ուրբաթ, 10 ապրիլի 2015
Տեղի է ունեցել Կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերի խորհրդի նիստ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերի խորհրդի նիստ:
Օրակարգի առաջին հարցով մանրամասներ են ներկայացվել «ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանը Նյու Յորքում» աշխատանքային ծրագրի արդյունքների և ընդունված քաղաքական հռչակագրի վերաբերյալ: Նշվել է, որ նստաշրջանը նվիրված է եղել 1995 թ. ընդունված Պեկինի հռչակագրի ու գործողությունների ծրագրի 20-ամյակին՝ դրա իրականացման ընթացքը, ձեռքբերումներն ու խնդիրները գնահատելու, ինչպես նաև հետագա քայլերը քննարկելու համար: Նստաշրջանում ընդունված քաղաքական հռչակագրով նախանշվել է, որ մինչև 2030 թվականը պետությունները պետք է իրականացնեն բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասարությանը հասնելու քաղաքականություն: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկույցը:
Հաջորդիվ քննարկվել են Կանանց և տղամարդկանց հավասարության գործող ռազմավարական ծրագրի (2011-2015 թթ.) իրականացման արդյունքները: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն անդրադարձել են նոր ռազմավարության մշակման անհրաժեշտությանը: Նիստում ներկայացվել են նաև «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի 2015 թ. մրցանակաբաշխության արդյունքները: Մեկ այլ հարցով հաստատվել են Կանանց և տղամարդկանց հավասարության հիմնահարցերի խորհրդի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անհատական կազմը և աշխատակարգը:
Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևորել է կանանց ներգրավվածությունը պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև գործարար կանանց համար գործունեության նպաստավոր պայմանների ստեղծումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետևողական լինել նշված ուղղություններով տարբեր ծրագրերի իրականացմանը և տվել համապատասխան հանձնարարականներ: