չորեքշաբթի, 2 դեկտեմբերի 2015
Վարչապետն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի ու Չեխիայի միջև համագործակցությունը և կարևորել բազմաբնույթ կապերի շարունակական զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Կառավարության ղեկավարն արդյունավետ է համարել այս տարի հունիսին Չեխիա կատարած պաշտոնական այցը՝ ընդգծելով, որ բարձրաստիճան պաշտոնական փոխայցելությունները վկայում են հայ-չեխական հարաբերությունների դրական դինամիկայի և քաղաքական երկխոսության բարձր մակարդակի մասին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև խորհրդարանական ակտիվ փոխադարձ շփումները և խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերություններում:
Յան Համաչեկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ մեծ պատիվ է գտնվել բարեկամ Հայաստանում, և ներկայացրել է իր գլխավորած պատվիրակության կազմը, որում ընդգրկված են Չեխիայի բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Գոհունակություն հայտնելով երկու երկրների փոխհարաբերությունների ընթացքից՝ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահն ընդգծել է, որ հայ-չեխական կապերը երբևէ նման բարձր մակարդակում չեն եղել, և պաշտոնական փոխադարձ այցերը հենց այդ մասին են վկայում:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական հարաբերությունների աշխուժացմանը վերաբերող հարցերի և արձանագրել, որ այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան: Այս համատեքստում երկուստեք անհրաժեշտ է համարվել առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացումը և համագործակցության ակտիվացումը: Կարևորվել է, մասնավորապես, գործարար համաժողովների կազմակերպումը, ինչը թույլ է տալիս բացահայտել երկկողմ կապերի զարգացման հնարավորությունները և նախանշել գործակցության նոր ուղղություններ:
Կողմերը քննարկել են նաև ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը, հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ, միաժամանակ շարունակում է Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով ակտիվ գործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը: Պարոն Համաչեկն էլ ասել է, որ անդամակցությունն այս կամ այն ինտեգրացիոն միավորմանը յուրաքանչյուր երկրի որոշումն է, որն արժանի է հարգանքի, և ԵՄ հետ կապերի խորացման համատեքստում պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի յուրաքանչյուր պետության նկատմամբ: Յան Համաչեկը վստահեցրել է, որ որպես ԵՄ անդամ երկիր՝ Չեխիան պատրաստ է հնարավորինս աջակցել Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը և այս հարցում Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵՄ ընդհանուր դիրքորոշմանը համահունչ: Յան Համաչեկն էլ ընդգծել է, որ որպես Չեխիա-Ադրբեջան բարեկամական խորհրդարանական խմբի անդամ՝ մշտապես ընդգծում է հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը:
Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին Չեխիայի Սենատի և Պատգամավորների պալատի պատվիրակության մասնակցությունը և շնորհակալություն հայտնել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելու համար:
Հայ-չեխական կապերի սերտացման համատեքստում կողմերը բարձր են գնահատել նաև Չեխիայի հայ համայնքի դերակատարությունը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Չեխիայի իշխանություններին և Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային՝ ս.թ. հոկտեմբերի 14-ին Պրահայի Սուրբ Հոգու միջնադարյան եկեղեցին Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական համայնքին տրամադրելու հարցում ցուցաբերած օժանդակության համար: