ուրբաթ, 8 հունվարի 2016
Վարչապետն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին:
ՀՀ վարչապետը և ՌԴ տրանսպորտի նախարարը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Այս առումով երկուստեք բարձր է գնահատվել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Զրուցակիցներն արձանագրել են հանձնաժողովի 16-րդ նիստի հանձնարարականների կատարման բարձր մակարդակը և պայմանավորվածություն ձեռք բերել՝ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել 2016 թ. հուլիսին Սանկտ Պետերբուրգում:
Առևտրատնտեսական կապերի սերտացման համատեքստում կողմերը քննարկել են տարածաշրջանային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հեռանկարները: Ռուսական կողմը կարևորել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը և պատրաստակամություն հայտնել ուսումնասիրել հնարավոր մասնակցության հարցը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Վերին Լարսի անցակետում բեռների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման գործընթացի արագացման խնդրին և քննարկել հարցի լուծման հնարավոր տարբերակները: