չորեքշաբթի, 7 մարտի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Հայաստանում Հոլանդիայի դեսպան Օննո Հաթինգա Վան'թ Սանտին: Վարչապետը գոհունակությամբ է նշել հայ-հոլանդական փոխգործակցության զարգացմանն ուղղված երկու երկրների կառավարությունների և դեսպանների ակտիվացող աշխատանքը, որն արդեն իսկ որոշակիորեն զգացվում է մի քանի ոլորտներում՝ էներգետիկա, գյուղատնտեսություն, ֆինանսների բնագավառ: Իբրև հեռանկարային ծրագիր և լավ օրինակ, ՀՀ վարչապետը ներկայացրեց վերջերս Հայաստանի ագրարագյուղացիական միության և Նիդեռլանդների Թագավորության FABSA ընկերության միջև սկիզբ առած համագործակցությունը գյուղատնտեսական մթերքների վերամշակման, արտադրության և արտահանման ծրագրի իրագործման ուղղությամբ:
Անդրանիկ Մարգարյանը հույս հայտնեց, որ փոխգործակցության ներկայիս շրջանակները կընդլայնվեն՝ ապահովելով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության փոխշահավետ մեծ ծավալներ:
Անդրանիկ Մարգարյանը դեսպան Օննո Հաթինգա Վան'թ Սանտից շնորհակալություն հայտնեց նաև երաշտի հետաևանքների վերացման նպատակով մեր երկրին հոլանդական կառավարության ցուցաբերած մեկ մլն դոլարի օգնության համար, որը 700 տոննա կարտոֆիլի տնկանյութի տեսքով կփոխանցվի ՄԱԿ-ի կառույցների միջոցով: Վարչապետը հույս հայտնեց, որ երկու երկրները կշարունակեն արդյունավետ համագործակցել և սերտացնել կապերը նաև միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության միջոցով:
Վարչապետը կարևորեց հուլիսին Փարիզում նախատեսվող դոնոր կազմակերպությունների հանդիպմանը ՆիդեՌլանդների Թագավորության գործուն մասնակցությունը:
ՀՀ-ում Հոլանդիայի դեսպանը վստահեցրեց, որ իր երկիրը կշարունակի համագործակցել Հայաստանի հետ՝ հնարավորինս աջակցելով նրան տնտեսական և քաղաքական ասպարեզներում:
Կարևորելով միջազգային ֆինանսական կազմակերպությունների, հատկապես ՀԲ-ի և ԱՄՀ-ի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը, դեսպանը նշեց, որ իր երկիրը հիմնականում օգնություն է տրամադրում այդ կառույցների խողովակներով և ուրախ է նրանց հետ Հայաստանի նման համագործակցության համար:
Ընդգծելով, որ Հայաստանը վերջին շրջանում մակրոտնտեսական բավականին լավ ցուցանիշներ է ապահովել, դեսպան Օննո Հաթինգա Վան'թ Սանտը դա լավ նախապայման համարեց՝ տնտեսության մեջ աստիճանաբար դրական տեղաշարժեր ունենալու համար:
Դեսպանի խնդրանքով հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը ներկայացրեց կառավարության մշակած և ընդունած աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի հիմնադրույթները, ՀՀ-ում քաղաքական ներկայիս իրավիճակը և ԼՂՀ հակամարտության կարգավորմանն ուղղված մեր երկրի ջանքերը, այդ թվում՝ Փարիզում ՀՀ նախագահի և Ադրբեջանի նախագահի վերջին հանդիպման այն տեղեկությունները, որոնք ԶԼՄ-ների միջոցով ստացվել են Փարիզից: