չորեքշաբթի, 22 ապրիլի 2015
Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն սկսվել է 50 տարի առաջ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև 2014թ. հուլիսի 9-ին ստորագրված համագործակցության շրջանակային համաձայնագրին: Համաձայնագրին հավանություն տալը խորհրդանշական է, քանի որ աշխարհի տարբեր կետերում քաղաքակիրթ մարդկությունը այս օրերին հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և դատապարտում մարդկության դեմ իրականացված հրեշավոր այդ հանցագործությունը: Խորհրդանշական է այն առումով, որ Ուրուգվայն առաջին պետությունն էր, որն ուղիղ հիսուն տարի առաջ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս առնչությամբ նշել է. «Իրոք, մենք պարտական ենք Ուրուգվայի իշխանություններին, ժողովրդին այդ գնահատականի համար, որ դեռ հիսուն տարի առաջ առաջին երկիրն էր աշխարհի երկու տասնյակից ավելի երկրների թվում, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը»:
Կտարանջատվեն ավիացիայի ոլորտը կարգավորող լիազորված մարմինները
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որի նպատակն է հստակ տարանջատել քաղավիացիայի ոլորտը կարգավորող լիազորված մարմինների գործառույթները, համապատասխան փոփոխություն կատարել ավիափոխադրողների հավաստագրման գործընթացում, ինչը կնպաստի ոլորտի իրավահարաբերությունների արդյունավետ կանոնակարգմանը:
Նիստում հավանության է արժանացել «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը հնարավորություն կտա արտահանման ոլորտ ներգրավել փոխառություններ, որոնք կապահովեն արտահանման ճյուղերի ֆինանսական կայունությունը, իսկ եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա այդ աշխատանքում ներգրավել նաև ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատուժ՝ անկախ աշխատանքի իրականացման վայրից: Նախագծի վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, արտահայտվել են նոր գաղափարներ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ի մի բերել արված առաջարկությունները և երկօրյա ժամկետում ամբողջացնել փաստաթուղթը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը մշակել է օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը: Նախագծի ընդունման դեպքում հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնողներն իրենց ելակետային տվյալները հարկային մարմին կներկայացնեն միայն գործունեությունն սկսելուց առաջ և փոփոխության դեպքում, հայտարարությունը և դիմումները հնարավոր կլինի ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով, բացառապես հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնողներն այլևս չեն ներկայացնի շահութահարկի հաշվարկ:
Նիստում հավանություն է տրվել «Շահումով խաղերի և խաղատների մասին» և ևս երկու օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով ակնկալվում է կատարելագործել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և վերահսկողության մեխանիզմները:
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը իրավակիրառական պրակտիկայում ծագած խնդիրների լուծման, օրենսգրքի ոչ հստակ, տարաբնույթ ընկալումների տեղիք տվող դրույթների հստակեցման, ինչպես նաև վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի և ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին օրենսգրքի դրույթների համապատասխանեցման անհրաժեշտությունն է:
Կառավարությունը քննարկել է «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային Ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա առաջարկել է ներդրումային ծրագրերով, օրենքով նշված ապրանքներից բացի, այլ ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը 2015թ. հոկտեմբերի 1-ից ներկայիս 3-ի փոխարեն հետաձգել 5 տարով: Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագիծը և հիմնավորել է իր բացասական եզրակացությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Աջակցություն են ստանում սահմանամերձ բնակավայրերը
ՀՀ կառավարությունը որոշել է 2015թ. փետրվարի 2-20-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի 8 բնակավայրերի՝ գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով Տավուշի մարզպետարանին հատկացնել ավելի քանի 3.7 մլն դրամ:
Կառավարությունը ոռոգման նպատակով Սևանա լճից 2015թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի բաց թողնման չափաքանակը սահմանել է մինչև 170 մլն խոր. մետր:
Նիստում ի գիտություն է ընդունվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պահուստների 2014թ. համալրման և ծախսման հաշվետվությունը, ըստ որի պետական գանձարանը 2014թ. ընթացքում կատարել է թանկարժեք մետաղների և քարերի ընդունման երկու և բաց թողնման մեկ գործարք: Պետական պահուստը համալրվել է 4445.65 գրամ կշռով արծաթյա իրերով, 253.3 գրամ պլատինով, 1177.4 գրամ արհեստական քարերով:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2014թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծին:
ՀՀ կառավարության 2013թ. նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման համաձայն 2014թ. հունվարի 29-ին կնքվել է ՓԲԸ-ի գույքի առուվաճառքի պայմանագիրը: Դրանից հետո գույքի վերջնական հանձնում տեղի չի ունեցել և գործարքը չի ավարտվել, քանի որ կողմերը վերսկսել են բանակցությունը, քննարկել պայմանագրի որոշակի դրույթներ և վերաձևակերպել դրանք:
Արարատի մարզի Լանջազատ համայնքի բնակչության բուժսպասարկումը բարելավելու նպատակով հիմնվել է «Լանջազատի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը կսպասարկի նաև Բարձրաշենի բնակչությանը:
Կառավարությունը հաստատել է դպրոցական տարբեր ծրագրերի գծով 2015թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների օգտագործման ուղղությունները: Արդյունքում տարրական դասարանների աշակերտները կապահովվեն անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ, ավագ դպրոցները կհամալրվեն նոր դասագրքերով, ռազմագիտական կաբինետները՝ նոր ուսումնական նյութերով, հատուկ դպրոցների սաները կապահովվեն նախատեսված ծրագրերով, ձեռնարկներով, ուսումնական այլ նյութերով:
Կառուցվում է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Միջազգային կազմակերպության հետ Եվրոպական Միության օժանդակության համաձայնագրով («Աջակցություն Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի Երևան-Բավրա հատվածին) ՀՀ-ի համար նախատեսված իրավունքների և պարտավորությունների ստանձնմանը: Նշված ճանապարհային միջանցքի 3-րդ տրանշի ֆինանսավորման նպատակով Ասիական զարգացման բանկը տրամադրել է 100 մլն ԱՄՆ դոլարի վարկ: Եվս 60 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ է տրամադրել եվրոպական ներդրումային բանկը: Ծրագրի համաֆինանսավորման նպատակով նախատեսված էր նաև Եվրոպական Միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով ստանալ 12 մլն եվրո դրամաշնորհ, որը կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը և կուղղվի 3-րդ տրանշի Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն ու վերահսկողությանը, ինչպես նաև Հյուսիսային տրանշի նպատակայնության ուսումնասիրությանն ու նախագծմանը:
Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի շինարարության նախագծի ֆինանսավորման ներդրումային վարկի համաձայնագրին: Փաստաթղթի կնքումը թույլ կտա ապահովել ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի անընդհատությունը՝ իրականացնելով Ագարակից դեպի Քաջարան հատվածի բարելավումը, վերակառուցումը և լայնացումը:
Չինաստանի զբոսաշրջիկների դեպի Հայաստան խմբային ճանապարհորդության արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է 2014թ. հուլիսի 15-ին կնքված համապատասխան հուշագրի պատշաճ կատարումը: ՉԺՀ օրենսդրության համաձայն Չինաստանից զբոսաշրջային խմբերով կազմակերպված ուղևորություն հնարավոր է իրականացնել դեպի այն երկրներ, որոնք Չինաստանի կառավարությունից ստացել են հատուկ՝ «Երաշխավորված զբոսաշրջային երկիր» կարգավիճակ, ինչպիսին ունի նաև Հայաստանը:
Այլ որոշումներ
ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավար Կարապետ Գուլոյանի լիազորությունները, սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Աբովյանի քաղաքային համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Իր լիազորությունները դադարեցնելու դիմում Կ. Գուլոյանը ներկայացրել է ս.թ. ապրիլի 1-ին: