ուրբաթ, 25 սեպտեմբերի 2015
Վարչապետն այցելել է Արարատի մարզ՝ լսել խաղողագործների մտահոգությունները բերքի մթերման հետ կապված
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը հանդիպել է մարզի խաղողագործներին, ովքեր վարչապետին են ներկայացրել խաղողի մթերման աշխատանքների կազմակերպման հետ կապված իրենց խնդիրներն ու մտահոգությունները: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ընթացիկ տարում հանրապետությունում առկա է խաղողի մեծ բերք և կառավարությունն անելու է հնարավորը, որպեսզի գյուղացիների բերքը ժամանակին մթերվի: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին՝ համայնքների ղեկավարների հետ կազմել ցանկ, թե որ համայնքում որքան բերք է առկա, որի համաձայն էլ ըստ ժամանակացույցի մթերումները կկազմակերպվեն:
Կառավարության ղեկավարն անձամբ այցելել է նաև Արարատի մարզի մթերող կազմակերպություններ՝ ծանոթացել մթերման գործընթացին, Արարատի մարզպետարանում հանդիպել մթերող ընկերությունների ղեկավարներին և համայնքապետերին: Վարչապետը կարևորել է վերջիններիս սերտ համագործակցությունը՝ մթերումները պատշաճ և ժամանակին կազմակերպելու նպատակով: