Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 սեպտեմբերի 2015

Վարչապետ. «Հարկավոր է տնտեսվարողների բեռն ավելի թեթևացնել, հնարավորություններն ավելի մեծացնել, բիզնես աշխարհի կյանքը դյուրացնել»








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչ օրակարգին անցնելը վարչապետը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին Արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք:
Այնուհետև վարչապետը ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների և ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարներից հետաքրքրվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացվող խորհրդատվության ընթացքի վերաբերյալ:
ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմա¬նավորված են ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ս.թ. 9 ամսում ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ: Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ պետք է ընդառաջել յուրաքանչյուր հարցի, որն օգնում է բիզնեսի զարգացմանը, տնտեսության ակտիվացմանը:
Կառավարության նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2016» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները կիրառության մեջ դնելու մասին» որոշում: Ըստ այդմ, կիրառության մեջ են դրվելու ՀՀ-ում արտադրվող և ՀՀ ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2016» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշները:
Գործադիրն ընդունել է 2010 թվականի հոկտեմբերի 14-ի «Առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնների, այդ գոտիներում աշխատանքների իրականացման, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները հաստատելու մասին որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» որոշում: Որոշման նպատակն է ավելի ընդգրկուն դարձնել երկաթուղու առավել վտանգավոր գոտիներում քաղաքացիների գտնվելու և նրանց կողմից երկաթուղային գծերով երթևեկության ու երկաթուղային գծերի անցման սահմանված կանոնները: Անդրադառնալով սույն որոշմանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է. «Ընդհանրապես ուշադիր պետք է լինենք որևէ լրացուցիչ ծանրություն, բեռ, խոչընդոտ չստեղծենք գործարար աշխարհի համար: Դա հիմք ընդունեք, և դա վերաբերում է բոլորին: Եթե մենք, այս պայմաններում մինչև այսօր հանդուժել ենք, ապա ինչն է պատճառը, որ մենք այժմ գնում ենք ավելի խստացման: Դա ինձ համար անհասկանալի է: Այսօրվա տնտեսական պայմաններում հարկավոր է տնտեսվարողների բեռն ավելի թեթևացնել, հնարավորություններն ավելի մեծացնել, բիզնես աշխարհի կյանքը դյուրացնել: Յուրաքանչյուր գերատեսչություն ցանկանում է իր ներկայությունը ևս մեկ անգամ հաստատե՞լ: Ամեն դեպքում, մինչև մանրամասն չզեկուցեք, սա չեմ հաստատելու»:


Կլուծվեն մեծ թվով քաղաքացիների բնակարանային խնդիրները

ՀՀ կառավարության որոշմամբ «Դի ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ին ՀՀ պետբյուջեից կտրամադրվի 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բյուջետային վարկ: Նշված գումարն ուղղվելու է «Հին Երևան» ծրագրի իրականացմանը: Անդրադառնալով հարցին Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում մեծ թվով քաղաքացիների և շինարարի միջև առաջացել են բնակարանային խնդիրներ և այժմ փորձ է արվում դրանց լուծում տալ: Կարևորելով «Հին Երևան» ծրագրի իրականացումը՝ վարչապետը նշել է, որ ծրագրի կյանքի կոչման համար կառավարությունն այս քայլով աջակցում է ընկերությանը:
ՀՀ մարզերում առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անավարտ օբյեկտների գույքագրման աշխատանքները` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույց շենք–շինությունների հետագա քայքայումը կանխելու և դրանց շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այդ նպատակով նախատեսվում է կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրի մշակում: ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կատարված համապատասխան ուսումնասիրությունների (230 կիսակառույց օբյեկտ) ընթացքում պարզվել է, որ շինությունները հիմնականում գտնվում են անմխիթար վիճակում և դրանց նկատմամբ հետագա միջամտություն իրականացնելու համար անհրաժեշտ է իրականացնել կոնստրուկտիվ տարրերի տեխնիկական հետազննություն: Այս կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրի մշակմամբ ակնկալվում է` բնակավայրերի քաղաքաշինական բնութագրերի բարելավում, սոցիալական բնակարանների ապահովում:
Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ և շարժական գույքի օտարման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել նախկինում ընդունված որոշումներից մեկում: Ըստ այդմ, հնարավոր կլինի ոչ մեծ արժեք ունեցող շարժական, ինչպես նաև օգտահանված (ապամոնտաժված) գույքի օտարման գործընթացը կազմակերպել ավելի պարզ ընթացակարգով և ժամկետային առումով՝ ավելի արագ:

 

Կապահովվեն վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմները

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին», «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» և «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքներում համապատասխան լրացումներ և (կամ) փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Փաթեթով առաջարկվում է ապահովել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների և էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման փոխհոսքերը, իսկ կարգավորման դաշտից հանել վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող էլեկտրական էներգիա արտադրող այն ինքնավար էներգաարտադրողներին, որոնց տեղակայանքների դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի տեղակայված իրենց սպառիչների ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի քան 150 կիլովատտը: Օրենքների նախագծերի ընդունումն ուղղված է ՀՀ-ում էներգախնայողության իրականացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործման մեխանիզմների ապահովմանը` տնտեսության դիվերսիֆիկացմանը, տնտեսական և էներգետիկ անկախության ամրապնդմանը, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանը և այլն:
Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև 2015թ. մարտի 16-ին ստորագրված «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» ֆինանսական պայմանագրին հավանություն տալու մասին» որոշումը: Պայմանագրի շրջանակում ԵՆԲ-ն ծրագրի 1-ին փուլի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ին կտրամադրի 10 մլն եվրո գումարի չափով վարկ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել էլեկտրաէներգիայի վաճառքի և պահուստային էներգամատակարարման նոր հաղորդման գիծ Հայաստանի և Վրաստանի միջև` բարձր լարման հաստատուն հոսանքի ներդիրով կայանի կառուցման միջոցով, որի սկզբնական հզորությունը կազմելու է 350ՄՎտ՝ մինչև 1050ՄՎտ ընդլայնվելու հնարավորությամբ:

Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարության նիստում քննարկվել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` նախագծի ընդունման պարագայում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքներ նշանակելիս որոշակի տարբերակում կդրվի և սոցիալապես պակաս ապահովված վարորդների տուգանքի չափերը կնվազեն 50 տոկոսով, ինչի արդյունքում կթեթևանա երթևեկությանը հետևող տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործունեության արդյունքում ՀՀ քաղաքացիների ուսերին ծանրացող ֆինանսական բեռը: ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, որի ընդունման դեպքում վարորդների համար կստեղծվեն պատասխանատվության տարբեր պայմաններ՝ կախված գույքային վիճակից: Կառավարության եզրակացության համաձայն՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը չի բխում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված օրենքի առջև բոլորի հավասարության պահանջից, քանի որ բոլորը պետք է ստանան օրենքով սահմանված իրավունքների ու ազատությունների միևնույն ծավալը, ունենան այդ իրավունքների ու ազատությունների իրացման նույն հնարավորությունները, դրանց պաշտպանության և խախտման դեպքում դրանց վերականգնման նույն միջոցները, ինչպես նաև հավասար իրավական պարտականություններ:
Գործադիրը բացասական եզրակացություն է տվել նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ պատասխանատվություն սահմանելով իշխանությունը զավթելու, տարածքային ամբողջականությունը խախտելու կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ՀՀ ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարության կամ կոչի համար:
Կառավարության նիստում քննարկվել է Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Ներկայացված նախագծերի փաթեթով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, թունավոր նյութերի, խիստ ներգործող նյութերի, մշակումն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող համապատասխան օրենքների հավելվածները և դրանք սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ: Գործադիրը, ողջունելով օրենքի նախագծի հեղինակի նպատակադրումը, առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումից և դրան անդրադառնալ առաջիկայում կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելիք համապատասխան օրենսդրական նախաձեռնության քննարկման շրջանակում՝ նախագծերի փաթեթների միավորման նպատակով:
Վերոնշյալ օրինագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունն իր համաձայնությունն է տվել «Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության քաղաքացիների առանց արտոնագրերի փոխայցելությունների մասին» 2002 թվականի հունիսի 6-ի համաձայնագրում լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Արձանագրության կնքման արդյունքում կկարգավորվեն միգրացիայի ոլորտում համագործակցության կարևոր նշանակություն ունեցող հարցեր` ՀՀ քաղաքացիների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով ԲՀ տարածքում գտնվելու, այդ թվում նաև` աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության և Հարավաֆրիկյան Հանրապետության միջև փոխշահավետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով գործադիրն իր համաձայնությունն է տվել երկու երկրների կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կառավարությունը հավանություն է տվել Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)` հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումին Հայաստանի Հանրա¬պետության անդամակցության առաջարկությանը: Ներկայումս Գլոբալ ֆորումի անդամ են հանդիսանում շուրջ 125 երկրներ (ՏՀԶԿ և ոչ ՏՀԶԿ անդամ):
Գործադիրն իր համաձայնությունն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև միգրացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի ստորագրումը նոր հնարավորություններ կբացի այն ուսանողների, երիտասարդ մասնագետների և որակյալ մասնագետների համար, ովքեր ցանկություն ունեն խորացնելու իրենց գիտելիքները, նոր փորձ և հմտություններ ձեռք բերելու իրենց մասնագիտական ասպարեզներում Ֆրանսիայում ուսանելու և աշխատելու միջոցով: Համաձայնագրի ստորագրումը կնպաստի նաև Հայաստանից դեպի Ֆրանսիա ուղղվող անլեգալ միգրացիոն հոսքի կանխարգելմանը: Վարչապետը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանից հետաքրքրվել է նաև ՌԴ քաղաքացիների մուտքը Հայաստան դյուրացնելու ուղղությամբ նախատեսվող եւ իրականացվող քայլերի մասին և հանձնարարել ռուս գործընկերների հետ քննարկել ՌԴ քաղաքացիների տեղական անձնագրերով մուտքը ՀՀ ապահովելու հարցը: «Եթե մենք այդ հարցը լուծենք, ապա ՌԴ շատ քաղաքացիներ առանց խոչընդոտի կգան ՀՀ, ինչը կնպաստի տնտեսության ակտիվությանը և զբոսաշրջության զարգացմանը: Հանձնարարում եմ, որ այս հարցով լրջորեն զբաղվեք և բանակցեք»,-նշել է կառավարության ղեկավարը:
Կառավարությունը իր համաձայնությունն է տվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագիրը կնպաստի կրթության, գիտության և տեխնոլոգիայի ոլորտներում միջազգային հարաբերությունների հետագա զարգացմանը:


Կարգավորվում է անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու գործընթացը

ՀՀ կառավարությունը նախկինում ընդունած իր որոշումներում կատարել է լրացումներ և փոփոխություններ, որոնք ուղղված են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու գործընթացը կարգավորող ակտերի միջև անհամապատասխանությունների բացառմանը, ուղեգրերի տրամադրման գործընթացի օպերատիվության ապահովմանը: Միաժամանակ, ընդունված որոշումը կնպաստի նախազորակոչային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների շարքում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների վաղ հայտնաբերման և արդյունքում վերոնշյալ անձանց զինվորական ծառայության պիտանելիության որոշման առավել արդյունավետ և որակյալ կազմակերպմանը:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել Վերականգնողական օգնության տրամադրման կարգը և պայմանները սահմանելու և ՀՀ կառավարության նախկինում ընդունած որոշումները: Ըստ այդմ, նախատեսվում է կարգավորել վերականգնողական օգնության տարբեր ձևերի, տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման հետ կապված հարաբերությունները, հստակեցվում և ավելի վերահսկելի է դարձվում վերականգնողական օգնութան տրամադրման գործընթացը, ստեղծվում է տրամադրված օգնության վերաբերյալ կայուն տեղեկատվական համակարգ, հստակեցվում են պարագաների ձեռքբերման կանխատեսումներն ու պլանավորումները:
ՀՀ կառավարությունը սահմանել է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունների իրականացման, սոցիալական ծառայությունների տրամադրման կարգն ու պայմանները: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումները կյանքի են կոչվում լիազորությունների ապակենտրոնացման քաղաքականության շրջանակում: Վարչապետն ընդգծել է սոցիալական ծառայությունները քաղաքային համայնքներին շարունակական փոխանցելու կարևորությունը և այս ուղղությամբ վերահսկողության իրականացումը:


Այլ որոշումներ

Նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի շրջանակներում որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» համապատասխան որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3-ի շրջանակում վերակառուցվող Մ1 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Թալին-Գյումրի ճանապարհատվածին հարող, չօտարվող գյուղատնտեսական նշանակության մի շարք հողամասերի սեփականատերերի սեփականության իրավունքի պաշտպանության, բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկում տեղ գտած անճշտությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ է ճանաչվել ՀՀ Շիրակի մարզի վարչական տարածքի (Ձորակապ, Մարալիկ, Հայրենյաց, Հոռոմ, Բենիամին, Ազատան համայնքների) սահմաններում գտնվող 22 միավոր հողակտոր:
Գործադիրի որոշմամբ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիա է տրվել «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին: Որոշումը կնպաստի հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը:
Նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են ձեռնարկատիրության և էներգետիկայի ոլորտներին: Մասնավորապես, լիցենզավորման ենթակա գործունեության մի շարք տեսակների իրականացման համար ներդրվում է ծանուցման մեխանիզմ:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ