կիրակի, 1 նոյեմբերի 2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել արվեստագետ Արևշատ Ավագյանի ցուցահանդեսի բացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ այցելել է անվանի գրող Պերճ Պռոշյանի Աշտարակում գտնվող տուն-թանգարան:
Վարչապետը ներկա է գտնվել բանաստեղծ, նկարիչ, թարգմանիչ Արևշատ Ավագյանի «Աշնանային Հայաստանի գույների արտացոլումը Ա. Ավագյանի աշխատանքներում» ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է արվեստագետի 75-ամյա հոբելյանին, ինչպես նաև Ներսես Ե Աշտարակեցու 245-ամյակին նվիրված ցուցադրությանը: 75-ամյակի, ինչպես նաև արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հովիկ Աբրահամյանն Արևշատ Ավագյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Արվեստագետը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ բարձր գնահատանքի և մշակույթի ոլորտին ցուցաբերած մեծ ուշադրության համար:
Այնուհետև կատարումներով հանդես են եկել Աշտարակի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցի սաները, իսկ «Տերյան մշակութային կենտրոն»-ըներկայացրել է հայկական տարազների ցուցադրություն:
Պերճ Պռոշյանի տուն թանգարանում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է նաև մի խումբ մտավորականների՝ գրողների, երաժիշտների, նկարիչների, թատրոնի և կինոյի գործիչների հետ, ծանոթացել մշակույթի բնագավառում իրականացվող ծրագրերին, լսել մտավորականներին հուզող խնդիրները, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի:
Կառավարության ղեկավարն այցելել է նաև Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի: