հինգշաբթի, 4 դեկտեմբերի 2014
Գործադրվում են տարադրամի շուկայի կայունացմանն ուղղված բոլոր միջոցները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը տարադրամի շուկայում առկա վերջին օրերի լարվածության, փոխարժեքի տատանումների և տարադրամի շուկայի կայունացմանն ուղղված կենտրոնական դրամատան քայլերի պարզաբանման համար ձայնը տվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին:
Ներսես Երիցյան - Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, վերջին շրջանում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արժութային շուկայի մեծ տատանումները պատճառ են դարձել ներքին արժութային շուկայում դրամի արժեզրկմանը և ձևավորված որոշակի սպասումների ներքո հանգեցրել որոշակի տատանողականության աճին: Ցավոք, ձևավորված սպասումները այսօր հեռու են մեր տնտեսության հիմնարարներից, այդուհանդերձ, որոշակի մտավախության տեղիք են տվել, որովհետև նաև ճշգրտվում է փոխարժեքը: Վերջին մեր հայտարարությունները ուղղված էին դրամի սպեկուլյացիայից և անհարկի փոխարկումից զերծ պահելուն, քանի որ փոխարժեքի նման տատանողականության վարքագծի պայմաններում այն ունենում է բարձր ռիսկեր և չմասնագիտացված անձինք ակնկալվող օգուտի փոխարեն կարող են նաև զգալի վնաս կրել: ԿԲ-ն հաստատում է իր պատրաստակամությունը և ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին, որպեսզի կայունացնենք շուկայի իրավիճակը: Գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր գործիքները և միջոցները, այդ թվում Ռեպո շուկայում իրացվելիության կարգավորման միջոցով, լոմբարդային գործիքների միջոցով, արժութային սվոտներ առաջարկելու միջոցով և արժութային շուկայում տարբեր միջամտություններ անելու, որպեսզի կարողանանք տատանողականությունը հաղթահարել, բայց այն, ինչը դրսի շոկով է պայմանավորված, այդ ճշգրտումները, բնականաբար, պետք է իրենց տեղը գտնեն:
Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են՝ կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը: Համեմատության համար ասեմ՝ մեր պահուստները համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին: Այդ իմաստով որևիցե խնդիր չենք տեսնում:
Բացի այդ, նաև ուզում ենք հավաստիացնել, քանի որ կան տարբեր մտահոգություններ բանկային համակարգի և դրա գործառույթների հետ կապված, որ բանկային համակարգի կայունությունը նույնպես ապահովված է, երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով: Բանկերի արդեն իսկ մեծ և´ ակտիվները, և´ պարտավորությունները դոլարացված են, դոլարով են, և բանկերն իրենք էլ ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն՝ և´ կանխիկ, և´ անկանխիկ, որը նույնպես համարժեք է շրջանառության մեջ գտնվող կանխիկին, այդ իմաստով էլ բանկերը պետք է ի վիճակի լինեն սպասարկելու մեր քաղաքացիների պահանջները:
Ուզում եմ նաև շեշտել, որ Կենտրոնական բանկի գնահատմամբ, մեր կանխատեսումներով, գների կայունության հետ կապված նույնպես զգալի ռիսկեր այս պահի զարգացումներով չենք տեսնում, և գնաճի ցուցանիշը 2014-15 թթ. կգտնվի նպատակային ցուցանիշի շուրջ՝ տատանումների թույլատրելի միջակայքում, որը մենք թվերով ասում ենք 4±1.5 տոկոսի շրջանակում: Այս տարվանը կլինի 4 տոկոսի շրջանակում, եկող տարի՝ 4±1.5 տոկոսի շրջանակում՝ հաշվի առած բոլոր վերջին զարգացումները և իրավիճակն արտարժութային շուկայում: Շնորհակալություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին առաջարկել է կառավարության հաջորդ նիստում ներկայացնել ապրանքների գնաճի խնդիրը՝ փարատելու համար այն կասկածը, թե իրական գնաճը ոչ թե 5 տոկոս է, այլ 10-15 տոկոս:
Այնուհետև հաստատելով օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
Կներդրվեն Եվրասիական տնտեսական միության օրենսդրության դրույթները
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Մաքսային կարգավորման մասին», «ՀՀ և ԵԱՏՄ անդամ երկրների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անասնաբուժության մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության շրջանակում Մաքսային միության հանձնաժողովի 2010թ. հունիսի 18-ի N 317, 318 և 2011թ. հոկտեմբերի 18-ի N 834 որոշումների պահանջների ներդրման անհրաժեշտությամբ: Փաթեթի ընդունման դեպքում կներդրվեն ԵԱՏՄ օրենսդրության դրույթները, մասնավորապես՝ կսահմանվի ԵԱՏՄ տարածք երրորդ երկրի տարածքից ներմուծվող կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտադրությամբ, վերամշակմամբ, փոխադրմամբ և/կամ պահպանմամբ զբաղվող անձանց և կազմակերպություններում իրականացվող համատեղ ստուգման ընթացակարգերը, անասնաբուծության և բուսասանիտարիայի բնագավառներում իրականացվող վերահսկողության կարգերը: Օրենքների նախագծերի փաթեթները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Իր նախկին որոշումներից մեկում գործադիրը կատարել է փոփոխություն և լրացում, որոնցով նույնականացվել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների առևտրի սահմանափակումները երրորդ երկրների նկատմամբ, հստակեցվել ՀՀ տարածք ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցների նկատմամբ արգելանքները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշման համապատասխան:
Ընդլայնվում է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը
ՀՀ կառավարությունը հաստատել է 2013թ. հունիսի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգը: Այն ներառում է սպառազինություն, ռազմական տեխնիկա, աշխատանք, ծառայություն, մտավոր գործունեության արդյունք և ռազմատեխնիկական ոլորտի տեղեկատվություն մատակարարելու կարգը: Համանման պայմանագիր Ռուսաստանի Դաշնությունն ստորագրել է միայն Բելառուսի Հանրապետության հետ: Հայաստանի Հանրապետությունը ռազմական և ռազմատեխնիկական ակտիվ համագործակցություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնության հետ: Սույն որոշումը կնպաստի վերը նշված պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման մեխանիզմների և մոտեցումների մշակմանը:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և գերմանական KfW բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I» ծրագրի համար վարկային և ծրագրային համաձայնագրի (75 մլն եվրո)» նախագծին: Ծրագրի նպատակն է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը՝ վրացական սահմանի մոտ՝ Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով: Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ, հայկական կողմից՝ Հրազդանից 400 կՎ գծերի միջոցով: Համաձայնություն է տրվել նաև նույն ծրագրի իրականացման 10.2 մլն եվրո արժեքով համաձայնագրի նախագծին:
Կառավարությունը, փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ՀՀ մուտքի վիզայից ազատվողների թվում ընդգրկել է Եվրամիության ոչ անդամ Վատիկանի, Սան Մարինոյի, Մոնակոյի, Անդորայի և Չեռնոգորիայի քաղաքացիներին՝ հաշվի առնելով Չեռնոգորիայի կողմից Հայաստանի նկատմամբ վարվող դյուրացված վիզային քաղաքականությունը և մյուսների՝ սեփական վիզային քաղաքականություն չիրականացնելու իրողությունը:
Կմեծանա ոռոգման ծրագրերի արդյունավետությունը
Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր մի շարք որոշումներում, ՀՀ կառավարությունը ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղափոխել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգ՝ նպատակ ունենալով բարձրացնել այս նախարարության ոռոգման ծրագրերի կառավարման արդյունավետությունը:
Ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ, բավարարելով Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններից ստացված հայտերը, կառավարությունը լրացուցիչ մոտ 216 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու է հատկացրել շահառուներին: Այսպիսով, սերմացուի ընդհանուր պահանջարկը հասել է մոտ 4 հազար 213 տոննայի: Միաժամանակ ծրագրի 2013թ. շահառուներից և Գյումրու սելեկցիոն կայանից 1 կիլոգրամը 170 դրամով ձեռք է բերվել մոտ 3 հազար 127 տոննա առաջին վերարտադրության սերմացու, որը հատկացվել է Շիրակի մարզին՝ մարզի, ինչպես նաև կարկտահարությունից տուժած համայնքների պահանջն ամբողջությամբ բավարարելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ աջակցություն է ցուցաբերվել ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրով 2012թ. աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի հետվերադարձը չապահոված շահառուներին:
Կոնդ թաղամասի գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման աշխատանքի ավարտման և այդ տարածքների նախկին սեփականատերերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով կառավարությունը թույլատրել է «Ի Եմ Սի» ՓԲԸ կողմից Երևանի Պարոնյան 42/1 հասցեում առկա անավարտ շինության կառուցապատումն իրականացնել ՀՀ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի՝ որպես կառուցապատողի գործակալի, միջոցով: Այդ նպատակով նախատեսվում է բացել արտաբյուջետային հաշիվ:
ՀՀ քննչական կոմիտեի աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով կառավարությունը այդ գերատեսչությանն է հանձնել համապատասխան տարածքներ Վարդենիս և Աշտարակ քաղաքներում:
Կապան քաղաքի Լեռնագործների N 3 հասցեում գտնվող հանրակացարանային տարածքները ձեռք բերելու նպատակով կառավարությունը Սյունիքի մարզպետարանին հատկացրել է 6 մլն դրամ: Հանրակացարանի սենյակները նախկինում պատկանել են Կապանի լեռնահարստացման կոմբինատին և ձեռնարկության սնանկ ճանաչվելու պատճառով աճուրդով վաճառվել: 21 սենյակում բնակվող 12 ընտանիքի տարածքները կհանձնվեն բնակիչներին, ինչի շնորհիվ կբարելավվեն նրանց կենսապայմանները:
Կառավարության որոշմամբ «Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Գյումրու Անի թաղամասի բնակարաններից մեկը նվիրաբերվել է դրա փաստացի տիրապետող, երկար տարիներ դատախազությունում աշխատող Վահե Միրզոյանի ընտանիքին:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել երեխայի հանդեպ բռնության երևույթի դեմ պայքարի հայեցակարգի նախագծին և դրանից բխող միջոցառումների ցանկի նախագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխմամբ և միտված է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և միջազգային փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը:
Այլ որոշումներ
Ի կատարումն ՀՀ նախագահի հրամանագրի, կառավարությունը կապահովի 2014թ. դեկտեմբեր ամսին ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի մինչև 35 տարեկան 94 բժիշկ-մասնագետ սպաների զորակոչը ՀՀ զինված ուժեր:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է փոքր տնտեսվարող սուբյեկտների համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը 2015թ. հունվարի 1-ից հետաձգել մինչև 2016թ. հունվարի 1-ը:
Գործադիրն ընդունել է Վայոց ձորի մարզի Վայքի քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու, ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կառավարությունը որոշել է 2015թ. հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը համապատասխանաբար տեղափոխել 2014թ. դեկտեմբերի 20-ը և 27-ը՝ շաբաթ օրերը:
Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ուսումնասիրել ՀՀ ֆինանսների նախարարության մշակած «ՀՀ 2015թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակը և ՀՀ 2015թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագիծը:
ՀՀ պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինները, անկախ հանձնաժողովները պետք է քննության առնեն որոշման հավելվածները և անհրաժեշտության դեպքում մինչև 2014թ. դեկտեմբերի 12-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն հիմնավորված առաջարկություններ «ՀՀ 2015թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի տեքստային տարբերակը և ՀՀ 2015թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների ցուցանիշները լրամշակելու վերաբերյալ, մինչև 2014թ. դեկտեմբերի 16-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն ՀՀ 2015 թվականի պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկերը: