Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 հուլիսի 2015

Կառավարության որոշմամբ ստուգումների թիվը կրճատվել է ավելի քան 90 տոկոսով






Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նիստից առաջ վարչապետի հանձնարարությամբ հաղորդումով հանդես է եկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը: Նա տեղեկացրել է, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձերի վճարումը շարունակվում է եւ առաջիկա 1-2 օրերի ընթացքում կվճարվեն : Որևէ խոչընդոտ, այդ թվում՝ ֆինանսական խնդիր չկա:
Կառավարությունը, հաստատելով օրակարգը, ձեռնամուխ է եղել մյուս հարցերի քննարկմանը:
ՀՀ կառավարության նախորդ նիստում վարչապետը հանձնարարել էր նվազագույնի հասցնել տնտեսվարող սուբյեկտների ստուգումների քանակը: Այդ նպատակով անցած շաբաթվա ընթացքում կազմակերպվել են քննարկումներ շահագրգիռ բոլոր գերատեսչությունների մասնակցությամբ, լսվել են ներկայացված առաջարկները և արդյունքում ձևավորվել է որոշման նախագիծ, որը կառավարությանն է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ընդունված որոշմամբ մինչև 2016թ. հունվարի 1-ը կտրուկ սահմանափակվել են բոլոր տեսչական մարմինների կողմից իրականացվող ստուգումները, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների ստուգումների: Տեսչական բարեփոխումների ընթացքում արդեն իսկ ստուգումներն իրականացվում էին բացառապես ստուգաթերթրի հիման վրա, ինչն արդեն էականորեն սահմանափակել է տեսչական մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտներին առաջադրվող խնդիրների քանակը: Եթե այժմ տեսչական մարմինները գործադրում են մոտավորապես 170 ստուգաթերթ, ապա այս որոշմամբ մինչև տարեվերջ կասեցվում է 170 ստուգաթերթի մոտավորապես 90 տոկոսը: Մնացած 10 տոկոսի դեպքում թույլ է տրվել ստուգումներն իրականացնել միմիայն բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարող սուբյեկտների մոտ, ինչպես օրինակ՝ ավտոգազալցակայանները և այլն: Ընդ որում թյուրիմացություններից և տարամեկնաբանություններից խուսափելու համար այն ստուգաթեթերը, որոնք շարունակելու են գործել բարձր ռիսկային խմբի մոտ, կցվելու են այս որոշմանը որպես հավելված: Փաստորեն, տոկոսային հարաբերությամբ, կիրառվելու է ստուգաթերթերի ընդամենը 10 տոկոսը բարձր ռիսկային խմբում, բայց ստուգաթերթերի տոկոսը դեռևս խոսուն չէ: Իրականում, սրանով կրճատվելու է ստուգումների 98 տոկոսը: Ստուգումների սահմանափակումը չի վերաբերելու միայն այն հիմնարկներին և բաժնետիրական ընկերություններին, որոնք պետական սեփականություն են և չեն մասնակցում տնտեսական արդյունքի ստեղծմանը: Ստուգում կարող է իրականացվել նաև այն դեպքերում, երբ ստուգումը պայմանավորված է քրեական դատավարության օրենսգրքով կամ, երբ ստուգման պահանջով դիմել են տնտեսվարող սուբյեկտները: Շարունակվելու են ստուգումները մանկապարտեզներում և դպրոցներում՝ երեխաների անվտանգ և որակյալ սննդի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով կամ այն ժամանակ, երբ կասեցված հատվածում կարող են հայտնվել այնպիսի դեպքեր, որոնք էական վտանգ են սպառնում հանրային անվտանգությանը, այլոց իրավունքներին, կյանքին և առողջությանը:
Նման դեպքերում համապատասխան տեսչական մարմինը պետք է նախապես հիմնավորումներ ներկայացնի, թե ինչու պետք է իրականացվի այս կամ այն ստուգումը, հիմնավորումները պետք է պարունակեն ստուգման անհրաժեշտության առաջացման պատճառը և ռիսկի գործոնները, առկա իրավիճակի նկարագիրը, ստուգում չիրականացնելու հնարավոր վտանգները և ստուգման իրականացման արդյունքում ակնկալվող արդյունքները: Այդ բոլոր հիմնավորումները ներկայացվելու են ՀՀ վարչապետին, որի գրավոր համաձայնության դեպքում միայն թույլատրվելու է համապատասխան ստուգումը: Որպեսզի ապահովվեն գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողությունը և թափանցիկությունը, հիմնավորումները և համաձայնությունը կամ մերժումը տեղադրվելու են կառավարության ինտերնետային կայքում:
Այնուհետև զեկուցող Դավիթ Հարությունյանը հավելել է. «Հաջորդ սկզբունքային առաջարկությունը կապված է վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի հիման վրա վարույթի ընթացքում կիրառվող այցերի հետ: Գաղտնիք չէ, որ շատ հաճախ մենք դա անվանվում ենք թեժ գիծ կամ նման մի բան, սկսվում է վարչական վարույթ, որի ընթացքում տնտեսվարող սուբյեկտների մոտ սկսվում են այցերը: Դրանք մեծ մասամբ վերածվում են լայնամասշտաբ ստուգումների՝ դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով: Հաշվի առնելով, որ պարոն վարչապետը համարում է դա շատ արատավոր մոտեցում, առաջարկվում է բոլոր այն դեպքերում, երբ վարչական վարույթի ընթացքում անհրաժեշտություն կա այցելելու տնտեսվարող սուբյեկտին, այդ դեպքերում պետք է ապահովենք ոչ միայն օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, այլև ինքնին այդ այցելությունը պետք է նույնպես համաձայնեցվի վերը նշված կարգով: Այսինքն, պետք է տեսչական մարմինները դիմեն, հիմնավորեն և ստանան վարչապետի համաձայնությունը: Այսպիսով կարելի է ասել, որ որոշման ընդունմամբ էականորեն կնվազի տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող ստուգումների քանակը և որոշ դեպքերում, ինչու ոչ, նաև անհարկի միջամտությունը նրանց բնականոն գործունեությանը»:
Հարցի քննարկումն ամփոփել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը. «Ես կարծում եմ, որ այս որոշման ընդունումը շատ կարևոր է և դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի բարելավման վրա: Այդ առումով հանձնարարում եմ բոլոր նախարարներին՝ խստագույնս հետևել օրենքի տառին և այս որոշմամբ սահմանված կարգավորումներին: Մյուս կողմից՝ հորդորում եմ մեր տնտեսվարող սուբյեկտներին որոշման պահանջները տեսչական մարմինների կողմից չպահպանելու դեպքերում գրավոր դիմել համապատասխան նախարարին կամ կառավարության աշխատակազմ, որին, երաշխավորում եմ, սահմանված կարգով ընթացք կտրվի ՀՀ վարչապետի վերահսկողության ծառայության կողմից:
Իսկ ինչ վերաբերում է հարկային ստուգումներին. կարևորելով պետական բյուջեի եկամուտների ապահովման խնդիրը՝ ֆինանսների նախարարության կողմից անցկացվող հսկողական միջոցառումները պետք է իրականացնել բացառապես ստվերային շրջանառության առկայության դեպքերում, ռիսկերի կառավարման համակարգի հիման վրա, ֆինանսական ցածր կարգապահություն դրսևորող հարկ վճարողների նկատմամբ: Հանձնարարում եմ ֆինանսների նախարարին՝ վերանայել ռիսկայնության չափանիշները՝ նպատակ հետապնդելով նվազեցնելու ստուգումների քանակը:
Միաժամանակ հորդորում եմ հարկ վճարողներին՝ լինել բարեխիղճ, չխուսափել հարկերը ճիշտ և ժամանակին վճարելուց, բարձրացնել ֆինանսական կարգապահությունը, ինչը հնարավորություն կտա նրանց նկատմամբ նվազեցնել ստուգումները: Դա շատ կարևոր քայլ է, և մեր տարածաշրջանի այսօրվա տնտեսական այս իրավիճակում և ընդհանրապես աշխարհում ընթացող այս խնդիրների համատեքստում սա մի քայլ է, որով մենք կաջակցենք մեր տնտեսության ակտիվացմանը»:

Որոշմամբ սահմանվել է, որ 2015թ. օգոստոսի 1-ի դրությամբ իրականացվող ստուգումները, բացի վերը նշված դեպքերի, կասեցվում են: Ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2009թ. մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» որոշումը:


Հայ ձեռներեցները կօգտվեն նաև Եվրամիության ծրագրերից


Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (2014-2020թթ.)» Միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի հիմնական նպատակն է Հայաստանի ՓՄՁ սուբյեկտներին հնարավորություն տալ օգտվելու Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ այս ծրագրի մասին ինքը խոսել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ, ով նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել ծրագրին. «Ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանյան ՓՄՁ սուբյեկտներին՝ օգտվելու Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից: Մասնավորապես, մասնակցությունը ծրագրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակում՝ էականորեն բարձրացնելով Հայաստանում վերջինիս գործունեության արդյունավետությունը: Այն նաև հնարավորություն կտա հայաստանյան այլ կազմակերպություններին և առանձին ՓՄՁ սուբյեկտներին՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ մասնակցել ծրագրի շրջանակում հայտարարվող բազմաթիվ բաց դրամաշնորհային մրցույթներին:
ՓՄՁ զարգացումը կառավարության առաջնայնություններից է, և մենք անընդհատ փորձում ենք օգնել այդ ոլորտը զարգացնելու նախաձեռնություններին: Այս ծրագիրը թույլ կտա լրացուցիչ ֆինանսական միջոցներ ուղղել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչը, կարծում եմ, բավական լուրջ աջակցություն կլինի»,
- եզրափակել է վարչապետը:


Ապրանք ներմուծողի համար արհեստական խոչընդոտ չի ստեղծվի
 

ՀՀ կառավարությունը հաստատել է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները, ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումը իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը՝ հայերեն և ռուսերեն: ՀՀ տարածք Եվրասիական տնտեսական միության ապրանքների ներմուծման դեպքում ծանուցումն առձեռն կամ փոստային եղանակով հանձնվում է ֆիզիկական անձին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է մաքսային մարմիններին՝ արհեստական խոչընդոտ չստեղծել սեփական կարիքների համար ապրանք ներմուծողների համար, քանի որ մաքսավորներին քաջ հայտնի է, թե նրանցից ով է զբաղվում վերավաճառքով:
Կառավարությունը որոշել է Վարդենիս-Մարտակերտ մայրուղու երկրորդ փուլի հիմնանորոգման նպատակով ՀՀ տրոնսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 1 մլրդ 200 մլն դրամ: Վարչապետը կարևորել է այս ծրագիրը, որը նաև կնպաստի ԼՂՀ անվտանգության ապահովմանը:


Կառավարության որոշումը համապատասխանեցվում է ՀՀ օրենքին


ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում՝ այն համապատասխանեցնելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2014թ. դեկտեմբերի 1-ի ՀՀ օրենքին: Այդ օրենքով արմատական փոփոխություններ են կատարվել վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստներին առնչվող հարաբերություններում, հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանվել է մայրության նպաստի և այլն:
Նիստում հաստատվել են «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրով Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների երրորդ փուլի վաճառքի պայմանները: Ծրագրի առաջին և երկրորդ փուլերի արդյունքում բաշխվել է 242 բնակարան: Սույն որոշումը վերաբերում է չբաշխված 25 բնակարանին:
Կառավարության որոշմամբ ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի անցկացում» ծրագրով հատկացված գումարից միջոցներ են հատկացվել «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» և «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցույթների նոր ծրագրերին:


Հաստատվել է ոստիկանության գործունեության բարեփոխման ծրագիրը


ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ ԿԱ ոստիկանության գործունեության ոլորտի 2015-2017թթ. բարեփոխման ծրագիրը, որի ընդունումը բխում է ՀՀ նախագահի 2014թ. ապրիլի 23-ի «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրության պահանջներից: Նոր ծրագրով կապահովվի արդեն իսկ իրականացված բարեփոխման շարունակությունը:
Համաձայն «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքի դրույթների՝ կառավարությունը սահմանել է գործընկեր հասարակական կազմակերպությունների, թրաֆիքինգի զոհերի նույնացման հանձնաժողովում ՀԿ-ների ներկայացուցիչների ընտրության կարգերը:
Նիստում հաստատվել է ՀՀ ազգային վիճծառայության ծրագրերից մեկի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2015թ. նախահաշիվը: Ծրագրի համաձայն՝ նախատեսվում է 2015թ. հունիսի 15-ից մինչև 2017թ. հունիսի 14-ի իրականացնել «2015թ. Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն»: Այդ նպատակով ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը վիճծառայությանն է հատկացնելու ավելի քան 466 մլն դրամ:
 

Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունը 2015թ. սեպտեմբերի 14-ի աշխատանքային օրը տեղափոխել է 2015թ. սեպտեմբերի 19-ը՝ շաբաթ օր: Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է. «Խաչվերացի տոնը, որը ժողովուրդն առավել հաճախ անվանում է Սուրբ Խաչ, ժողովրդի գիտակցության մեջ և կենցաղում արմատավորված է ու նշվում է որպես ննջեցյալների հիշատակի օր:
Ավանդույթի ուժով ամեն տարի մարդիկ տոնին հաջորդող երկուշաբթի օրը գնում են գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների: Սա է պատճառը, որ սեպտեմբերի 14-ը՝ տոնին հաջորդող երկուշաբթի օրը, հայտարարվում է ոչ աշխատանքային: Միաժամանակ օգոստոսի 16-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին՝ խաղողօրհնեքին հաջորդող երկուշաբթին կլինի աշխատանքային:
Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է և ունի քրիստոնեական արժեհամակարգի հիման վրա հաստատված հասարակություն, կոչ եմ անում գործատուներին Աստվածածնի վերափոխման տոնին հաջորդող երկուշաբթի օրը` օգոստոսի 17-ին, ընդառաջել այն քաղաքացիներին, ովքեր այցելում են եկեղեցի և գերեզմանոց՝ մասնակցելու հոգեհանգստյան արարողությունների»:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ