Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 նոյեմբերի 2015

Վթարից տուժածները կստանան դրամական օգնություն








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը կհատկացվի 50 մլն դրամ նոյեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով տուժած անձանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին կտրամադրվի 1,5 մլն դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ, անհրաժեշտության դեպքում հուղարկավորության համար կտրամադրվեն սգո պարագաներ և տրանսպորտային միջոցներ: Ըստ պահանջի կապահովվի ՌԴ հիվանդանոցներում բուժումը շարունակող անձանց վերադարձը ՀՀ՝ հոգալով տեղափոխման ծախսերը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարության ղեկավարին, տրանսպորտի նախարարին, Տուլայի նահանգապետին և առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին և գոհունակությամբ  է փաստել ստեղծված հանձնաժողովի կատարած արդյունավետ աշխատանքը՝ նշելով, որ դժբախտ պատահարի ընթացքում աշխատել են օպերատիվ և աջակցել մեր քաղաքացիներին:


Կբարձրացվի ոռոգման համակարգերի արդյունավետությունը

Գործադիրի հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել ներդրումային վարկ` 40 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարձրացնել ոռոգման համակարգերի արդյունավետությունը, մեծացնել ոռոգվող հողերի մակերեսը, զարգացնել կառավարչական կարողությունները, ինչպես նաև բարձրացնել ջրօգտագործողների միավորումների տեխնիկական հագեցվածությունը և այլն:
Կառավարության հավանությանն է արժանացել նաև ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. հոկտեմբերի 19-ին ստորագրված «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր – արդյունքների վրա հիմնված փոխատվություն» (հատուկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել վարկ` 88.5 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել դպրոցների շենքերի սեյսմակայունությունը, հզորացնել սեյսմիկ աղետի պատրաստվածության և արձագանքման կարողությունները, բարելավել սեյսմիկ աղետի ռիսկի կառավարման և նվազեցման համար օժանդակող քաղաքականությունները և համակարգերը:


Հաստատվել է էլեկտրաէներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան

Գործադիրը հաստատել է էլեկտրական էներգիայի բաշխման համակարգում էլեկտրական էներգիայի ապօրինի սպառման դեպքերում սպառված էլեկտրաէներգիայի քանակի հաշվարկման մեթոդիկան: Այն կարգավորող մարմնին և շահագործող կազմակերպությանը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկի ժամանակ տարանջատելու անխուսափելի կորուստներն այլ կորուստներից և վերականգնելու ապօրինի սպառման հետևանքով կրած վնասները:
Կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հստակեցնելով ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման համար հողամասերի հատկացման ընթացակարգերը: Արդյունքում՝ կկրճատվեն պետական և համայնքային մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման համար հողամասերի տրամադրման ժամկետները, ինչը կկրճատի նաև հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների ծառայություններին միացման ժամկետները: Այսպիսով՝ սահմանվում են ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների կառուցման համար հողամասերի տրամադրման նպատակով դիմողի կողմից ներկայացվող դիմումի և դրան կից փաստաթղթերի ցանկը, վերջիններիս ներկայացման եղանակը, ներկայացված փաստաթղթերի փորձաքննության ժամկետները, թերի փաստաթուղթ ներկայացնելու դեպքում դիմողի կողմից վերջինիս շտկման հնարավորությունը, լիազոր մարմնի կողմից հողամասը տրամադրելու մասին որոշում կայացնելու համար նախատեսված ժամկետները, ինչպես նաև դրա մերժման հիմքերը:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն ուսումնասիրել է ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը, դրանցում առկա բիզնես գործընթացները: Արձանագրվել է, որ ինովացիոն նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կարգում անհրաժեշտ է հստակեցնել ժամկետները, սահմանել ինովացիոն նախագծերի գնահատման չափանիշները, նախագծի ավարտից հետո սարքավորումների տնօրինման կարգը, մրցույթի հայտի ձևը, ինչպես նաև հայտի ձևը տեղադրել լիազոր մարմնի պաշտոնական կայքում՝ այն ներբեռնելու հնարավորությամբ: Առաջարկվող փոխոխություններից հետո ժամանակի կորստի, մրցույթի հայտի ձև ստանալու գրավոր պահանջի ներկայացման, տրանսպորտային և այլ ծախսերը կկրճատվեն մոտ 10,52 տոկոսով՝ կազմելով 1,199,916 դրամ:


Աջակցություն անասնապահության զարգացմանը

Կառավարության որոշմամբ Խնձորեսկ և Արտաշավան համայնքում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքերը և գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվեն Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնին` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի պահանջների իրականացման նպատակով: Ծրագրի հիմնական նպատակն անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: Ծրագրով, այլ միջոցառումների թվում, նախատեսվում է նաև աջակցություն համայնքներում և ֆերմերային տնտեսություններում իրականացվող անասնաբուժական ծառայությունների մատուցման ոլորտին` կենդանիների առողջության պահպանման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, արհեստական սերմնավորման աշխատանքները բարելավելու նպատակով:
Կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվել են կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները. արդյունքում՝ հանրապետությունում կստեղծվի հավաստի տվյալների բանկ, ինչն էլ կնպաստի նաև պետպատվերի շրջանակում հակահամաճարակային անասնաբուժական միջոցառումների լիարժեք իրականացմանը, հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանը:
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սևանա լճի շրջակայքում` Ծովագյուղ Արտանիշ հատվածի լեռնալանջերին պաշտպանական անտառաշերտի հիմնադրման նպատակով: Անտառապատումն էապես կնպաստի Սևանա լճի սանիտարական, էկոլոգիական հաշվեկշռի վերականգնմանը:


Մշակութային արժեքների արտահանման համար կտրամադրվի եզրակացություն

Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որի համաձայն մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար տրամադրվելու է եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Նախկինում դրա համար ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային արժեքների պահպանության գործակալության կողմից տրամադրվում էր վկայագիր: Ընդունված որոշումը կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների համագործակցության արդյունավետության բարձրացմանը, քանի որ կողմերն առաջնորդվելու են մշակութային արժեքների արտահանման և ժամանակավոր արտահանման միասնական ցանկով և թույլատրող փաստաթղթով:
Կառավարությունն ընդունել է երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի և փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցման լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման կարգը, ինչպես նաև երրորդ երկրներից ՀՀ մաքսային տարածք ներմուծման, ՀՀ մաքսային տարածքից արտահանման և ՀՀ մաքսային տարածքով տարանցման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին որոշում, որը պայմանավորված է ԵԱՏՄ Հայաստանի անդամակցությամբ: Որոշմամբ կկանոնակարգվեն երրորդ երկրներ զենքի արտահանման և երրորդ երկրներից զենքի ներմուծման հետ կապված հարաբերությունները:


Օրենսդրական նախաձեռնություններ


Գործադիրը հավանություն է տվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Առաջարկվող փոփոխություններով կընդլայնվի վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինների շրջանակը և կհստակեցվեն 48-րդ հոդվածի ներկայիս կարգավորումները:
Կառավարությունը քննարկել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն, մասնավորապես, եթե ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացնում պատգամավորի կին թեկնածուն, ապա մանդատը փոխանցվում է կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի հաջորդ կին թեկնածուին: Կառավարությունը դեմ է ներկայացված օրինագծի ընդունմանը, քանի որ նախագծով նախատեսված կարգավորումներն ամբողջական չեն, առկա են լրամշակման և խմբագրման կարիք ունեցող դրույթներ:
Գործադիրը բացասական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված` ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» ՀՀ օրինագծին: Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ, անհրաժեշտ է փոխհատուցման ցուցակում հաշվառված ավանդատուի մահվան դեպքում, նախատեսված փոխհատուցման գումարը ստանալու իրավունքը տալ ժառանգներին` անկախ նրանից այդ գումարը համապատասխան մարմիններին փոխանցվել է, թե ոչ:
Կառավարությունը սկզբունքային առարկություններ չի ներկայացրել ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրինագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ՝ միաժամանակ ներկայացնելով մի քանի առաջարկություններ:
Օրինագիծն ու կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

 

 Այլ հարցեր

Գործադիրը սահմանել է մշտական բնակության նպատակով ՀՀ ժամանող անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման գույքի բնաիրային չափերը. կենցաղային և անձնական օգտագործման օգտագործված սարքեր` յուրաքանչյուր տեսակից 3 հատ, օգտագործված կահույք` յուրաքանչյուր տեսակից մեկ լրակազմ, անձնական օգտագործման մեկ ավտոմեքենա, անձնական գործածության օգտագործված իրեր և այլ տնային օգտագործված գույք՝ առանց քանակային սահմանափակումների:
Գործադիրը սահմանել է պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման, ինչպես նաև էլեկտրոնային փոստի հասցեի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքերը և կարգը: Այսպիսով ՝ կսահմանվի պաշտոնական էլեկտրոնային փոստի տրամադրման ընթացակարգը և դրա հետ կապված այլ հարաբերությունները, ինչը պայմանավորված է պետության հետ էլեկտրոնային եղանակով պաշտոնական շփման միջավայր տրամադրելու անհրաժեշտությամբ: Կարգի ընդունմամբ համապատասխան անձինք կարող են պետության կողմից ստանալ անվճար էլեկտրոնային փոստ, որը համարվում է վերջիններիս և պետության միջև հաղորդակցության պաշտոնական միջոց:
Կառավարությունը հաստատել է Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից իրականացվող փորձաքննություններին հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցության կարգը: Ընդունված որոշումը կնպաստի բժշկասոցիալական փորձաքննության գործընթացի թափանցիկության բարձրացմանը, ԲՍՓ մարմինների կողմից փորձաքննվող անձանց նկատմամբ կայացվող որոշումների օբյեկտիվության ապահովմանը:
Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11:00-ին գումարված ԱԺ արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո գումարել ԱԺ արտահերթ նիստ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ