներ ունեցող հիմնական չգործող դպրոցը որոշվել է վերակազմակերպել, միացնելով Շիրակի մարզի «Իսահակյանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին:
Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքի հիմնական դպրոցի անմխիթար վիճակում գտնվող մարզադահլիճի հիմնանորոգման նպատակով գործադիրը հատկացրել է համապատասխան ֆինանսական միջոցներ:
Կառավարությունը համաձայնություն է տվել Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծով և պատմական տարածքի վերակառուցման հայեցակարգով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը մեկ տարով երկարաձգելու որոշման նախագծին:
Միջպետական հարաբերություններ
Կառավարության երկու որոշումներով համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Էստոնիայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության կառավարությունների միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկող արձանագրության կնքման առաջարկությանը:
Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրեր է կնքել Եվրոպական միության անդամ 10 պետությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ անդամ երկրների հետ սահմանել և իրականացնել միասնական ընթացակարգեր` Կողմերի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման հարցերում, դյուրացնել այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով:
Կառավարությունը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին լիազորություն է վերապահել Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղի» ԲԲԸ կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցելու մասին» կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագիրը` հանդես գալով որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ:
500 մլն դրամ՝ ավելացված արժեքի հարկի վերադարձի համար
Արտահանողների կողմից ներկայացված հայտերով ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու նպատակով կառավարությունը լրացուցիչ հատկացրել է 500 մլն դրամ՝ համապատասխան փոփոխություն կատարելով 2014 թ. ՀՀ պետբյուջեում և կառավարության 2013 թ. դեկտեմբերի 19-ի թիվ 1441-Ն որոշման մեջ:
ՀՀ կառավարության 2014թ. սեպտեմբերի 11-ի թիվ 1020-Ն որոշումով նախատեսվող` «Զվարթնոց» օդանավակայանի «Ա» և «Բ» բազմաբնակարան շենքերի սեփականատերերին Երևանի Բաբաջյան 98/2, 98/5, 98/6 հասցեում կառուցված բազմաբնակարան բնակելի շենքերում նոր բնակարաններ տրամադրելու գործընթացն անթերի կատարելու, տեխնիկական վրիպակները շտկելու նպատակով վերոնշյալ որոշման հավելվածը շարադրվել և հաստատվել է նոր խմբագրությամբ: Որոշումը կայացել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի խնդրանքով՝ հաշվի առնելով ընկերության կողմից ներկայացված նախկին հավելվածում թույլ տրված տեխնիկական վրիպակները:
Կառավարման արդյունավետության բարձրացման, աշխատանքի գնահատման և խրախուսանքի ձևերի կիրառման նպատակով լրացում և փոփոխություն է կատարվել Կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին նախկինում ընդունված որոշման մեջ:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով նախկինում ընդունված որոշման մեջ, գործադիրը թույլատրել է ՀՀ ոստիկանությանը սպասարկող գանձապետական բաժանմունքում բացելու «Անշարժ գույքի օտարումից մուտքերի հաշվին անշարժ գույքի կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի գծով արտաբյուջետային հաշիվ, սահմանելով մուտքերի աղբյուրը, ծախսերի ուղղությունը, գործողության ժամկետը:
Կառավարությունը թույլատրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը օտարել Հայաստանի Հանրապետությանը, որի արժեքը վերջինս կվճարի համապատասխան բաժնետոմսերով, այդ չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը: ՀՀ քննչական կոմիտեի 2014 թ. գործունեությունն ապահովելու նպատակով կառավարությունը համապատասխան գումար է հատկացրել իր պահուստային ֆոնդից:
Մեկ այլ որոշումով փոփոխություններ և լրացումներ են կատարվել բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին որոշման մեջ, որով կկարգավորվեն բնապահպանական կամ միայն բնօգտագործման վճար կատարողների կողմից հաշվարկ-հաշվետվությունների ներկայացմանը առնչվող խնդիրները:
Այլ հարցեր
Էլեկտրաէներգիայի` օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած նոր սակագների հետևանքը մեղմելու, ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող Երևանի ենթակայության կազմակերպությունների ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից որոշել է հատկացնել 107.923.3 հազ.դրամ:
Գործադիրը «Լիկվոր» ՓԲԸ-ին տվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Էդգար Ղազարյանին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության բնագավառում:
***
Նիստի ավարտին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ ս.թ. հոկտեմբերի 26-ից հանրապետություն մուտք կգործեն սիբիրյան ցիկլոնները, ինչի հետևանքով հոկտեմբերի 27-ին ջերմաստիճանը 20 աստիճանով կնվազի Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, Լեռնային Ղարաբաղում, իսկ Երևանում և մյուս մարզերում՝ մոտ 10 աստիճանով:
Հիդրոմետ ծառայությանը հանձնարարվել է լրատվամիջոցներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն:
Նիստի վերջում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Ես ուզում եմ կոչ անել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, որ Հայաստանի Հանրապետության մարզերում համապատասխան տարածքային ծառայության ղեկավարի պաշտոնի նշանակման ու ազատման դեպքում պահպանեն Հայաստանի Հանրապետության նախագահի՝ 06.05.1997 թվականի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» թիվ 728 հրամանագրի 1.25-րդ կետով սահմանված պահանջը, այսինքն՝ նշանակումների և ազատումների մասին տեղեկացնեն համապատասխան մարզպետներին: Եվ, ընդհանրապես, ես ուզում եմ բոլորին խնդրել, հորդորել, որ մարզպետների հետ շատ ակտիվ համագործակցություն ձևավորեն: Դա շատ կարևոր է. մարզպետը Հանրապետության նախագահի, կառավարության, վարչապետի, նաև նախարարի ներկայացուցիչն է մարզերում: Իմ կարծիքով՝ այստեղ մենք մեր համագործակցությունը պետք է ավելի սերտացնենք»: