հինգշաբթի, 15 հունվարի 2015
ՀՀ վարչապետ. «Ժողովուրդը պետք է տեսնի մեր աշխատանքի արդյունքը»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2015թ. առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստից առաջ վարչապետի առաջարկությամբ կառավարությունը հոտնկայս հարգել է Գյումրիում ոճրագործության զոհ դարձած մեր քաղաքացիների հիշատակը:
Հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:
Հաստատվել են ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և միջոցառումների հիմնավորումները, գերակա խնդիրները և դրանց հիմնավորումները:
Խնդրո առարկայի վերաբերյալ իր նկատառումներն է հայտնել վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Երեկ մենք բավական ժամանակ քննարկել ենք այս հարցը. կատարված է մեծ աշխատանք, կան նաև բացթողումներ: Գերակայությունները և միջոցառումները միայն պարտադիր, նվազագույն անելիք են: Ես ակնկալում եմ ավելին, ես ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն և նախանձախնդրություն: Մենք ունենք շատ խնդիրներ, և յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ թե թղթին հանձնված իր ծրագրի, այլ իր ոլորտի համար, տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, հարկերի, ծառայությունների որակի համար: Նախաձեռնողականության հետ մեկտեղ ես ակնկալում եմ աշխատանքի որակ և ամենակարևորը՝ կարգապահություն: Նախաձեռնողական, բայց հում և չմշակված փաստաթղթեր մեզ անհրաժեշտ չեն: Լինելու եմ խստապահանջ որակի նկատմամբ, և նախապես մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու: Ես այստեղ թղթաբանության համար չեմ. մենք պետք է արդյունքներ ապահովենք և ժողովուրդը պետք է մեր աշխատանքի արդյունքը տեսնի: Սա է իմ մոտեցումը, և ես պետք է խնդրեմ իմ գործընկերներին՝ այսուհետ նման մոտեցում ցուցաբերել»:
Հիմք ընդունելով «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածը, ՀՀ կառավարությունը հաստատել է մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածք ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որտեղ իրականացվող գործունեությունն ազատվում է հարկերից: Ցանկում ընդգրկված է Արարատի և Գեղարքունիքի մարզերի մեկական, Վայոց ձորի մարզի 5 և Տավուշի մարզի 24 համայնք: «Հաստատում ենք այն սահմանապահ համայնքների ցանկը, որոնց մենք արտոնություններ ենք տվել», - ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ որոշումն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից և մեծ աջակցություն է սահմանամերձ համայնքներին: Վարչապետը նշել է, որ վերջերս տեղի են ունեցել գնդակոծություններ, ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվարկում է վնասները եւ կառավարությունը փոխհատուցելու է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վնասներ են կրել այդ գնդակոծությունների հետևանքով: «Մենք շատ ուշադիր ենք և այսուհետ ևս շատ ուշադիր ենք լինելու բոլոր սահմանամերձ համայնքների ազգաբնակչության հոգսերի նկատմամբ», - եզրափակել է Հովիկ Աբրահամյանը:
Կշարունակվի դրամական ավանդների փոխհատուցումը
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված՝ մինչև 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից և ՀՀ սահմանամերձ համայնքներում հաշվառված անձանց նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց:
Գործադիրն հաստատել է ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների՝ հաշվի առնելով ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության համար հատկացված միջոցները, ընտանեկան նպաստի բազային մասի, երեխաներին տրվող հավելումների, հրատապ օգնության, սոցիալական նպաստի, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը պետական աջակցություն կստանա
ՀՀ կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2015թ. ծրագիրը, որի ընդունման և իրականացման նպատակն է աջակցել տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ ոլորտի կայացմանը: Ծրագիրն իրականացվելու է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ, Հայաստանի ՏՏ ոլորտին աջակցող կառույցների՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության միջոցով՝ ՀՀ պետբյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված համաձայնագրով առաջիկա 5 տարում Հայաստանի ութ մարզի մոտ 100 համայնքում, այդ թվում լեռնային վայրերում, իրականացվելու են արոտավայրերի ջրարբիացման ծրագրեր: Նիստում ընդունված որոշմամբ կարգավորվում է ճանապարհների բացակայության կամ դժվարանցանելի լինելու պատճառով շինանյութերի բեռնափոխադրման լրացուցիչ ծախսի փոխհատուցման խնդիրը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնցով կարգավորվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով ՀՀ վարչական սահմանում գտնվող բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում եղած սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործընթացը:
Անշարժ գույք է տրամադրվել տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնին
Կառավարության որոշմամբ «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին են հատկացվել Աբովյան քաղաքի Արզնու խճուղու 10 հասցեում գտնվող շենք-շինությունները: Նիստում ընդունվել է նաև գյուղական բնակավայրերում գործող առողջապահական ՓԲԸ-ները վերակազմակերպելու որոշում, որը թույլ կտա պարզեցնել ֆինանսավորման և հաշվետվողականության գործող մեխանիզմները, բարձրացնել ֆինանսական կառավարման արդյունավետությունը:
Նախկինում ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի պետական բաժնեմասի կառավարումը վերապահել է ՀՀ առողջապահության նախարարությանը:
Կառավարության որոշմամբ բնագավառի միակ կառույցին՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին վերապահվել են ձեռնարկատիրական գործունեության իրականացման մի շարք նոր գործառույթներ, որոնք հնարավորություն կտան ընդլայնել կառույցի գործունեության շրջանակը, կատարել արտերկրի պատվերներ, վերապատրաստել երիտասարդ մասնագետների: Նիստում որոշվել է չորս տարով երկարաձգել Արարատի մարզի «Արտաշատ» մայրաքաղաք» հուշարձանի տարածքում արգելոց ստեղծելու նախկին որոշման ժամկետը՝ նկատի առնելով գործընթացի տևական և ժամանակատար բնույթը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ կբարելավվեն «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի շենքային պայմանները. հնարավոր կլինի Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացնել «Մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխման շարունակություն և զբաղվածության հայեցակարգի մշակում» ծրագիրը:
Գործադիրը որոշել է Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում և Գյումրի քաղաքի «Շիրակի օդանավակայան» ՓԲԸ հանրակացարանային մասնաշենքում բնակվող երեք ընտանիքի նվիրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:
Կբացառվի օրենքի տարընթերցումը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ակնկալվում է, որ դրանով իսկ սույն օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն «Էներգետիկայի մասին», «Հավատարմագրման մասին» և «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքների դրույթներին, էներգետիկայի բնագավառում ստեղծված փաստացի իրավիճակին:
Երևանի վարչական տարածքում կան մեկ տասնյակից ավելի վայրեր, որտեղ մատուցվում են հոգեհանգստի հետ կապված ծառայություններ: Դրանց մի մասը գտնվում է քաղաքի բանուկ հատվածներում, բազմաբնակարան շենքերի և դպրոցների հարևանությամբ և առաջացնում է բնակիչների արդարացված դժգոհությունը: Նկատի առնելով այս հանգամանքը, կառավարությունը հավանություն է տվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է կանոնակարգել հոգեհանգստի ծառայության իրականացմանն առնչվող հարաբերությունները:
Գործադիրը քննարկել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արա Բաբլոյանը: Օրինագծի նպատակն է հստակեցնել մի շարք համայնքների տրվող սուբվենցիաների ուղղությունները և միջոցների օգտագործման նպատակայնությունը: Կառավարությունը օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Այլ հարցեր
ՀՀ կառավարությունը հաստատել է Վայոց ձորի, Արարատի և Կոտայքի մարզերի 2015-2018թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Դրանք միտված են աղքատության կրճատմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ՓՄՁ-ների զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք ուղղված են օգտակար հանածոների իրացման համար ավելի արդարացված բեռի սահմանմանը՝ բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափերի կիսով չափ բարձրացմամբ:
Ավելի վաղ ընդունած իր որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է, որ հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների թաղման, գերեզմանի բարեկարգման, մահարձանի և հուշատախտակի պատրաստման և տեղադրման ծախսերը կատարվում են ոչ թե կառավարության, այլ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետբյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցների հաշվին: Նոր կարգը ավելի պարզեցված է և ժամանակի առումով ավելի կարճ:
Նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարարին առաջարկվել է կառավարությանը տեղեկություն տալ Երևանի Սբ. Աստվածամայր բժշկական կենտրոնում գտնվող գյումրեցի երեխայի՝ Սերյոժա Ավետիսյանի վիճակի մասին: Նախարարը, մասնավորապես նշել է, որ երեխայի վիճակը մնում է կայուն ծանր: Նա ապահովված է անհրաժեշտ դեղորայքով, պարագաներով, սարքավորումներով: Առաջատար մասնագետներն օրը երկու անգամ անցկացնում են խորհրդակցություն: Այսօր առավոտվա լաբորատոր տվյալների համաձայն աննշան դրական փոփոխություն կա: Մոտակա երկու-երեք օրը երեխան շնչելու է շնչառական արհեստական սարքի օգնությամբ: