ուրբաթ, 12 դեկտեմբերի 2014
Հայաստանի և Վրաստանի վարչապետները նախաստորագրել են «Բարեկամության» կամուրջի կառուցման համաձայնագիրը
ՀՀ վարչապետի՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին Վրաստանի կառավարությունում այսօր նախաստորագրվել է համաձայնագիր «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման վերաբերյալ»: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի կառավարության անունից՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Վրաստանի կառավարության անունից՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Երկու երկրների վարչապետներն ստորագրել են նաև արձանագրություն՝ պայմանավորվածություն ձեռք բերելով առ այն, որ մինչև 2015 թ. վերոնշյալ համաձայնագիրը կստորագրվի, և Հայաստանի ու Վրաստանի միջև կառուցվելիք նոր կամուրջը կանվանվի «Բարեկամության» կամուրջ:
Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ կարևորել են Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցության խորացումը և ընդգծել, որ հայ-վրացական հարաբերություններում չկա որևէ հարց, որը հնարավոր չէ համատեղ քննարկել և փորձել լուծել:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Երևան: