Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 1 հոկտեմբերի 2015

ՀՀ վարչապետ. «Կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա»









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ «Դելոիթ և Տուշ» ընկերությունը ներկայացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների հաստատման և հնարավոր օպտիմալացման գործընթացն ուսումնասիրող խորհրդատվության առաջին փուլի հաշվետվությունը: ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը համառոտ ներկայացրել է արդյունքները: Նա նշել է, որ երեք փուլով առաջադրանքը, որը տրված էր «Դելոիթ և Տուշ ընկերությանը» հետևյալն էր. առաջին փուլ՝ Հայաստանի էներգաշուկայի ուսումնասիրում և եզրակացություն կատարված գործողությունների վերաբերյալ, երկրորդ՝ սակագնի նվազեցման հնարավորությունների բացահայտում, երրորդ՝ ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարության փոփոխմանն ուղղված առաջարկությունների մշակում, մասնավորապես, կառավարության կողմից պատրաստված 2016-2036 թթ. ռազմավարական ծրագրի վերաբերյալ կարծիքներ: Փոխվարչապետի խոսքով՝ առաջին փուլում ուսումնասիրվել են արտադրության բաշխման ծախսերը, հանդիպել են բոլոր ընկերությունների հետ: Արդյունքում ամրագրել են, որ ԱՊՀ երկրների սակագների համեմատության մեջ Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում: «Իհարկե, հարաբերական տեսակետից մեզ մոտ ավելի բարդ է իրավիճակը, և նշել են պատճառները: Երկրում էլեկտրաէներգիա արտադրող ակտիվների պատմականորեն ձևավորված կառուցվածքն է հիմնական խնդիրը, քանի որ այն ակտիվները, որոնք ձևավորվում են, ունեն որոշակի կառուցվածք և նրանց ձևավորած արտադրանքով է որոշվում սակագինը: Չնայած ոչ թանկ հիդրո և ատոմային էլեկտրաէներգիայի արտադրությանը՝ միշտ կա եզրափակիչ կայանի դերը: Եզրափակիչ կայանը մեզ մոտ հանդիսանում է Հրազդանի ՋԷԿ-ը, որն ունի բարձր ինքնարժեք, ինչի հետևանքով կան խնդիրներ և ի վերջո սակագնի բարձրացում հատկապես այն պարագայում, երբ էժան հիդրոռեսուրսները կամ ատոմակայանն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի լինում ամբողջովին օգտագործել: Երկրորդ՝ ի տարբերություն հարևան երկրների, մենք չունենք խաչաձև սուբսիդավորման հնարավորություն, ասենք՝ տրանզիտով գնացող գումարների ուղղում դեպի սակագնի նվազեցում և այլն: Ի վերջո, մանրամասն վերլուծելով կառուցվածքը, «Դելոիթ և Տուշ» ընկերությունը տվել է 2015-2016թթ. համար սահմանված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սակագների հետևյալ եզրակացությունը: Մենք վերլուծեցինք Հայաստանում ստեղծված իրավիճակը, երբ երկրի միակ էներգամատակարարը հայտնվել էր դեֆոլտի եզրին, ինչը հիմնականում պայմանավորված էր համակարգի օպերատորի կանխատեսումների և հզորությունների բեռնավորման անհամապատասխանությամբ: Խոսքը վերաբերում է բազմիցս նշված հիդրոռեսուրսներին և ատոմակայանի կանգին: Ընկերությունում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումն՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված: Ըստ էության, հիմնական հարցադրված պահանջները՝ արդյոք հիմնավորված է և ինչ կլիներ, եթե չլիներ որոշումը, մենք ստացել ենք հստակ պատասխան առաջին փուլի արդյունքներով»,-հայտնել է Վաչե Գաբրիելյանը:
«Այսպիսով, կարող ենք փաստել, որ սակագները հիմնավորված են և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա: Միաժամանակ, մենք քննարկել ենք հարցը Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ և որոշել ենք, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա:
Ի լրումն սակագների հիմնավոր լինելու հարցին, հասարակությանը հուզում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման հարցը: Ինչպես վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, այս իրավիճակում հրամայական է դարձել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը:
Քանի որ «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ապա առաջացան բարենպաստ պայմաններ կառավարման համակարգի էական բարելավման համար: Հաշվի առնելով «Տաշիր» խմբի երկարամյա փորձը էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգոհամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ «Տաշիր» խմբի կազմում գործող «Կասկադ-Էներգո» ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին «Տաշիր» խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ քննարկել բաժնետեր «Ինտեր ՌԱՕ» ընկերության հետ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ձեռք բերման հարցը: Ընդառաջելով մեր խնդրանքին, կարճ ժամանակահատվածում «Տաշիր» խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիր «Ինտեր ՌԱՕ» խմբի հետ, որի համար հայտնում ենք մեր շնորհակալությունը:
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն իսկ համաձայնություն է տվել այդ գործարքին: Մեր խնդրանքով, «Տաշիր» խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները: Միաժամանակ, կառավարության հետ հավասար հիմունքներով «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչև 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը:
Մանրամասնեմ մեր մոտեցումը: Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատտ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական միչև 500 կիլովատտ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատտ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը:
Հանձնարարում եմ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով «Տաշիր» խմբի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով»
,-ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Այնուհետև վարչապետը շնորհավորել է Տարեցների միջազգային օրը. «Կառավարության անունից ջերմորեն շնորհավորում և ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեր հայրերին ու մայրերին, աշխատանքի ու պատերազմի վետերաններին, թոշակառուներին, մեր բոլոր տարեցներին, ովքեր մեծ ներդրում ունեն մեր հայրենիքի զարգացման գործում», - նշել է Հովիկ Աբրահամյանը ՝մաղթելով առողջություն, բարեկեցություն և ընտանեկան ջերմություն :


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2016թ. պետբյուջեի նախագծին
 

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,183 մլրդ դրամ, ծախսերի գծով 1,373,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 190,7մլրդ դրամ: ՀՀ պետբյուջեի նախագծով ՀՆԱ իրական աճը կանխատեսվում է 2,2 տոկոս, գնաճը՝ 4 +/-1.5 տոկոս, դեֆիցիտը՝ 3,5 տոկոս: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և ներկայացնել ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:


Մրցունակ միջավայր՝ փոքր և միջին բիզնեսի գործունեության համար

Գործադիրը հավանություն է տվել նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018թթ. ռազմավարությանը: Հանդիսանալով Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը՝ կառավարությունը շարունակական քայլեր է իրականացնում ՓՄՁ ոլորտի զարգացման, մասնավորապես` ՓՄՁ պետական աջակցության համակարգի զարգացման ուղղությամբ: Եթե նախորդ տարիներին ոլորտի զարգացման քաղաքականությունն ավելի շատ կենտրոնացած էր ՓՄՁ սուբյեկտների քանակական աճի և ռեսուրսների հասանելիության վրա, ապա առաջիկա տարիներին շեշտը դրվելու է գիտելիքի, որակի, ՓՄՁ սուբյեկտների և ընդհանրապես ոլորտի մրցունակության բարձրացման վրա։ Առաջիկա երեք տարիներին ՓՄՁ զարգացման ռազմավարության գլխավոր նպատակը ներքին և միջազգային շուկաներում մրցունակ ՓՄՁ սուբյեկտների գործունեության ապահովումն է, ինչպես նաև Հայաստանի ՓՄՁ ոլորտի խթանման համար հիմնական կարևոր սկզբունքների ներկայացումը, փոքր և միջին բիզնեսի գործունեության համար մրցունակ միջավայր ապահովելը` կազմակերպությունների զարգացման և ձեռնարկատիրական գիտելիքի տարածման, ֆինանսական միջոցների հասանելիության, հարկային համակարգի պարզեցման և մասնավոր հատվածի հետ երկխոսության մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև նորարարությունների և կայուն զարգացման խթանման միջոցով։
Կառավարությունը հաստատել է նաև անմաքս առևտրի խանութ ապրանքների մուտքագրման և դրանց իրացման հաշվառման, ինչպես նաև մաքսային մարմիններին այդ ապրանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու կարգը:


Պետական աջակցություն՝ սահմանամերձ համայնքներին
 

Կառավարությունը հաստատել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը»: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով 2016թ. պետբյուջով կհատկացվի 928մլն դրամ:
Գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016թ. միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը: Ծրագրի իրականացումը կնպաստի, մասնավորապես, հանրապետությունում թմրամոլության հետագա զարգացման նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների հայտնաբերմանը:
Կառավարությունը հավանություն է տվել, մասնավորապես, զբաղվածության, երեխայի իրավունքների պաշտպանության, առողջապահական, գիտական և գիտատեխնիկական, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2016թ.-ի պետական ծրագրերին և միջոցառումների ցանկին:
 

Կկրճատվի վարչարարությամբ կենսաթոշակառուի վրա դրված բեռը

Իրավական ակտերի պարզեցման, տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն (ՕԿԱԿ) ուսումնասիրություն է անցկացնում սոցիալական, մասնավորապես, կենսաթոշակային ոլորտում: Մասնավորապես, գործող կարգի համաձայն, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու կամ բանկը փոխելու ցանկության դեպքում, կենսաթոշակառուից պահանջվում է դիմել կենսաթոշակ նշանակող մարմին: Մինչդեռ, նույն կարգի համապատասխան ենթակետով պահանջվում է բանկում բացված բանկային հաշիվը: Սա նշանակում է, որ կենսաթոշակառուն մինչև կենսաթոշակ նշանակող մարմին գնալը պետք է դիմի միանգամից բանկ՝ բանկային հաշիվ բացելու և կենսաթոշակային պլաստիկ քարտ ստանալու նպատակով: Պահանջը հանելու կամ հստակեցնելու պարագայում կկրճատվի գործընթացի մեկ քայլ, ուստի նպատակահարմար է, որ պահանջվող փաստաթղթերի ցանկը բանկերը տեղադրեն իրենց պաշտոնական կայքերում, ինչը կթեթևացնի նաև բանկի՝ հաճախորդների վրա ծախսվող ժամանակը: Առաջարկված օրենսդրական կարգավորմամբ կկրճատվի վարչարարությամբ կենսաթոշակառուի վրա դրված բեռը և կպաշտպանվեն նրա իրավունքները: Արդյունքում՝ կենսաթոշակառուն զերծ կմնա ավելորդ ծախսերից և քաշքշուկներից:
ՕԿԱԿ-ն ուսումնասիրել է նաև իրավապահ մարմինների ոլորտի կարգավորումները և ներկայացրել առաջարկություններ: Ըստ այդմ առաջարկվում է ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման և մասնագիտական համապատասխանության վկայականը տրամադրել անժամկետ, ինչը կնպաստի ձևական բնույթ կրող գործընթացների կրճատմանը:
 

Շիրակի մարզում կկառուցվի անասնաբուժական սպասարկման կենտրոն
 

Շիրակի մարզում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման նպատակով կառավարության այսօրվա նիստում ընդունվել է Փանիկի համայնքին պատկանող հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու մասին որոշում: Անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցումը նախատեսված է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է:
Գործադիրն «Էրեբունի» պետական արգելոցի պահպանության բնականոն գործընթացն ապահովելու համար հաստատել է արգելոցի սահմանների նկարագիրն ու տարածքի չափը: Անհրաժեշտություն է առաջացել արգելոցի տարածքներն ընդլայնել ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 24,87 հա անտառային ֆոնդի և 6.6434 հա գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվին` փոխելով դրանք հատուկ պահպանվող հողերի կատեգորիայի:
Կառավարությունն ընդունել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպման մասին» որոշում, որի նպատակն է հանրությանն ընձեռել լողափից անարգել օգտվելու և հանգիստը կազմակերպելու հնարավորություն: Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում նախատեսվում է ստեղծել հերթական հանրային լողափ:


Երևանում նոր հյուրանոց կկառուցվի

ՀՀ կառավարության որոշմամբ «Կարուսել Իսթաբլիշմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Վազգեն Սարգսյան 1 հասցեում (ք.Երևան), գտնվող անշարժ գույքը կփոխանակվի ՀՀ սեփականությունը հանդիսացող, Սարգսյան 3 հասցեում (ք.Երևան) գտնվող անշարժ գույքի հետ: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը ընդգծել է, որ հողը տարիներ շարունակ եղել է մեր հայրենակից Վաչե Մանուկյանի սեփականությունը, և այնտեղ որևէ կառուցման աշխատանք չի իրականացվել: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Վաչե Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ 60 մլն դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ: Արդյունքում՝ կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր, որի շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի: Վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է ներդրումային այս ծրագիրը, հատկապես, տնտեսական ակտիվության առումով:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ տեղեկացնելով, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակում նախատեսվում է կառուցել նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել մոտ 1.4 հա մակերեսով ընդլայնել ընկերությանը պատկանող հողամասը: Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով պետական սեփականություն հանդիսացող հողամասը կադաստրային արժեքով կներդրվի հեռուստաընկերության կանոնադրական կապիտալում:
 

Օրենսդրական նախաձեռնություններ
 

Գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծերի ընդունման արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների գանձման գործառույթները: Ներկայումս օրենսդրական հակասությունների հետևանքով հարկային մարմինը հնարավորություն չունի արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների նկատմամբ արգելանքի կիրառման և հարկադիր գանձման գործառույթները:
Կառավարությունը հավանություն է տվել նաև «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունմամբ կկանոնակարգվի քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգն ու պայմանները:
Գործադիրի հավանությանն է արժանացել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Օրենքի ընդունման արդյունքում կկարգավորվեն 2016 և 2017 թվականներին ՀՀ պետբյուջեից համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկումները:
Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:


Այլ հարցեր
 

Գործադիրն իր համաձայնությունն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի Հանրապետության, ինչպես նաև Տոգոյի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկությանը:
Կառավարությունը 2009թ.-ից ստանձնել է տեսչական բարեփոխումների իրականացումը, որի նպատակն է ստեղծել տեսչական նոր համակարգ: Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է տեսչական մարմինների որակի ապահովման ստորաբաժանումների կազմակերպման և գործունեության կարգը հաստատելու մասին որոշում: Տեսչական մարմինների որակի ապահովման գործունեությունն ուղղված է տեսչական մարմինների գործունեության շարունակական կատարելագործումն ապահովելուն:
Ելնելով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներից և աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման անհրաժեշտությունից` վերանայվել է ՀՀ-ում գործող մասնագիտությունների ցանկը: Ըստ այդմ, կառավարությունը նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի արդյունքում կներդրվի այդ մասնագիտությունների նոր ցանկը՝ Կրթության դասակարգման միջազգային ստանդարտներին համապատասխան:
Գործադիրի որոշմամբ Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի ճանապարհի հիմնանորոգման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 20 մլն դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև Արմավիր համայնքի խորքային հորերից ոռոգման պոմպերով օգտագործված էլեկրտաէներգիայի արժեքը փոխատուցելու նպատակով:
Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Ուսուցչի օրվա կապակցությամբ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու, հանրապետության լավագույն ուսուցիչների համար առավել լիարժեք տոնական մթնոլորտ ապահովելու, հասարակության մեջ նրանց դերակատարության գնահատման և արժևորման նպատակով:
 

Հայաստանը մրցունակության համաշխարհային զեկույցով բարելավել է իր դիրքը
 

Նիստի ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդես է եկել հայտարարությամբ և ներկայացրել Գլոբալ մրցունակության համաշխարհային զեկույցի 2015-2016 թթ. արդյունքները: Ըստ այդմ, Հայաստանը զբաղեցնում է 82-րդ տեղն` առաջընթաց գրանցելով 3 կետով: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցվել 7 հենասյուների գծով, մասնավորապես, մակրոտնտեսական միջավայրի, առողջապահության և տարրական կրթության, բարձրագույն կրթության և վերապատրաստման, ապրանքների, աշխատուժի շուկայի արդյունավետության, ֆինանսական շուկաների զարգացման գծով: Որոշակի փոփոխություններ են եղել ինստիտուտների, ենթակառուցվածքների, տեխնոլոգիական պատրաստվածության և գործարարության կատարելագործվածության աստիճանով: Ըստ այդմ, Հայաստանը բարելավել է իր դիրքերը, ինչը հետագայում նաև որոշակի ազդեցություն կունենա ներդրումային միջավայրի վրա:
Նախարարի խոսքով՝ HSBC-ի խմբի կողմից պատրաստված հոդվածը ցույց է տվել, որ չնայած ընդհանուր տնտեսական միջազգային զարգացումներին և, մասնավորապես, ասիական շուկաների տատանումների ֆոնին, Հայաստանն ընդգրկվել է այն երկրների մեջ, որոնք ունեն 3 տոկոսից ավելի տնտեսական աճ և միևնույն ժամանակ հենց այդ անբարենպաստ ֆոնին ունեցել են ինֆլյացիոն առավելապես մեղմ դաշտ, որը նույնպես դրական է բնորոշում: Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրել է նաև, որ բացի այդ հրապարակվել է Գլոբալ ինովացիոն զեկույցը, որտեղ Հայաստանը 140 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 4 տեղով բարելավելով իր դիրքերը: Ըստ նախարարի՝ սա բավականին լուրջ գնահատական է և լուրջ վերլուծությունների արդյունք:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ