չորեքշաբթի, 21 ապրիլի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրես Ունգային (նստավայրը՝ Աթենք): Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ, վարչապետը հույս է հայտնել, որ Անդրես Ունգայի պաշտոնավարությունը կնպաստի Հայաստանի և Էստոնիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը:
Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է Մերձբալթյան և Հարավային Կովկասի պետությունների՝ եվրոպական երկրների ընտանիքին ինտեգրման գործընթացը: Անդրանիկ Մարգարյանը շնորհավորել է դեսպանին՝ Եվրոպական Միությանը Էստոնիայի առաջիկա (այս տարվա մայիսի 1-ին) անդամակցության կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ի դեմս այդ երկրի, Հայաստանը Եվրամիության շրջանակներում ձեռք կբերի եվրոպական ինտեգրացիայի իր ջանքերին աջակցող վստահելի գործընկեր: Դեսպան Անդրես Ունգան իր հերթին նշել է, որ Էստոնիան՝ որպես Եվրամիության նոր անդամ, ողջունում է «Նոր հարևանություն» նախաձեռնության ծրագիրը, որով Հարավային Կովկասի երկրները, այդ թվում նաև Հայաստանը, հնարավորություն կունենան մաս կազմելու եվրոպական մեծ ընտանիքին: Վարչապետը դեսպանին շնորհավորել է նաև Էստոնիայի՝ ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ դառնալու առթիվ, նշելով, որ Հայաստանը ևս շարունակելու է «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը հետևողականորեն զարգացնելու իր քաղաքականությունը: Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Էստոնիայի ներկայացուցիչների սերտ համագործակցության անհրաժեշտությունը միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում:
Զրույցի ընթացքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և դեսպան Անդրես Ունգան նշել են երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանման անհրաժեշտությունը, որոնք նկատելիորեն հետ են մնում երկկողմ քաղաքական հարաբերությունների զարգացման մակարդակից: Նրանք կարևորել են երկու երկրների միջև տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներում համագործակցության, գործարար համաժողովների անցկացման, փոխադարձ այցերի կազմակերպման, երկկողմ ապրանքաշրջանառության խթանման նպատակով առանձին նախարարությունների, առևտրաարդյունաբերական պալատների միջև սերտ փոխգործակցության հաստատման խնդիրները:
Հաշվի առնելով Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կարևորությունը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը առանձնապես կարևորել է այդ ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումը, մասնավորապես, Էստոնիայի էլեկտրոնային կառավարման ակադեմիայի փորձի տարածումը Հայաստանում: Հանդիպման ավարտին վարչապետը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին՝ մեր երկրում իր դիվանագիտական գործունեության ընթացքում և կառավարության ու անձամբ իր անունից պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել նրան: