հինգշաբթի, 29 հոկտեմբերի 2015
Հայաստանը ՀԲ-ի «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցում բարելավել է իր դիրքերը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան նիստի օրակարգի հարցերի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցին: «Համաշխարհային բանկը հրապարակել է «Գործարարությամբ զբաղվելը 2016» զեկույցը, որում Հայաստանը 3 կետով առաջ է շարժվել՝ 189 երկրների շարքում զբաղեցնելով 35-րդ հորիզոնականը: Վերջին տարում բարեփոխումների քանակով Հայաստանն ընդգրկվել է ուսումնասիրված երկրների 14 տոկոսը կազմող երեք կամ ավելի բարեփոխումներ իրականացրած տնտեսությունների շարքում:
Հայաստանի դիրքի բարելավման հիմքում ընկած են երեք ուղղությամբ իրականացված բարեփոխումներ, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների հետ կապված գործընթացը, առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանը հատելու ընթացակարգերի պահանջվող ժամանակի ու ծախսերի կրճատումը և պայմանագրերի կիրարկման որակը:
Հայաստանը պարզեցրել է շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը: Մասնավորապես, ցածր ռիսկային նախագծերի համար այժմ չեն կիրառվում ճարտարապետական նախագծի հաստատման և շինարարության նկատմամբ տեխնիկական վերահսկողության պահանջները:
Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու արդյունքում Հայաստանը կրճատել է առևտրի հետ կապված փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսերը: Արդյունքում` սահմանային ձևակերպումների համար պահանջվող ժամանակը՝ 50 ժամը հասցնելով 3 ժամի: Այս ցուցանիշով երկիրը 58-րդ հորիզոնականից տեղափոխվել է 29-րդ:
ՀՀ դատական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով ու ամբողջովին ավտոմատացված համակարգի միջոցով, ինչի արդյունքում բարելավվել է պայմանագրերի կիրարկման որակը:
Ընկերությունների հիմնադրման առումով` Հայաստանը աշխարհում լավագույն երկրների թվում է, 189 տնտեսությունների շարքում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը, իսկ սեփականության գրանցման տեսանկյունից գտնվում է 14-րդ հորիզոնականում: Հայաստանում բիզնես սկսելու համար գործարարից պահանջվում է 3 օր: Սա համաշխարհային առաջատար երկիր Դանիայի ցուցանիշի հետ համադրելի արդյունք է: Եթե աշխարհում սեփականության գրանցումը միջին հաշվով կատարվում է 48 օրում, ապա Հայաստանում դրա համար բավարար է ընդամենը 7 օրը:
Միաժամանակ, պետք է հիշենք, որ մշտապես առկա են բարելավման լրացուցիչ հնարավորություններ, և սա պետք է լինի մեր բոլոր գերատեսչությունների ուշադրության կենտրոնում: Այս ոլորտում մեր հանձնառությունները լինելու են իմ անձնական հսկողության ներքո: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարին՝ մամուլին մանրամասն ներկայացնել զեկույցի արդյունքները, ինչպես նաև մեր ծրագրերն ու անելիքներն այս ոլորտներում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունն աջակցում է Այգեհովիտ սահմանամերձ համայնքի բնակիչներին
Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնքին կհատկացվի 16100.0 հազար դրամ գումար՝ արկակոծության հետևանքով համայնքի բնակիչներին խաղողի այգիներում բերքահավաք չիրականացնելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցելու համար: Այգեհովիտ գյուղում ավարտվել է խաղողի բերքահավաքը, բացառությամբ 46 տնտեսությունների, քանի որ հակառակորդը կրակի տակ է պահում նշված տնտեսություններին պատկանող այգետարածքները և խոչընդոտում բերքահավաքի աշխատանքներին: Այդ համայնքի բնակիչների խաղողի 22.62 հա այգետարածքների ընդհանուր վնասը կազմում է 16100.0 հազար դրամ` 115 տոննա խաղողի բերքը հաշվարկված է 140 դրամ մթերման գնով: Կարևորելով ընդունված որոշումը՝ վարչապետը նշել է, որ սահմանապահ համայնքները կառավարության ուշադրության կենտրոնում են. «Գործնականում հնարավոր չի եղել խաղողի բերքը հավաքել, դրա համար կառավարության պահուստային ֆոնդից փոխհատուցում ենք այդ բերքի արժեքը»:
.
Դյուրացվում են անավարտ շենքերի հետագա կառուցման և ավարտման աշխատանքները
Շինարարության ավարտական ակտի և շահագործման թույլտվության տրամադրման հետ կապված խնդիրները կարգավորելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, սահմանվում է, որ հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված այլ աշխատանքները կառուցապատողի կողմից վերջինիս միջոցների հաշվին իրականացնելուց հետո օբյեկտը շահագործման է ընդունվում շահագործման թույլտվության ձևակերպմամբ: Շահագործման թույլտվության գործընթացի ներմուծմամբ դյուրացվում են հանրապետության տարածքում բազմաթիվ անավարտ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի նկատմամբ իրավունքների օրինական ձևակերպման, նրանց հետագա կառուցման և ավարտման աշխատանքները: Բացի այդ, նշված պայմաններում բարձրացվում է կառուցապատողների քաղաքաշինական կարգապահությունը` ստեղծելու շահագործման համար լիարժեք, պիտանի կենսագործունեության միջավայր: Վարչապետը տեղեկացրել է, որ այդ թեմայով խորհրդակցություն է անցկացվելու: «Ես բազմաթիվ տեղեկատվություններ եմ ստանում, որ ավարտական ակտերը ստանալու համար ինչ-որ խնդիրներ են հարուցվում համապատասխան գերատեսչության ղեկավարների կամ աշխատակիցների կողմից: Ընդհանրապես, այս մասով մենք մի քանի անգամ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, որ նման որևէ հարց պետք է չառաջանա: Դրա համար խնդրում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել. շատ խիստ եմ լինելու: Իհարկե, ես հիմա ուսումնասիրում եմ այդ տեղեկատվությունների իսկությունը, եթե իրականությանը համապատասխանեց, ապա նման մարդիկ մեր շարքերում տեղ չեն ունենալու»,-նշել է Հովիկ Աբրահամյանը՝ հանձնարարելով բոլոր շահագրգիռ մարմիններին մասնակցել խորհրդակցությանը:
Վերջին տարիներին Հայաստանում հետևողականորեն իրականացվում են քաղաքաշինական քաղաքականության բարեփոխումներ` կառուցապատմանն ու տարածական զարգացմանն առնչվող հիմնախնդիրների օրենսդրական կարգավորման ուղղությամբ: Դրան են միտված նաև «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք արժանացել են կառավարության հավանությանը: Մասնավորապես, օրինագծերի նպատակն է ձևավորել համայնքներում տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազա` դրանց մշակման և հաստատման գործառույթների օպտիմալացման ու պարզեցման լծակների ամրագրման, օրինակ՝ միկրոռեգիոնալ համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, ինչպես նաև տեղական մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի հաստատման համար օրենքով սահմանված վերջնաժամկետի երկարաձգման միջոցով: Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է, որ խնդիրը պետք է ուշադիր քննարկել բոլոր շահագրգիռ մարմինների հետ, այդ թվում Երևանի քաղաքապետի, մարզպետների, լսել բոլոր առաջարկները և նոր որոշում ընդունել:
Բարելավվում է ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքներ արտահանող հարկ վճարողների գործունեության հարկային միջավայրը
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծի ընդունման արդյունքում ակնկալվում է էականորեն բարելավել ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքներ արտահանող հարկ վճարողների գործունեության հարկային միջավայրը՝ նրանց ազատելով չարդարացված հարկային պարտավորությունների բեռից: Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հարկային պարտավորության ծագման օր է համարվում ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 181-րդ օրը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների օտարման գործարքների մասով հաշվարկված և վճարված ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի գումարները, ինչպես նաև արտահանման գործարքների մասով ԱԱՀ-ի գումարները ենթակա են հետ վերադարձման ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի գումարների հետ վերադարձման համար գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:
Գյուղատնտեսության որոշ ուղղությունների զարգացման համար առավել բարենպաստ հարկային միջավայր ձևավորելուն է միտված «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծի նպատակն է ԱՏԳ ԱԱ դասակարգչի 0106 41 000, 0106 90 00 90, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող` մեղուների, այլ միջատների, հնդկընկույզի, աբակայի մանրաթելերի, ճենականեփի (չինական եղինջ) և այլ բուսական մանածագործական մանրաթելերի, ինչպես նաև ջերմոցների իրացումն ԱԱՀ-ից ազատելն է:
Կառավարության հավանությանն է արժանացել «Հասարակական կազմակերպությունների մասին», «Հիմնադրամների մասին» և ՀՀ մի շարք այլ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերով սահմանվում է հասարակական կազմակերպության իրավական վիճակը, կարգավորվում նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները: Անդրադառնալով օրինագծերին գործադիրի ղեկավարը նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության զարգացման գործում, հաշվի առնելով հանրային քննարկումների, ինչպես նաև մասնագիտական հետազոտությունների ընթացքում ներկայացված առաջարկություններն ու տեսակետները, ներկայացնում է հիշյալ նախագիծը որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների ծրագիր:
Այն այս տեսքով արժանացել է թե´ միջազգային կառույցների և թե´քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավանությանը:
Ցանկանում եմ առանձնացնել այս նախագծով առաջարկվող մի շարք նորամուծություններ, մասնավորապես՝ կամավորների ինստիտուտի ներմուծումը, ինչը ոչ միայն ապահովում է յուրաքանչյուր հասարակության բարեկեցությունը, այլ նաև նպաստում է մարդկային կենսակերպի բարելավմանը:
Կարևորում եմ նաև հասարակական կազմակերպությունների կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության ընդլայնումը, ինչը կարող է հիմնարար նշանակություն ունենալ ինչպես հասարակական կազմակերպությունների ինքնուրույնության, այնպես էլ ֆինանսական կայունության համար:
Նախագծում կարևոր շեշտադրում է արվել նաև հասարակական կազմակերպությունների հաշվետվողականության բարձրացմանը, ընդ որում հստակ տարանջատում է նախատեսվել հանրային միջոցներից ֆինանսավորվող ՀԿ-ների հաշվետվողականության և այլ աղբյուրներից ֆինանսավորվող ՀԿ-ների հաշվետվողականության միջև:
Եվ վերջապես, հասարակական կազմակերպությունների առցանց գրանցման հնարավորության ստեղծումը կարևոր խթան կհանդիսանա ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում հասարակական կազմակերպությունների հիմնադրման և քաղաքացիական հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման համար»:
Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքը:
Կառավարությունը քննարկել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որի վերաբերյալ տվել է բացասական եզրակցություն: Ներկայացված նախագծերի համաձայն՝ առաջարկվում է փոփոխություն և լրացում կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես, սահմանելով, որ տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով` վարչական մարմնի պահանջի հիման վրա: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ` գործող կարգավորմամբ խախտվում է քաղաքացիների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Կառավարության եզրակացության համաձայն, նախագծով առաջարկվող փոփոխությունները հիմնավորված չեն, գործող իրավակարգավորումն իրավաչափ է, առկա է օրենքի կիրառման գործող պրակտիկա, որով լիարժեք ապահովվում են քաղաքացիների իրավունքները:
Օրենքի նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել վարկ` 112 մլն 970 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով: Ծրագրի նպատակն է բարելավել քաղաքներում քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքները` ապահովելով ավելի արդյունավետ, ապահով և մատչելի տրանսպորտային ծառայություններ:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրին: Նոր վարկային ծրագիրը, որի ընդհանուր գումարը կկազմի 50 մլն ԱՄՆ դոլար, նախատեսվում է իրականացնել 2016-2019 թվականների ընթացքում: Ծրագրի ֆինանսավորումը կիրականացվի ՎԶՄԲ-ի (ծրագրի ընդհանուր գումարի 80 տոկոս՝ 40 մլն ԱՄՆ դոլար) և ՀՀ կառավարության (ծրագրի ընդհանուր գումարի 20 տոկոս՝ 10 մլն ԱՄՆ դոլար) համաֆինանսավորմամբ: Նոր վարկային ծրագրի նպատակն է՝ ընտրված կենսական նշանակության ճանապարհները (շուրջ 155 կմ ընդհանուր երկարությամբ) վերականգնելու միջոցով բարելավել շուկաների և ծառայությունների հասանելիությունը գյուղական համայնքների համար, ինչպես նաև ամրապնդել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կարողությունը` կառավարելու կենսական նշանակության ճանապարհային ցանցը:
Կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ-ի և Միջազգային Զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2015թ. սեպտեմբերի 3-ին ստորագրված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրին: Ծրագրի նպատակն է բարելավել բնակչության տնտեսական և սոցիալական կարգավիճակը՝ իրականացման տարածքում ստեղծելով եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ: Ծրագիրն ունի երեք բաղադրիչ: Մասնավորապես, ներդրումների և փոխառությունների, ինչպես նաև տարբեր տեսակի կառավարման և տեխնիկական աջակցության տեսքով աջակցություն կտրամադրվի աղքատ գյուղական արտադրողների հետ ամուր կապեր ունեցող գյուղատնտեսական արժեշղթայի շրջանակում գործող փոքր և միջին մասնավոր ընկերություններին, կբարելավվեն հանրապետության 7 մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք և Արագածոտն գյուղական համայնքներում ջրամատակարարման և ոռոգման համակարգերը՝ առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին: Հովիկ Աբրահամյանը, կարևորելով ծրագիրը, նշել է , որ պետք է հետամուտ լինել այն արագ իրականացնելու համար:
Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև ԵՄ Հորիզոն-2020 ծրագրին մասնակցության վերաբերյալ համաձայնագրի» կնքման առաջարկությանը: «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի մասնակցությունը կարող է նպաստել հանրապետության գիտական կազմակերպություններում և բուհերում գործող գիտական խմբերի՝ հետազոտությունների եվրոպական տարածք ինտեգրվելուն, համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններում անմիջական մասնակից դառնալուն, ինչպես նաև ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում իրենց ակտիվ դերակատարությամբ հանդես գալուն:
Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (ՄՔԶՄԿ) միջև Հայաստանի Հանրապետությունում ՄՔԶՄԿ-ի կարգավիճակի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կազմակերպության նպատակը միգրացիայի բնագավառում նորարարական, համապարփակ և կայուն քաղաքականությունների մշակումն ու իրականացումն է: Կազմակերպությունն ուսումնասիրում է առկա և հիմնավոր միգրացիոն հոսքերը դեպի Եվրոպայի ընդունող պետություններ, հետևում և վերլուծում միգրանտների ծագման հիմնական երկրներում իրավիճակը, մշակում միջոցներ: Կազմակերպությունը ներկայումս համագործակցում է ՀՀ կառավարության հետ՝ իրականացնելով սահմանների կառավարման, անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիկինգի և միգրացիայի կառավարման ծրագրեր: Համաձայնագրով կարգավորվում են Հայաստանում ՄՔԶՄԿ –ի կարգավիճակի , արտոնությունների հետ կապված հարցեր: Մասնավորապես, միջազգային կենտրոնն իրավունք կունենա հիմնել իր ներկայացուցչությունը Հայաստանում:
Համապատասխան տարածքների միջև և այդ տարածքներից դուրս օդային հաղորդակցությունների հաստատման, ինչպես նաև միջազգային օդային հաղորդակցությունների ոլորտում թռիչքային և ավիացիոն անվտանգության բարձր մակարդակի երաշխավորման նպատակով կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Էլեկտրաէներգիայի սակագների մեղման վերաբերյալ կառավարության որոշումն ընդունվել է
Էլեկրաէներգիայի նոր և նախորդ սակագների փոխհատուցման համար կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ, ՀՀ կառավարությունը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (յուրաքանչյուրը հավասար չափով) մինչև 2016թ. հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում սպառած էլեկտրաէներգիայի դիմաց՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների ու 0.38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կփոխհատուցեն հանձնաժողովի կողմից հաստատված նոր և նախորդ սակագների տարբերությունը (6,93 դրամ/կՎտժ): Որոշմամբ, ամսական 250 կՎտժ-ից ավելի սպառում ունեցող սպառողների համար փոխհատուցում չի նախատեսվում: Միաժամանակ առաջարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին՝ սպառած էլեկտրական էներգիայի դիմաց վերը նշված սպառողներից վճարումները գանձել Հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից 6,93 դրամ/կվտժ նվազեցված չափով:
Այլ որոշումներ
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է «2015 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» որոշում, որով կկարգավորվի 2015թ.-ի նոյեմբեր-2016թ. հունվար ամիսների ընթացքում ՀՀ-ում ձմեռային զորակոչի սահմանված կարգով անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև վարչատարածքային միավորներում ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգումը:
Գործադիրն ընդունել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքով նախատեսված պաշտպանության տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշում: Կարգով հաստատվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին և նրանց օրինական ներկայացուցիչներին տրամադրվող պաշտպանության տեսակները, պաշտպանության տրամադրման հիմքերը: Մասնավորապես, սահմանվում են պաշտպանության ենթակա անձի նկատմամբ իրականացվող պաշտպանության հետևյալ միջոցները՝ անձնական անվտանգության ապահովում, գույքի կամ բնակության վայրի պահպանություն, վտանգի մասին ահազանգման, կապի և անհատական պաշտպանության հատուկ միջոցների տրամադրում, պաշտպանության ենթակա անձի անձնական տվյալների պաշտպանություն, պաշտպանության ենթակա անձի ժամանակավոր տեղափոխում անվտանգ վայր:
Կառավարության որոշմամբ հաստատվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության խնամք և սպասարկում իրականացնող ՊՈԱԿ-ների հաստիքային միավորների չափորոշիչները և սահմանվել են այդ կազմակերպությունների կառուցվածքային ստորաբաժանումները:
Գործադիրը սահմանել է «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով տեղափոխված և (կամ) մաքսային պահեստներում տեղակայված ապրանքների հաշվառման և հաշվետվողականության ներկայացման կարգը: Դրանով կարգավորվում են մաքսային պահեստում պահպանվող ապրանքների շարժի հաշվառման և մաքսային մարմիններին այդ շարժի վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները:
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում բարձրագույն կրթության զարգացման գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով կառավարությունը որոշել է 20000.0 հազար դրամ հատկացնել ԼՂՀ-ում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնա-արտադրական բազայի շինարարության համար:
Կառավարության մեկ այլ որոշմամբ գումար է հատկացրել նաև Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի շենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար: Ուսումնարանի շենքը կառուցվել է 1972 թ-ին և մինչ օրս չի վերանորոգվել:
Կառավարության որոշմամբ պետական գյուղատնտեսական քոլեջը վերակազմակերպվել և միացվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանին, ինչը կնպաստի քոլեջում մասնագետների պատրաստման մակարդակի բարելավմանը, ուսումնական գործընթացի անխափան իրականացմանը: