երեքշաբթի, 10 մարտի 2015
Կբարձրանա տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը (ՕԿԱԿ) ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխման խորհրդի հանձնարարությամբ ուսումնասիրել է տարբեր ոլորտները կարգավորող իրավական ակտերը: Հարկային ոլորտը կարգավորող իրավական ակտերի ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ ՀՀ կառավարության նախկին որոշումներից մեկով սահմանված 1997թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հարկային ապառքների պայմանագրային մարման կարգն այլևս չի գործում: Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նշված որոշումը: ՕԿԱԿ-ի պատրաստած որոշման նախագծերը բավական շատ են և ընդգրկում են տնտեսական գործունեության տարբեր ոլորտներ: Դրանք միտված են տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացմանը, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացմանը, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավմանն ու պարզեցմանը, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատկան մարմիններին հանձնարարել է կառավարության առաջիկա նիստերի օրակարգ մտցնել այդ նախագծերը և համապատասխան լուծում տալ դրանց:
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ մարզպետարաններին և համայնքներին է բաշխել ՀՀ 2015թ. պետբյուջեով նախատեսված տեղական ինքնակառավարման մարմիններին պետական աջակցության նպատակով հատկացված 2 մլրդ 300 մլն դրամ գումարը: Համայնքների բյուջեներում նախատեսված չի եղել 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված նվազագույն աշխատավարձ ստացողների նպատակային սոցվճարով պայմանավորված լրացուցիչ բյուջետային ծախսը: Բացի այդ, կառավարությունը նախատեսել է փոխհատուցել համայնքապետարանների, համայնքային բյուջետային հիմնարկների և համայնքի բյուջեից ֆինանսավորվող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների նվազագույն աշխատավարձի, էլեկտրաէներգիայի և գազի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերը:
Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել «Երևանի Հր. Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարելու իր որոշման մեջ: Մասնավորապես, առաջարկվել է լուծարումից հետո ՀՀ սեփականությանն անցած գույքը նվիրել Երևանի քաղաքային համայնքին: Նկատելով, որ մայրաքաղաքի դպրոցները շատ նվիրատուներ ունեն, վարչապետն առաջարկել է դպրոցական գույքը նվիրել սահմանամերձ համայնքների դպրոցներին, ինչը կառավարությունն ընդունել է:
Կվերակառուցվի Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նոր համալիրը
ՀՀ կառավարությունը 2015թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություն և լրացում իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նոր համալիրի շինարարական աշխատանքներին այս փուլում հատկացնելով ավելի քան 264 մլն դրամ: Կառույցն ավարտին հասցնելու համար կպահանջվի շուրջ 990 մլն դրամ: Նոր համալիրում կտեղակայվեն նախարարության բոլոր ծառայությունները՝ ազատելով քաղաքի տարբեր թաղամասերում գտնվող իրենց շենք-շինությունները: Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է օտարել նախարարության ստորաբաժանումների զբաղեցրած շենքերի մի մասը և ստացված գումարով ավարտին հասցնել նոր համալիրի շինարարությունը:
Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի մարզադպրոցի 300 հանդիսատեսի համար նախատեսված տրիբունայի և Հայաստանի գրողների միության 300 տեղանոց մեծ դահլիճի նորոգման և վերազինման նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացվել է մոտ 41 մլն դրամ: Եվս մոտ 13 մլն դրամ է տրամադրվել Հովհ. Թումանյանի թանգարանի շենքի ջեռուցման համակարգի կառուցման նպատակով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել եվրապարտատոմսերի թողարկման ազդագրին, եվրապարտատոմսերի թողարկման գլխավոր տեղաբաշխողների խմբի հետ կնքվելիք բաժանորդագրության և պարտավորությունների կառավարման պայմանագրերին, մի շարք այլ փաստաթղթերի: Դրանով իսկ կարգավորվում են իրավահարաբերությունները գլխավոր տեղաբաշխողների խմբի, ֆիսկալ գործավարի, գործընթացին առնչվող այլ սուբյեկտների հետ:
Կառավարության որոշմամբ բարդ կլիմայական պայմաններում (հաճախակի մառախուղ, մերկասառույց), ինչպես նաև ծովի մակերևույթից 1000 մետր և ավելի բարձր գտնվող լեռնային տեղանքի հանքերի ավտոճանապարհների թույլատրելի առավելագույն թեքությունը ներկայիս 70-90 տոկոսի փոխարեն սահմանվել է 100 տոկոս: Բացի այն, որ դրանով բաց հանքերի ճանապարհների անվտանգությունը չի տուժի, հանքափոսի ծավալի նվազեցման շնորհիվ կնվազեցվի դատարկ ապարի ծավալը, ուստի և՝ բնությանը պատճառվող վնասը, կավելանա հանքերի շահութաբերությունը:
Հայրենիքում կվերապատրաստվի 250 սփյուռքահայ ուսուցիչ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սփյուռքի ամառային դպրոց» 2015թ. ծրագրին, որի համաձայն ս.թ. վեց դասընթացներում կվերապատրաստվի մինչև 250 սփյուռքահայ ուսուցիչ: Հավանություն է ստացել սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015թ. ծրագիրը, ըստ որի ակնկալվում է մինչև 1100 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան:
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում ՀՀ ներկայացուցչի գործունեության կանոնակարգը,
-ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող ՀՀ լիազոր պետական կառավարման մարմինների ցանկն ըստ ոլորտների, որը թելադրված է ԵՏՄ իրավական ակտերից բխող համաձայնագրերի և դրանցից բխող որոշումների կիրառման պարտավորությամբ:
Նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև Բելառուսի Հանրապետությունում ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ ներկայացուցչության հիմնման, արտոնությունների և իմունիտետի մասին» համաձայնագիրը:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության կառավարությունների միչև քաղաքացիական ավիացիայի տրանսպորտի մասին 1998թ. հունվարի 27-ին կնքված համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթի վերանայումը պայմանավորված է Հայաստանի ավիացիայի ոլորտի նոր՝ «Բաց երկնքի» քաղաքականության իրականացման և երկու երկրների ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորման անհրաժեշտությամբ:
Կներդրվի հաշտարարության ինստիտուտը
Կառավարության հավանությունն են ստացել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում» և ևս չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնք միտված են վեճի արտադատական կարգով լուծման ինստիտուտների զարգացմանն ու ներդրմանը: Եվ եթե դրանցից երկուսը՝ արբիտրաժը և ֆինանսական համակարգի հաշտարարը, Հայաստանում իրավական կարգավորում ստացել են, ապա երրորդը՝ հաշտարարությունը, ընդհանրապես բացակայում է: Առաջարկվող փոփոխություններն ու լրացումները նախ և առաջ ուղղված են հաշտարարության ինստիտուտի ներդրմանը:
Կառավարության հավանությանն է արժանացել «Էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը կնպաստի բնապահպանական կրթության և դաստիարակության օրենսդրական դաշտի կատարելագործմանը:
Գործադիրը հավանություն է տվել «Սպառողական կրեդիտավորման մասին» և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունման նպատակն է օրենսդրորեն կարգավորել գյուղատնտեսության ոլորտի վարկային հարաբերությունները:
Կառավարությունը քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նախագծով առաջարկվում է կառավարությանը վերապահել ֆրանչայզինգի պայմանագրի գրանցման կարգի սահմանումը, ինչը հնարավոր կդարձնի այդ տեսակի պայմանագրերի կնքումը Հայաստանում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ տնտեսվարող սուբյեկտների համար: ՀՀ կառավարությունն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի պատգամավորի ներկայացրած նախագիծը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Այլ որոշումներ
Գործադիրը սահմանել է ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 19-ի որոշմամբ չնախատեսված, սակայն հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային տարածման համար արբանյակային ունակության վարձակալության ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ նորմեր:
ՀՀ կառավարության որոշմամբ մարզական կոչումների և մարզական կարգերի շնորհման չափորոշիչները համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին:
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում 2009թ. ներդրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության շնորհիվ կատարողական վարույթներով կայացված որոշումները պահպանվում են նաև էլեկտրոնային տեսքով, ուստի վերացել է թղթային կրիչով փաստաթղթերի երկարատև պահպանության անհրաժեշտությունը: Կառավարությունը որոշել է մինչև 100 հազար դրամ բռնագանձման ենթակա կատարողական վարույթների պահպանման ժամկետը կրճատել՝ կարճված վարույթի համար սահմանելով 1 տարի, ավարտված վարույթի համար՝ 3 տարի: Բոլոր կարճված վարույթների պահպանման ժամկետը 5-ի փոխարեն սահմանվել է 3 տարի: