ուրբաթ, 10 ապրիլի 2015
Տեղի է ունեցել ՀՏԶՀ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավարությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ամփոփվել է Հայաստանի սոցներդրումների ծրագիրը, ներկայացվել Տարածքային զարգացման հիմնադրամը և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրը:
Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը խորհրդին է ներկայացրել Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) 3-րդ ծրագրի արդյունքները: Զեկուցվել է, որ 2006թ.-ից ի վեր հիմնադրամը երկրի վարչական 184 համայնքում իրականացրել է ենթակառուցվածքների վերականգնման 319 ծրագիր: Ավարտված ծրագրերի 41 տոկոսն առնչվում է հանրակրթական և մասնագիտական դպրոցներին, 28 տոկոսը՝ գյուղական բնակավայրերի համայնքային կենտրոններին և մշակույթի տներին, 14 տոկոսը՝ մանկապարտեզներին և այլն:
Նշվել է, որ 2014թ. կառավարությունը ՀԲ-ի հետ ձեռնամուխ է եղել ՀՍՆՀ-ի հետագա զարգացման ռազմավարության մշակմանը: ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ՀՍՆՀ-ն վերանվանվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ, հաստատվել է նոր կանոնադրությունը, հոգաբարձուների կազմը: ՀԲ-ի ֆինանսավորմամբ նախատեսված Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի իրականացման իրավասությունը վերապահվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:
Տեղեկացվել է, որ Հայաստանի սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի իրականացման նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) հետ կնքվել է համապատասխան համաձայնագիր՝ անհրաժեշտ միջոցներ ներգրավելու նպատակով: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` միտված ենթակառուցվածքների վերականգնմանը և տեղական զարգացմանը:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ծրագրի արդյունավետ իրականացումը և ընդգծել, որ այն պետք է կյանքի կոչվի՝ ըստ սահմանված ժամանակացույցի: