շաբաթ, 26 սեպտեմբերի 2015
Վարչապետն Արմավիրի մարզում ծանոթացել է խաղողի մթերման աշխատանքների ընթացքին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ Արմավիրի մարզ՝ խաղողի մթերման գործընթացի կազմակերպմանը ծանոթանալու նպատակով:
Վարչապետը նախ Արմավիրի մարզպետարանում հանդիպել է մարզի մթերող կազմակերպությունների ղեկավարներին, հետաքրքրվել խաղողի մթերման աշխատանքների ընթացքով և առկա խնդիրներով: Մասնավորապես, մթերող ընկերությունների ներկայացուցիչները բարձրացրել են ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավման հարցը, որպեսզի, նախատեսված պահանջարկից բացի, հնարավոր լինի մթերման առավել մեծ ծավալ ապահովել: Կառավարության ղեկավարը խոստացել է հնարավորության սահմաններում աջակցել այդ հարցում:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը հանդիպել է մարզի համայնքապետերին, խաղողագործներին և լսել նրանց մտահոգությունները մթերման գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Նշելով, որ այս տարի հանրապետությունում խաղողի բերքն առատ է և գերազանցում է նախատեսված պահանջարկը՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի բերքը մթերելու հնարավորություն ստեղծվի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին՝ մարզի համայնքապետերի հետ համատեղ քննարկել և կազմել այն համայնքների ցանկը, որտեղ բերքի աննախադեպ ծավալի մթերման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ:
Վարչապետ Աբրահամյանը նաև շրջայց է կատարել մարզի մթերող կազմակերպություններում, մասնավորապես, «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ Արմավիրի մարզի մասնաճյուղում, «ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ Նոր Ամասիայի մթերման կետում, հետևել խաղողի մթերման գործընթացին, զրուցել խաղողագործների հետ: Այցի ավարտին վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել գյուղատնտեսության նախարարին և Արմավիրի մարզպետին՝ մթերման գործընթացը պատշաճ և ժամանակին կազմակերպելու նպատակով: