հինգշաբթի, 10 դեկտեմբերի 2015
Վարչապետը հորդորել է լինել հետևողական դեղերի շուկայում գնագոյացման գործընթացների նկատմամբ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, վարչապետի հանձնարարականով դեղերի շուկայում գնագոյացման գործընթացների ուսումնասիրության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Արտակ Շաբոյանը նշել է. «Հանրապետության վարչապետի հանձնարարականով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ է ներկայացարել դեղերի շուկայում պարզելու՝ արդյոք կան չհիմնավորված գնային բարձրացումներ, թե ոչ: Քանի որ հանձնաժողովի տեսադաշտում են գտնվում խոշոր ընկերությունները՝ գերիշխող դիրք զբաղեցնողները, այդ պատճառով հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել դեղեր ներկրող առաջին հինգ ընկերությունների շրջանում: Դրանք են՝ «Նատալի ֆարմ», «Ալֆա ֆարմ», «Վագա ֆարմ», «Ամիկուս» և «Էսկուլապ» ընկերությունները: Հանձնաժողովն ուսումնասիրել է այդ ընկերությունների գնային քաղաքականությունը՝ սեպտեմբերից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Քանի որ դեղերի տեսակները շատ են, այդ պատճառով հանձնաժողովը գնագոյացման հաշվարկներն իրականացրել է կարևոր դեղերի գծով: Կարևոր դեղեր ասելով հասկանում ենք այն դեղերը, որոնք ընդգրկված են առողջապահության նախարարության հիմնական դեղերի ցանկում: Դրանք թվով 483 դեղեր են: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը, որ գնային բարձրացումներ են տեղի ունեցել «Նատալի ֆարմ» և «Ալֆա ֆարմ» ընկերությունների մոտ: Մասնավորապես, «Ալֆա ֆարմ» ընկերության մոտ երեք տեսակի դեղերի գներ են բարձրացել՝ դա «Դիկլոֆենակ» ցավազրկող դեղն է և «Կոնկարոն», «Ֆոլիևային թթու» արյան վրա ազդող դեղերը, որոնց գծով տեղի են ունեցել էական գնային բարձրացումներ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է հետևյալը, որ գների բարձրացումներն ամբողջությամբ պայմանավորված են եղել այդ դեղերի ձեռք բերման գների ավելացմամբ: Ինչ վերաբերում է «Նատալի ֆարմ» ընկերությանը, ապա գնային բարձրացում է տեղի ունեցել «Ամիոդարոն» դեղի գծով, որը հանդիսանում է սրտանոթային դեղ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ բարձրացումն արձանագրվել է այն բանի հետևանքով, որ համեմատությունները կատարվել են սեպտեմբեր ամսվա նկատմամբ, իսկ տվյալ ժամանակահատվածում այս դեղը վաճառվել է բավականին ցածր, զեղչված գներով, որն էլ իր հերթին պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ տվյալ ժամանակահատվածում դեղի պիտանելիության ժամկետը մոտեցել է ավարտին: Առհասարակ այս դեղի գինը բարձր է և մշտապես բարձր գներով է վաճառվել: Մնացած դեղերի գծով էական գնային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Այնուհանդերձ կցանկանայի տեղեկացնել, որ այս ուսումնասիրությունները շարունակական բնույթ են կրելու և կցանկանայի հավաստիացնել, որ եթե մեր ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ գնային փոփոխությունները տեղի են ունենում տնտեսվարողների հակամարցակցային գործողությունների հետևանքով, ապա այդ տնտեսվարողները կենթարկվեն խիստ պատասխանատվության»:
Վարչապետը հորդորել է այդ հարցում լինել հետևողական:
Հավանության է արժանացել «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» ծրագիրը
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Եվրանդ Զախարյանը ներկայացրել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագրիը:
Ինչպես նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ հաշվի առնելով 2013-2014թթ. ընթացքում վառելիքաէներգետիկ շուկայում և էներգետիկ համակարգում կիրառվող տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման խորացման և ընդլայնման նկատվող միտումները, Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և այլ երկրների հետ բանակցությունների արդյունքներն՝ անհրաժեշտություն է առաջացել նախանշել և մեկտեղել երկարաժամկետ հեռանկարում (մինչև 2036թ.) էներգետիկայի բնագավառում ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը, որի նպատակով մշակվել է «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագիրը:
Ըստ որոշման հիմնավորման, նշված փաստաթղթի հիմքում հաշվի են առնված 2013թ. հոկտեմբերի 23-ի 182-ՆԿ ՀՀ Նախագահի կարգադրությամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի» և 2014թ. հուլիսի 31-ի թիվ 836-Ն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» բոլոր ռազմավարական միջոցառումները: Փաստաթուղթը հանդիսանում է վերջիններիս տրամաբանական շարունակությունը` երկարաժամկետ հատվածում: Այն վերաբերվում է էներգետիկ միջոցառումների իրականացմանը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Սույն փաստաթուղթը ներառում է Հայաստանի ընդհանուր վառելիքաէներգետիկ համալիրի նվազագույն ծախսերով և ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված հեռանկարային զարգացումները, ինչպես էներգիայի արտադրության, այնպես էլ էներգետիկ համակարգի ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մասով: Այս փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը հիմնավորված է նաև նրանով, որ նոր ատոմային բլոկի շահագործման հանձնելու գործընթացը տևում է առնվազն 10 տարի և համապատասխան որոշում կայացնելու համար կառավարությանը հարկավոր է ունենալ երկրի վառելիքաէներգետիկ համալիրի երկարաժամկետ զարգացումների և ռիսկերի տեսլականը: Զարգացման պլանավորման ժամանակահատվածը կազմում է 20 տարի: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման մշակումները պահանջում են վերանայում յուրաքանչյուր 2-3 տարին մեկ՝ ընթացիկ փոփոխությունները հաշվի առնելու նպատակով: Սույն փաստաթղթի հիմքում դրված է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ մշակված ՀՀ էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը: Այս ծրագիրը 2014 և 2015 թվականներին լայն քննարկման առարկա է դարձել ՀՀ կառավարությունում և Հանրային խորհրդում, շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային ֆինանսական կազմակերպությունների մասնակցությամբ: 2015 թվականի հուլիսի 22-ն ք.Երևանի «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում կայացավ «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագրի շնորհանդեսը` ՀՀ վարչապետի մասնակցությամբ, իսկ սեպտեմբերի 9-ին` հասարակական լսումներ:
Ծրագիրը սահմանված կարգով ներկայացվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որի վերաբերյալ տրվել է դրական եզրակացություն: Ծրագրի նպատակն է` ունենալ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ` մինչև 2036թ. զարգացման տեսլականը, որը նպատակաուղղված կլինի ապահովելու ՀՀ էներգետիկ անվտանգությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ:
Վարչապետը կարևորելով ծրագրի իրականացումը նշել է, որ էերգետիկ համակարգը մեր երկրի տնտեսության ողնաշարն է: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը և մյուս բոլոր կառույցներին, ընկերություններին ծրագրի մշակման գործում մեծ ծավալի աշխատանք կատարելու համար:
Նշենք, որ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագրին:
Կլուծվեն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում արդիական համարվող մի շարք խնդիրներ
Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հիշյալ օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Նախագահի մոտ 2015թ. սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում հանրապետական իրավասու գործադիր մարմիններին տրված հանձնարարականների պահանջների կատարմամբ: Այս հանձնարարականների կատարման համար ՀՀ վարչապետի կողմից ձևավորվել էր աշխատանքային խումբ: Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի լուծել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա արդիական համարվող մի շարք խնդիրներ: Մասնավորապես՝ լուծում է տրվում միտում չպարունակող, նվազ նշանակություն ունեցող տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու խնդրին: Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև չտուգանել այն դեպքերում, երբ իրավախախտը խախտումը կվերացնի տեղում: Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է նաև օրենսդրական փաթեթի երրորդ կարևոր շեշտադրումը. «2014թ. դեկտեմբերին ընդունեցինք օրենք, որով 6 ամսյա ժամկետում քաղաքացիներին հնարավորություն տվեցինք, որպեսզի նրանք վարչական իրավախախտումների դեպքում վճարեն միայն մայր գումարն՝ ազատվելով ավելացված տուգանքներից: Մեր շատ քաղաքացիներ օբյեկտիվ պատճառներով պարզապես հնարավորություն չէին ունեցել կատարելու այդ վճարումները: Այդ իսկ պատճառով մենք համաներման ժամկետն այս պահին երկարաձգում ենք ևս 6 ամսով՝ հնարավորություն ընձեռելով նրանց վճարելու միայն մայր գումարը»: Խստացվել է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը, ինչպես նաև տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները: «Մենք բարձրացնում ենք պատասխանատվությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն»,-նշել է նախարարը: Կարևորելով ներկայացված օրենսդրական փաթեթը Հովիկ Աբրահամյանը նշել է, որ աշխատանքային խումբը շատ օբյետիվ, անաչառ առաջարկություններ է ներկայացրել. «Իրոք, ոչ սթափ վիճակում վարելու դեպքում տուգանքը և պատասխանատվության ենթարկելը խստացնելը շատ արդար է»: Վարաչպետն առաջարկել է օրենսդրական փաթեթն ընդգրկել ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում, որպեսզի մինչև տարեվերջ օրենքն ընդունվի և քաղաքացիները կարողանան օգտվել դրական փոփոխություններից:
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կտրամադրվի հավելյալ քանակությամբ տեսակցություններ: Նախագծի ընդունման արդյունքում կպահպանվեն միջազգային բազմաթիվ փաստաթղթերի պահանջները, ինչպես նաև միջոցներ կձեռնարկվեն առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապերի ամրապնդմանը նպաստելու, դատապարտյալների հետ տարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ: Ի վերջո, տեսակցությունների թվի ավելացումը հավելյալ խթան կհանդիսանա ազատազրկված անձանց կողմից օրինապահ վարքագծի դրսևորման համար:
Գործադիրը հավանություն է տվել «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը կարգավորում է գյուղատնտեսական կոոպերատիվների և դրանց միությունների ստեղծման, անդամակցության, գործունեության իրականացման, կառավարման, գործունեության դադարման, վերակազմակերպման, լուծարման հետ կապված հարաբերությունները և սահմանում է դրանց մասնակիցների իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը, ինչպես նաև՝ կոոպերատիվների պետական աջակցության ուղղությունները: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ կհստակեցվեն գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, կխթանվի գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը, կբարձրանա գյուղացիական տնտեսությունների գործունեության արդյունավետությունը, տնտեսվարողների մրցունակությունը, երկրի պարենային անվտանգության մակարդակը: Կոոպերատիվների գործունեությունը կնպաստի նաև գյուղական համայնքների զարգացմանը:
Վարչապետն իր դժգոհությունն է հայտնել էկոնոմիկայի, գյուղատնտեսության և արդարադատության նախարարությունների ղեկավարություններին. «Ես հորդորում եմ կառավարության բոլոր անդամներին, քանի որ տարին ավարտվում է, ևս մեկ անգամ գույքագրեն իրենց պարտավորությունները, որպեսզի մենք հետագայում ավելի տհաճ խոսակցություններ չունենանք»:
Հարկային և մաքսային վճարների արտոնություններ՝ ծրագրի արդյունավետ իրականացման համար
Կառավարությունը հավանություն է տրվել «Իրան-Հայաստան 400կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի՝ ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծին: Քաղաքաշինության բնագավառում գործունեության իրականացման համար պահանջվող լիցենզիաների ստացման պահանջից ազատելով հնարավորություն կստեղծվի պահպանել էլեկտրահաղորդման օդային գծի` ՀՀ տարածքում անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ սահմանված հարկային և մաքսային վճարների արտոնությունները, ինչն էլ կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը: Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 107.9 մլն եվրո: Էլեկտրահաղորդման գծի կառուցումը նպատակաուղղված է գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության ապահովմանը: «Սա Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գիծն է, որը 107 մլն եվրոյի ծրագիր է: Շինարարական աշխատանքները սկսվել են. մենք շինարարին տալիս ենք հնարավորություն, որպեսզի սկսի այդ գործընթացը», - նշել է Հովիկ Աբրահամյանը:
Քարանձավների արդյունավետ օգտագործումը կնպաստի համայնքներում զբոսաշրջության զարգացմանը
Գործադիրը հավանություն է տվել զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագրին: Որոշման ընդունումը կնպաստի ընտրված քարանձավների զբոսաշրջային նպատակներով օգտագործմանը: Հայաստանի տարածքում գտնվող բազմաթիվ բարձրարժեք քարանձավները չեն շահագործվում զբոսաշրջության նպատակներով: Մինչդեռ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ քարանձավները հանդիսանում են կարևորագույն զբոսաշրջային գրավչության օբյեկտ, և դրանց զբոսաշրջային նպատակով օգտագործումը կարող է էապես նպաստել ինչպես դրանց պահպանման խնդիրների լուծմանը, այնպես էլ հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը և մրցունակության բարձրացմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ու եկամուտների ավելացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը: Վարչապետ Աբրահամյանի կարծիքով՝ դա լավ գաղափար է, ուղղակի պետք է հետամուտ լինել այն իրականացնելու համար. «Ես կարծում եմ՝ վերահսկողական ֆունկցիաները պետք է տրամադրվեն քաղաքականությունը մշակող նախարարությանը՝ այսինքն մշակույթի նախարարությանը»:
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Ազատ տնտեսական գոտում պարզեցված (մեկ պատուհանի) սկզբունքով պետության կողմից ծառայությունների մատուցման կարգում: Առաջարկվում է հստակեցնել ժամկետները, պետական ծառայության մատուցման համար դիմումի ձևերը տեղադրել էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ: Ընդունված որոշման արդյունքում ակնկալվում է, որ հստակ կլինեն կոնկրետ գործողությունների կատարման ժամկետները, դիմումի ձևը հասանելի կլինի դիմումատուի համար և անհրաժեշտություն չի լինի դիմում տրամադրելու պահանջով դիմել լիազոր մարմնին: Որոշման հիմնավորման համաձայն, յուրաքանչյուր դիմումատուի գծով ծախսը կազմում է 13.200 ՀՀ դրամ և առաջարկվող փոփոխություններից հետո ծախսերը կնվազեն 11.000 ՀՀ դրամով կամ 83,33 տոկոսով:
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագրին, որով նախատեսվում է Հայաստանին տրամադրել վարկ` 21 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի նպատակն է հանրային ֆինանսական հաշվետվությունների որակի և ընտրված էլեկտրոնային կառավարման կատարելագործված ծառայությունների հասանելիության բարելավումը:
Գործադիրը հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված «Զարգացման քաղաքականության երրորդ վարկ» վարկային համաձայնագրին: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել բյուջետային վարկ` 50 մլն ԱՄՆ դոլարի չափով: Ծրագրի երրորդ ֆինանսավորման նպատակն է օժանդակել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին հետևյալ հիմնական ուղղություններով՝ հարկաբյուջետային, սոցիալական և շրջակա միջավայրի կայունության խթանում և մրցունակության ամրապնդում: Կարևորելով ընդունված որոշումը Հովիկ Աբրահամյանը նշել է. «Իրոք, մեծ աշխատանք է կատարվել և այս պարտավորություններն ավարտելուց հետո գումարը հատկացվել է: Ես ողջունում եմ»:
Բնակարաններով կապահովվեն ավելի քան 20 ընտանիքներ
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N5 բազմաբնակարան շենքի բնակարանների ամբողջական բաշխումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում՝ միաժամանակ լուծելով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրները: Ըստ այդմ՝ առաջարկվում է շենքի 26 բնակարանները հատկացնել մարզի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շահառու ճանաչված 6, մարզի Ծաղկահովիտ համայնքում բնակվող՝ սոցիալապես անապահով և բնակարանի կարիք ունեցող 4, ինչպես նաև մարզի Ծաղկահովիտ և Կոշ համայնքներում բնակվող՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող 16 ընտանիքի:
Միաժամանակ, հաշվի առնելով համայնքում ծառայողական բնակարանի անհրաժեշտությունը, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի միջնորդությունը, առաջարկվում է 1 հատ 4-սենյականոց բնակարան և 2 հատ 3-սենյականոց բնակարան հանձնել, համապատասխանաբար, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը: Անդրադառնալով ծառայողական բնակարանի անհրաժեշտությանը գործադիրի ղեկավարը նշել է. «Զոհվածի կամ երկրաշարժից տուժած ընտանիք չկա՞: Անօթևան մարդկանց տրամադրեք: Դեմ եմ, որ լինի ծառայողական բնակարան, տվեք մի անապահով ընտանիքի կամ զոհվածի ընտանիքի»:
Աջակցություն գործարար միջավայրի բարելավմանը
Կառավարության որոշմամբ «Ավտոմատիկա» ՓԲԸ-ում առկա ֆինանսական խնդիրները կարգավորելու, ինչպես նաև ընկերության հետագա մասնավորեցման գործընթացը արդյունավետ դարձնելու նպատակով 2015թ. պետբյուջեից կտրամադրվի 88,731,015 ՀՀ դրամ գումարի չափով բյուջետային վարկ` մինչև 2020 թ. դեկտեմբերի 15-ը մարման ժամկետով, տարեկան 8,5 տոկոս տոկոսադրույքով: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ընկերություն կատարած իր այցի ժամանակ համոզվել է, որ այնտեղ առկա է մեծ ներուժ և այն պետք է գործարկվի. «Իմ կարծիքով շատ ճիշտ որոշում է, բայց պետք է լինենք հետևողական, որպեսզի սա աշխատի»:
Կառավարության որոշմամբ «Արմյանսկիյ Ուրաժայ» ՍՊԸ-ին տրվել է ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ընկերությունը գործունեություն է ծավալում ջերմոցային տնտեսության ոլորտում և նախատեսում է զբաղվել հոլանդական վարդերի աճեցմամբ: Բարձրորակ հոլանդական վարդերի աճեցման համար ջերմատունը հարկավոր է համալրել անհրաժեշտ սարքավորումներով, այդ թվում՝ լուսավորման համակարգերով, որոնք ներմուծվում են Նորվեգիայից, ինչպես նաև վարդերի սածիլներով, որոնք ներմուծվում են Նիդերլանդներից: Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և վերաբաշխումներ են կատարվել «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաև դրանից բխող համապատասխան կառավարության որոշման մեջ: Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի մոտ 2015 թվականի դեկտեմբերի սկզբին կայացած ԾԻԳ-երի 11 ամսվա կատարողականների քննարկման արդյունքներով, ինչպես նաև իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերով սպասվող տարեկան կանխատեսումներով պայմանավորված լրացուցիչ համաֆինանսավորման նախատեսման հետ: Քննարկվող նախագիծը ներառում է մի շարք ծրագրերի գծով վերաբաշխումներ և նախագծի ընդունումը նպատակաուղղված է արտաքին աղբյուրներից ստացվող միջոցներով իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի բնականոն ընթացքն ապահովելու, պահանջվող լրացուցիչ համաֆինանսավորման միջոցները նախատեսելու և ծրագրերի նախատեսված կատարողականներն ապահովելու համար: ՀՀ վարչապետի մոտ կայացած ԾԻԳ-երի 11 ամսվա կատարողականների քննարկման արդյունքներով մի շարք ծրագրերի գծով կանխատեսվում է բարձր կատարողական, որը պահանջում է լրացուցիչ համաֆինանսավորման միջոցների նախատեսում: Կան նաև ծրագրեր, որոնց կանխատեսվող կատարողականը, օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, որոշակիորեն տարբերվելու է տարեկան նախատեսված ցուցանիշներից, որի արդյունքում դրանց գծով կատարվել են համապատասխան վերաբաշխումներ: Վարչապետի խոսքով՝ սա այն հետևողական աշխատանքի արդյունքն է, որ միջազգային բոլոր ծրագրերը 100 և ավելի տոկոսով կատարվելու են այս տարի:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի և ՀՀ 2016թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագծին: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է, որ գործընկերներին առաջարկվում է մինչև դեկտեմբերի 15-ը ներկայացնել առաջարկություններ, իսկ մինչև դեկտեմբերի 20-ը՝ գնումների անվանացանկը, որպեսզի 2016թ.-ի հունվարի 1-ից սկսած ունենանք հստակ ծրագիր: Վարչապետի խոսքով, գրավոր հանձնարարականներ կտրվեն բոլոր նախարարություններին, գերատեսչություններին՝ հնչեցրած ժամկետներում առաջարկությունները ներկայացնելու համար:
Հաստատվել է ՀՀ թռիչքային անվտանգության պետական ծրագիրը
Գործադիրը հաստատել է Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագիրը, որի նպատակն է թռիչքային անվտանգության ապահովման համակարգի շարունակական կատարելագործումը և դրա հնարավորինս ամբողջական կիրառումը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ( ԻԿԱՕ) ստանդարտներին համապատասխան: Ծրագիրը կոչված է ապահովելու թռիչքների անվտանգության ապահովման արդյունավետության ընդհանուր ցուցիչների վերահսկումն ու գնահատումը, թռիչքների անվտանգության պետական կառավարման համակարգի շարունակական բարելավումը և այլն: Զեկուցվել է նաև, որ թռիչքային անվտանգության բնագավառում Հայաստանի քաղաքացիական ավիացիան այս տարի անցել է աուդիտ, որի տվյալները բավականին բարձր են. համաշխարհային չափանիշներով թռիչքային անվտանգության միջին մակարդակը գնահատվում է 62,9 տոկոս, իսկ Հայաստանինը՝ 84,23 տոկոս է, որը ավելի քան 21 տոկոսով բարձր է:
Այլ հարցեր
Երևանի «Կապույտ» մզկիթ» հուշարձանի (1766 թ.) իրավական կարգավիճակի հստակեցման, ՀՀ օրենսդրությանը համապատասխան հուշարձանի և դրա զբաղեցրած հողատարածքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն ապահովելու, ՀՀ մշակույթի նախարարության ձեռնարկած՝ հուշարձանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու գործընթացը միջազգային չափորոշիչներին և պահանջներին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությամբ՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում
Կառավարության որոշմամբ դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ:
Կառավարության որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին ս.թ. դեկտեմբերի 14-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:
Գործադիրի ղեկավարը ևս մեկ անգամ հորդորել է բոլոր նախարարություններին, գերատեսչություններին գույքագրել բոլոր պարտավորությունները, որպեսզի դրանք մինչև տարեվերջ 100 տոկոսով կատարված լինեն:
Նիստի վերջում հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը. «Կցանկանայի մեր գործընկերներին տեղյակ պահել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների համատեքստում, ինչպես և նախատեսել էինք, կարևոր ուղղություններից մեկն առհասարակ միջազգային պայքարն է ցեղասպանության հանցագործության դեմ, և Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ, 90 երկրի համահեղինակությամբ ՄԱԿ-ում երկու կարևոր բանաձև էր ընդունվել: Երեկ՝ առաջին անգամ պատմության մեջ, ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Նյու Յորքում, նշվում էր բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օրը: Միջոցառման համահյուրընկալողներն էին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նախագահը, գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը ցեղասպանությունների կանխարգելման գծով և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ դեսպան Զոհրաբ Մնացականյանը: Այն շատ մեծ արձագանք է ստացել. «Պոլիտիկո» ամսագրում մեծ հոդված և գովազդային էջ էր դուրս եկել, որտեղ առհասարակ ցեղասպանությունների մասին էր խոսվում, և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը համահովանավորողներից էր, ինչպես նաև «100 կյանք» («The 100 LIVES») ծրագիրը, այսինքն՝ սա այն օրինակներից է, երբ մենք, իրոք, հասանք դրված խնդրի լուծմանը: Հիմա ինտենսիվ աշխատանք է տարվում 2016 թ. ապրիլի 23-ին Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական գլոբալ երկրորդ ֆորումի անցկացման ուղղությամբ, և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ֆորումի հիմնական թեման լինելու է ցեղասպանության հանցագործությունը և փախստականների ճգնաժամը, որը շատ արդիական և միջազգային մեծ հետաքրքրություն ներկայացնող թեմա է»: