չորեքշաբթի, 1 ապրիլի 2015
Ներկայացվել են քրեակատարողական ծառայության ոլորտում 2014թ. իրականացված աշխատանքների արդյունքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ արդարադատութան նախարարության քրեակատարողական ծառայության ոլորտում 2014թ. ընթացքում իրականացված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Անդրադարձ է կատարվել նաև քրեակատարողական համակարգում այս տարի նախատեսվող ծրագրերին:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը նշել է, որ հանրապետությունում գործող 11 քրեակատարողական հիմնարկներում 2014 թ. ընթացքում պահվել է 2 հազար 767 դատապարտյալ և 1113 կալանավորված անձ: Քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը լուծելու նպատակով նախորդ տարվա նոյեմբերին շահագործման է հանձնվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը, որը նախատեսված է 400 դատապարտյալի համար: Մինչ 2015 թ. վերջ շահագործման կհանձնվի ևս 800 դատապարտյալի համար նախատեսված երկու մասնաշենքերից բաղկացած հատվածը, ինչը հնարավորություն կտա լուծել բոլոր քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը:
Քրեակատարողական համակարգի ենթակառուցվածքային խնդիրների լուծման նպատակով իրականացվել են ՔԿ-ների կենցաղային պայմանների բարելավման, ընթացիկ վերանորոգման և անխափան շահագործման համար համապատասխան աշխատանքներ:
Արթուր Օսիկյանը զեկուցել է, որ ՔԿ-ներում համապատասխան աշխատանքներ են տարվել նաև էլեկտրոնային համակարգերի ներդրման ուղղությամբ: Մասնավորապես, ներդրվել է առցանց էլեկտրոնային հանձնուքի համակարգը, ինչը կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, դատապարտյալ-ՔԿ ծառայող շփումը: Նվազագույնի կհասցվի նաև արգելված իրերը քրեակատարողական հիմնարկ անցկացնելու հնարավորությունը:
Կալանավորված անձանց և դատապարտյալներին մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների շրջանակում իրականացվել են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, ինչպես նաև տուբերկուլոզի կանխարգելման շարունակական ծրագրեր: ՀՀ ԱՆ-ը Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի հետ կիրականացնի նաև քրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանումների նյութատեխնիկական բազայի բարելավման աշխատանքներ: Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարարության հետ ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում «Մարդասիրական օգնության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից քրեակատարողական վարչությանը եռամսյակային կտրվածքով տրամադրվում են անվճար դեղամիջոցներ:
Աշխատանքներ են իրականացվել նաև ՔԿ-ների էներգետիկ ծախսերը նվազեցնելու ուղղությամբ: Ծրագիրը կիրականացվի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ համագործակցությամբ: Բոլոր ՔԿ-ներում կազմակերպվել են մշակութային մի շարք միջոցառումներ:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է համակարգում շարունակական բարեփոխումների իրականացումը՝ ուղղված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ՔԿ-ների գերբեռնվածության խնդրի լուծմանը, դատապարտյալների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, տրամադրվող սննդի որակի ապահովմանը և առկա հիմնախնդիրների լուծմանը: «Պետք է անել ամեն ինչ՝ դատապարտյալների խնդիրների լուծման, ՔԿ-ներում առկա պայմանների բարելավման և համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ: Այդ առումով, մեծապես կարևորում եմ պրոբացիոն ծառայության ներդրումը: Այս բարեփոխումը լինելու է մեր հետևողական ուշադրության կենտրոնում: Ակնկալում եմ, որ 2015 թվականը կլինի ձեռքբերումների տարի»,-ասել է վարչապետը: