Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 26 նոյեմբերի 2015

Կառավարությունը շարունակում է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը սահմանել է այն ապրանքների ցանկը, որոնց ներմուծման դեպքում հաշվարկված մաքսատուրքի վճարման ժամկետը կարող է փոփոխվել և որոնք նախատեսված են օգտագործելու արդյունաբերական վերամշակման ընթացքում: Կարգավորման նպատակն է խթանել ներքին արտադրությունը՝ ստեղծելով բարենպաստ գործարար միջավայր:
Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով գործարարների համար, որպեսզի վերջիններս առանց խոչընդոտների ԵԱՏՄ տարածք արտահանեն հայրենական որոշ արտադրատեսակներ: ԵԱՏՄ անդամ երկրներին տրվում է հնարավորություն ԵԱՏՄ հաստատված տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկում ներառելու իրենց ազգային ստանդարտները:
Գործադիրը բավարարել է «ՋիԱրՓի Սիսթեմս» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը. ընկերությունը կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: «ՋիԱրՓի Սիսթեմս»-ը հիմնվել է 2011թ., արդեն մի քանի տարի է ինչ գործունեություն է ծավալում և հանդիսանում տարածաշրջանում միակ ապակեմանրաթելային խողովակներ արտադրող ընկերությունը: Արտադրանքի հիմնական սպառողներն են փոքր հիդրոէլեկտրակայանները: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացմանն է ուղղված նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: Օրինագծի ընդունումը պայմանավորված է հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ գործարար միջավայր ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ հյուրանոցային ծառայություններ մատուցող տնտեսվարողների համար կվերացվեն իրենց տարածքում հեռուստատեսային հաղորդումներ հեռարձակելու համար պահանջվող լիցենզիայի կամ հեռարձակման լիցենզիա ունեցող ընկերության հետ վերահեռարձակման պայմանագիր կնքելու ուղղակի ֆինանսական և վարչարարական ծախսերը, ինչպես նաև առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել առանց լիցենզավորման հեռուստառադիոհաղորդումներն Ազգային հանձնաժողովի գրավոր թույլտվության հիման վրա իրականացնելու վերաբերյալ դրույթը:
Գործադիրը հավանություն է տվել «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է հստակեցնել և կրճատել գործընթացի ժամկետները: Նշենք, որ այդ օրենքով կարգավորվում է գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի ստեղծման, իրավական պահպանության, օգտագործման հետ կապված գույքային և անձնական՝ ոչ գույքային հարաբերությունները:


Կբարձրանա ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը

Ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների դեպքում վճարվող ծննդյան միանվագ նպաստի և ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանված ընտանեկան դրամագլխի միջոցների օգտագործման նպատակները հասանելի դարձնել թիրախային գյուղական բնակավայրերի բնակչության համար: Գործող որոշման համաձայն՝ ընտանեկան դրամագլխի միջոցները կարող են օգտագործվել հիփոթեքային վարկի մայր գումարը մարելու, տոկոսագումարը վճարելու, ընտանիքի անդամի ուսման վարձը վճարելու և ընտանիքի անդամի բժշկական ապահովագրություն ձեռք բերելու համար: Ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունների, ինչպես նաև քաղաքացիների դիմումների վերլուծությունները ցույց են տվել, որ գյուղական բնակավայրերի բնակչությունը դրամագլխի միջոցները գործնականում չի կարողանում լիարժեք օգտագործել հիփոթեքային վարկի մայր գումար մարելու և տոկոսագումար վճարելու համար: Առանձին դեպքերում բանկի պահանջներին չբավարարելու պատճառով գյուղական բնակավայրերում գտնվող անշարժ գույքի հիփոթեք չի ձևակերպվում, սակայն ընտանեկան դրամագլխի միջոցները բավարար են տվյալ գյուղում անշարժ գույք ձեռք բերելու համար: Որոշմամբ նաև սահմանվել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության և Իրաքի Հանրապետության քաղաքացիներին իրավասու մարմինների կողմից տրված` երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող փաստաթղթերն ընդունել առանց հյուպատոսական օրինականացման` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ: Անդրադառնալով ընդունված որոշմանը, վարչապետն այն համարել է շատ կարևոր քայլ, որով ավելացվում են դրամագլխի ծախսերի ուղղությունները և հնարավորություն է տրվում քաղաքացիներին այդ գումարն արդյունավետ օգտագործել:


Մարզերի առաջնային լուծում պահանջող հիմնախնդիրները՝ կառավարության ուշադրության կենտրոնում


Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի Սյունիքի մարզի Կապան համայնքի Ա. Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով: Երաժշտական դպրոցի վերանորոգման նպատակով կառավարության նախկինում ընդունած որոշմամբ գումար էր հատկացվել, սակայն աշխատանքներն ավարտին հասցնելու և դպրոցը շահագործման հանձնելու նպատակով անհրաժեշտ է հատկացնել ևս 28 մլն դրամ: Մեկ այլ որոշմամբ էլ 30 մլն դրամ կհատկացվի նույն մարզի Սիսիան համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման նպատակով: Վերոնշյալ խնդիրը կարճ ժամկետում չլուծելու պարագայում անհրաժեշտություն կառաջանա ներդնել առավել մեծ ֆինանսական միջոցներ: Նշենք, որ այս երկու հարցերն էլ բարձրացվել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ս.թ. նոյեմբերի 21-ին Սյունիքի մարզ կատարած այցի ժամանակ:


Միջազգային համագործակցություն
 

Գործադիրը հավանություն է տվել «Վեդու ջրամբարի ֆինանսավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 75 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագրի նախագծին»: Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացումը հնարավորություն կտա Արարատյան դաշտավայրում մեղմելու սակավաջրությունը, ինչպես նաև մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգի, ինչն իր հերթին կհանգեցնի էլեկտրաէներգիայի խնայմանը: Հովիկ Աբրահամյանր նշել է, որ կառավարությունը ջրամբարաշինությունը հայտարարել է որպես գերակա ուղղություն և հանձնարարել է բոլոր պատկան մարմիններին արագ կազմակերպել համապատասխան գործընթացները, որպեսզի հունվար-փետրվար ամիսներին շինարարական աշխատանքները սկսվեն:
Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Դելոյթ ընդ Տուշ ՍիԱյԷս» ՓԲԸ միջև 2015թ. սեպտեմբերի 7-ին կնքված պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագրով նախատեսված աշխատանքների երկրորդ փուլի կատարման համար: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, որպես քաղաքականություն մշակող նախարարություն, առաջին և երկրորդ փուլերի հետ կապված ներկայացնել վերլուծություն:
Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Նորվեգիայի Թագավորության կառավարության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է դյուրացնել վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին 180 օրվա յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավելի ժամանակահատվածով՝ որոշակի նպատակով գտնվելու համար:


Բարելավվում են դեղերի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդների անբարեխիղճ գովազդի կանխարգելման մեխանիզմները


Կառավարությունը հաստատել է դեղերի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը, այդ գովազդին ներկայացվող պահանջները և ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած որոշումներից մեկը: Այս որոշումն ուղղված է դրանց գովազդի թույլտվության ընթացակարգերում առկա օրենսդրական բացերը վերացնելուն, դեղերի, բուժտեխնիկայի և բուժական ոլորտում անբարեխիղճ, թյուր տեղեկություններ պարունակող գովազդի տարածումը կանխարգելելուն, սպառողների` ճշգրիտ և հավաստի տեղեկություններ ստանալու իրավունքն ապահովող մեխանիզմներ սահմանելուն: Նախկինում կատարված փոփոխությունների արդյունքում էականորեն պարզեցվել է դրանց գովազդի թույլտվության տրամադրման կարգը, սակայն առողջապահության նախարարության դիտարկումներով այս ոլորտում առկա անբարեխիղճ գովազդի տարածման դեպքերը էականորեն ավելացել են, ինչը լի է բացասական հետևանքներով: Այսպիսով՝ ընդունված որոշմամբ սահմանվում է պահանջ՝ դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի` տեղեկատվության միջոցներով գովազդի թույլտվության հայտի հետ մեկտեղ ներկայացնել նաև գովազդի բովանդակությունը (տեքստը) կամ գովազդային հոլովակը: Գովազդի թույլտվության ժամկետը սահմանվում է մինչև 7 աշխատանքային օր, գործող 5-ի փոխարեն, սահմանվում են օտարերկրյա բուժաշխատողների կողմից կիրառվող բուժական մեթոդների գովազդին ներկայացվող նախապայմանները և այլն:
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունն ապահովող միջոցառումների ցանկին: Ըստ այդմ՝ կապահովվի բարձրորակ և արդյունավետ առողջապահական համակարգ, հիվանդանոցային բուժծառայության ոլորտում մատուցվող ծառայությունների պատշաճ մակարդակ: Մասնավորապես, նախատեսվում է մշակել և հաստատել կարևոր նշանակություն ունեցող այնպիսի փաստաթղթեր, ինչպիսիք են` կլինիկական ուղեցույցը, գործունեության ընթացակարգը, ինչպես նաև մասնագիտական բնութագիրը: Արդյունքում՝ հնարավոր կլինի հասնել առողջապահության ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, բնակչության առողջական վիճակի բարելավմանը, բժշկական սխալների նվազեցմանը և այլն:

 

Հաստատվել է գալիք ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
 

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է.
-ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ բակալավրի, անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2016/2017 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Որոշումը կնպաստի հանրապետության տնտեսության, գիտության զարգացման կարիքներին համապատասխան և պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պատրաստմանը:
-Պետական սեփականություն հանդիսացող բնակարանները որպես պաշտոնեական (ծառայողական) բնակարաններ հատկացնելու կարգը: Այսպիսով՝ կկանոնակարգվեն այդ բնակարանների տրամադրման հետ կապված հարաբերությունները, կնախանշվի դրանցից օգտվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, կսահմանվի ծառայողական բնակարանների տրամադրման ընթացակարգը:
-ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը և էլեկտրոնային փաստաթղթերի ձևերը: Ներկայումս ծառայության և Ճանապարհային ոստիկանության միջև տվյալների փոխանակումները, հարցումները, արգելանքի կիրառումը, արգելանքից ազատումն իրականացվում է թղթային տարբերակով, ինչի համար պահանջվում է որոշակի ժամանակ, ինչն էլ իր հերթին առաջացնում է կատարողական վարույթի կողմերի արդարացի դժգոհությունը: Փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային եղանակը ծառայությունների միջև կապահովվի օպերատիվ աշխատանք, ինչպես նաև կնպաստի ժամանակի և դրամական միջոցների խնայմանը:
Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում և հավանություն տվել արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի օրինակելի աշխատակարգին: Հանրային խորհուրդը, մասնավորապես, առաջարկություններ և դիտողություններ կներկայացնի նախարարության կողմից տարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման, նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների վերաբերյալ: Խորհուրդը հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ կքննարկի նաև հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ: Կարևորելով նման խորհուրդների ստեղծումը Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ընդհանրապես պետք է ակտիվացնել քաղաքացիական հասարակության մասնակցությունը բոլոր քաղաքական, տնտեսական գործընթացներում:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ