չորեքշաբթի, 14 մարտի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մասնակցել է նորաստեղծ Հայաստանի ֆոնդային բորսայի բացմանը՝ ողջունելով տնտեսության համար այդ կարևոր կառույցի ստեղծումը: Ողջույնի խոսքում վարչապետը նշել է.
« Հարգելի հյուրեր,
Նախ թույլ տվեք շնորհավորել բոլորիդ այս նշանակալի իրադարձության կապակցությամբ: Հայաստանի ֆոնդային բորսայի ստեղծմամբ ևս մեկ կարևոր քայլ է արվում Հայաստանում շուկայական հարաբերությունների ձևավորման, կապիտալի շուկայի կայացման գործում: Որևէ երկրում, որը որդեգրել է տնտեսության զարգացման շուկայական ճանապարհը, ֆոնդային բորսայի ստեղծումն ու կայացումը այն անհրաժեշտ քայլերից մեկն է, առանց որի հնարավոր չէ կապիտալի շուկան, իսկ խոշոր հաշվով նաև ֆինանսական համակարգը ամբողջապես կայացած համարել: Եվ այս տեսանկյունից խիստ հատկանշական եմ համարում այն հանգամանքը, որ քաղաքակիրթ տնտեսական հարաբերությունների ձևավորման համար կարևոր նշանակություն ունեցող արժեթղթերի շուկայի կայացման այս խնդիրը պետության կողմից վստահվել է հենց մասնավոր բիզնեսի ներկայացուցիչներին՝ բրոքերային ընկերություններին: Օգտվելով առիթից, ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել մեր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում: Պետությունը արժեթղթերի շուկայի համար սահմանում է քաղաքակիրթ հարաբերությունների կանոնները և հետևում՝ դրանց կատարմանը, իսկ շուկայի ստեղծման ու կայացման իրավունքն ու պարտականությունը պատվիրակում է այն մասնագիտացված ընկերություններին, ովքեր աշխատելու են այդ դաշտում: Խիստ կարևորում եմ նաև օրենքով ամրագրված մեկ այլ պահանջ , այն է՝ Հայաստանի ֆոնդային բորսան գործելու է որպես ինքնակարգավորվող կազմակերպություն, որտեղ գործունեություն ծավալող բրոքերային ընկերություններն իրենք են սահմանելու իրենց հարաբերությունների կանոնները և իրենք են հետևելու դրանց կատարմանը: Այս առումով շատ կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ Հայաստանի ֆոնդային բորսայի մասնակիցները՝ բրոքերային ընկերությունները, շատ կարճ ժամանակահատվածում կարողացել են համախմբվել և ստեղծել այս կազմակերպությունը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ Հայաստանի ֆոնդային բորսայի ստեղծման կապակցությամբ՝ հաջողություն եմ մաղթում Ձեզ արժեթղթերի շուկայի կայացման խիստ կարևոր և պատասխանատու խնդրի իրագործման ճանապարհին»: