հինգշաբթի, 6 օգոստոսի 2015
Կառավարությունում քննարկվել են խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանում ընթացիկ տարվա խաղողի մթերումների կազմակերպման գործընթացի մասին, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների և մթերող ձեռնարկությունների ղեկավարները:
Վարչապետը, ողջունելով ներկաներին և անդրադառնալով 2015 թ. խաղողի մթերման կանխատեսվող ծավալին, նշել է, որ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությամբ՝ սպասվում է շուրջ 280.0 հազ. տոննա խաղողի համախառն բերք, որից պետք է մթերվի 196.0 հազ. տոննա, սակայն պահանջարկը կազմում է 160.0 հազ. տոննա: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը կարևորում է խաղողի մթերման գործընթացի ժամանակին ու սահուն կազմակերպումը և պատրաստ է աջակցել վերամշակող ընկերություններին՝ խաղողի լրացուցիչ քանակության մթերման խնդիրը լուծելու համար: «Այսօր մեկ հարց ունենք օրակարգում՝ խաղողի մթերման սեզոնի նախապատրաստական աշխատանքները և կցանկանայի նաև ձեզանից լսել՝ մենք ինչ գործիքներ օգտագործենք, ինչ աջակցություն ցուցաբերենք, որպեսզի կարողանանք բերքը մեր գյուղացիներից հավաքել», - ասել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է 2015 թ. խաղողի մթերումների կազմակերպման գործընթացի մասին և ներկայացրել խաղող վերամշակող ձեռնարկությունների հետ նախնական քննարկման արդյունքները: Գյուղնախարարը նշել է, որ խաղողի լրացուցիչ քանակության մթերման նպատակով վերամշակողները հիմնականում բարձրացրել են շրջանառու միջոցների համալրման համար վարկային միջոցների տրամադրման հարցը: Մտքերի փոխանակության ընթացքում արծարծվել են վարկային միջոցների տրամադրման պայմաններին, ոռոգման գործընթացի կազմակերպմանը վերաբերող և այլ հարցեր: Վարչապետի հանձնարարությամբ «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը տեղեկացրել է, որ վարկավորումն իրականացվում է 5 տարի մարման ժամկետով, իսկ վարկի մարման արտոնյալ ժամկետը՝ մինչև մեկ տարի տևողությամբ:
Վարչապետը, ամփոփելով քննարկումը, ընդգծել է, որ գործադիրը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի խաղողի բերքը չմնա գյուղացու մոտ, և վերամշակող գործարաններն ընդունեն այն: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ կքննարկի և հետամուտ կլինի ֆինանսական ռեսուրսի տրամադրման հարցի լուծմանը: