Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 հունվարի 2016

Կառավարության նիստում ներկայացվել է վերջին օրերի համաճարակաբանական իրավիճակը








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետի հանձնարարությամբ վերջին օրերին համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը. «Վերջին 20 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում նկատվել է սուր շնչառական հիվանդությունների զգալի աճ, որն, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած տվյալների, պայմանավորված է եվրոպական տարածաշրջանում համանման հիվանդությունների զգալի աճի հետ, մասնավորապես, A տեսակի գրիպի, որի 56 տոկոսը, ըստ համապատասխան տվյալների, պայմանավորված է H1N1 հարուցիչով: Դեկտեմբերի 30-ին վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարի գլխավորությամբ ձևավորվել է արագ արձագանքման խումբ և կատարված աշխատանքների մասին ամեն օր զեկուցվել է վարչապետին: Երկու հիմնական ուղղություններ են զարգացել, մեկը՝ կանխարգելիչ, որը կրել է և´ օպերատիվ բնույթ, և´ պլանային: Պլանայինից կարող եմ նշել, որ մենք դեռևս սեպտեմբեր ամսից կազմակերպել ենք H1N1 հարուցիչի դեմ պայքարի համապատասխան դասընթացներ բժիշկների համար, շուրջ 15000 մարդու պատվաստվել է կամավոր սկզբունքով, ներառյալ խոցելի խմբերը՝ մասնավորապես, մանկատներում, ծերանոցներում, հոգեբուժարաններում գտնվող անձինք, ընդունարանների և առաջնային օղակի բուժանձնակազմը: Ուժեղացվել են, համապատասխանաբար, սահմանային անցումային կետերում գտնվող մեր ծառայությունները: Ամսի 8-ից հետաձգվել են դպրոցների և նախադպրոցական հաստատությունների աշխատանքները: Սահմանափակվել է հիվանդանոցների առանձին բաժանմունքների մուտքը: Բուժական աշխատանքներից կազմակերպվել է շուրջօրյա պոլիկլինիկական ծառայությունների աշխատանք տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության և քաղաքապետարանի հետ համատեղ, ներառյալ շաբաթ և կիրակի օրերը:
Ընդհանուր առմամբ 20000-ից ավելի այցելություն է եղել պոլիկլինիկական ցանց, որից 7000-ը պայմանավորված է եղել սուր շնչառական վարակներով: Հիվանդանոցային ցանցն աշխատել է շուրջօրյա ծանրաբեռնվածությամբ: Այս պահին հիվանդանոցներում գտնվում է 948 հիվանդ սուր շնչառական ինֆեկցիաներով, 420 հիվանդ գտնվում է թոքաբորբերով, 114 հղի կին գտնվում է հսկողության ներքո: Այդ 420 հիվանդից 213-ը երեխաներ են, 38-ը թոքաբորբով հղի կանայք են, վերակենդանացման բաժիններում գտնվում է 92 հիվանդ: Երեխաների թիվը կազմում է 796՝ ընդհանուր հոսպիտալացման 80 տոկոսից ավելին: Հարյուրավոր հիվանդներ ապաքինված արդեն գտնվում են տանը: Ցավոք, արձանագրվել են նաև մահվան դեպքեր. մինչև տարվա սկիզբ՝ 3 դեպք, այս տարվա ընթացքում՝ 8 դեպք, որոնց մոտ գրանցվել է H1N1 հարուցիչը: Բոլոր մահվան դեպքերը եղել են վերակենդանացման բաժիններում՝ ուղեկցող հիվանդություններով կամ ուշ դիմելիության պայմաններում: Այս պահին 11 հիվանդի միացված է արհեստական շնչառության ապարատ, և նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ամբողջ գործընթացը կազմակերպվել է պետական պատվերի շրջանակում՝ անկախ սոցիալական կարգավիճակից և արտոնություններից: Համապատասխան դեղորայքով հագեցած է եղել հիվանդանոցային ցանցը, ներառյալ համապատասխան հարուցիչի դեմ պայքարի «Տամիֆլյու» դեղամիջոցը, որը տրվել է անվճար սկզբունքներով: Երեկվանից այդ դեղը անվճար տրվում է նաև ամբուլատոր ցանցում: Մինչ այդ այլ տեսակի հակավիրուսային դեղերը ևս տրամադրված են եղել պոլիկլինիկական ցանցում: Երեկ տեսնելով, գնահատելով, որ ներհիվանդանոցային վարակների խնդիր կարող ենք ունենալ, նաև ամբուլատոր ցանցին ենք տրամադրել՝ հաշվի առնելով, որ բնակչության հիմնական զանգվածը գնում է դեպի հիվանդանոցներ և ոչ թե պոլիկլինիկաներ: Առավոտյան տվյալներով, երեկվա երեկոյան տվյալների հետ համեմատած, ունենք դեպքերի քանակի նվազում: Սակայն հաշվի առնելով, որ հոսպիտալացված ընդհանուր հիվանդների 80 տոկոսը երեխաներ են, և քանի որ մեր կանխարգելիչ միջոցառումների ցանկում դպրոցների և նախադպրոցական հաստատությունների աշխատանքների մեկ շաբաթով հետաձգումը տվել է իր արդյունավետությունը, առաջարկում ենք ևս մեկ շաբաթով երկարաձգել ձմեռային արձակուրդները դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում: Շարունակվում են նաև կանխարգելիչ և բուժական աշխատանքները, որի մասին կտեղեկացնեմ հավելյալ»:

Պատասխանելով Հովիկ Աբրահամյանի հարցերին՝ նախարարն ընդգծել է, որ սուր շնչառական հիվանդություներով վարակված բոլոր քաղաքացիների հիվանդանոցային բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակում, ինչպես նաև հանրապետության բոլոր բուժհաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով: Վարչապետը հանձնարարել է կարգավորել դպրոցների և նախադպրոցական հաստատությունների արձակուրդը մեկ շաբաթով երկարաձգելու հարցը:
Այնուհետև զեկույցով հանդես է եկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով վարչապետի հանձնարարականի հիման վրա տնտեսության մի շարք ոլորտներում անցած տարվա վերջին իրականացրած վերահսկողության, ինչպես նաև առաջին անհրաժեշտության ապրանքների գների ուսումնասիրության արդյունքները:
«Ձեր հանձնարարականի հիման վրա Տնտեսական մրցակցությասն պաշտպանության պետական հանձնաժողովն անցած տարվա վերջին խիստ վերահսկողություն է իրականացրել տնտեսության մի շարք ոլորտներում: Նպատակն է եղել թույլ չտալ, որպեսզի խոշոր ընկերությունները, այսպես ասած, գերիշխող դիրք զբաղեցնողները Ամանորի նախաշեմին, առիթից օգտվելով, գների անհիմն թանկացումներ իրականացնեն: Այդ նպատակով հանձնաժողովն զգուշացրել է բոլոր խոշոր ընկերություններին, որ գների անհիմն թանկացումները համարվելու են գերիշխող դիրքի չարաշահումներ և կիրառվելու են խիստ պատասխանատվության միջոցներ այդ տնտեսվարողների նկատմամբ: Այնուհետև հանձնաժողովի աշխատակիցներն Ամանորի նախաշեմին ամենօրյա կտրվածքով գնային մոնիթորինգ են իրականացրել Երևան քաղաքի մի շարք խոշոր սուպերմարկետներում, որից հետո մոնիթորինգի արդյունքները համեմատվել են տնտեսվարողներից ստացված տվյալների հետ: Ուսումնասիրություններն իրականացվել են մոտ 20 ապրանքի գծով: Դրանք այն ապրանքներն են, որոնք ունեն սոցիալական նշանակություն և ներմուծվում կամ արտադրվում են խոշոր ընկերությունների՝ գերիշխող դիրք զբաղեցնողների կողմից: Խոսքը վերաբերում է շաքարավազին, կաթնամթերքին, կարագին, ձեթին, ձավարեղենի որոշ տեսակներին, հավի ձվին, հավի մսին, ալյուրին, ցորենին, այդ ցանկում ընդգրկվել է նաև բենզինը, ինչպես նաև ավտոմեքենաների վերալիցքավորման համար օգտագործվող բնական գազը: Բոլոր այն ապրանքների գծով, որոնք գտնվել են հանձնաժողովի տեսադաշտում, Ամանորի նախաշեմին դեկտեմբեր ամսվա ընթացքում գների աճ չի արձանագրվել, գները կայուն են մնացել: Ավելին, որոշ ապրանքների գծով տարվա ընթացքում գների էական նվազում է արձանագրվել: Մասնավորապես, ալյուրի գինը տարվա ընթացքում նվազել է մինչև 30 տոկոսով, իհարկե սա մեծ չափով պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ, քանի որ ալյուրը, ցորենը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, հետևաբար, ռուսական ռուբլու արժեզրկումը մեծ չափով ազդել է գների նվազման վրա: Այս երևույթը վերաբերում է նաև այլ ապրանքատեսակներին, մասնավորապես, ձեթին, ձավարեղենի որոշ տեսակներին, որոնք նույնպես մեծ չափով ներկրվում են ՌԴ-ից: Հարկ է նաև նշել, որ տարվա ընթացքում հայկական դրամի փոխարժեքը որոշակիորեն արժեզրկվել է մոտ 4 տոկոսով՝ տարեվերջին հասնելով 485-486 դրամի: Բնականաբար, դրամի արժեզրկումն իր հերթին գների վրա ազդում է բարձրացման ուղղությամբ: Պարոն վարչապետ, որպեսզի իմ ներկայացրած տեղեկատվությունը հետագայում տարակարծությունների, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտա, այսօր առավոտյան ես հանձնարարել եմ, որպեսզի մեր ուսումնասիրության արդյունքները տեղադրվեն հանձնաժողովի ինտերնետային կայքում, որպեսզի հստակ երևա, թե մեր ուսումնասիրությունները կոնկրետ որ ապրանքներին և որ խանութներին են վերաբերում», -նշել է Արտակ Շաբոյանը: Անդրադառնալով 30 տոկոս ալյուրի գների իջեցմանը՝ վարչապետը հետաքրքրվել է, թե ինչու դրան զուգահեռ հացի գինը չի իջնում: Ի պատասխան Շաբոյանը տեղեկացրել է, որ հացի գինը նույնպես նվազել է տարվա ընթացքում 10 տոկոսի չափով. «Հացի արտադրության ոլորտում կան հազարավոր տնտեսվարողներ, ամեն դեպքում դաշտը մրցակցային է և այս տեսանկյունից հակամրցակցային համաձայնություններ, կարծում ենք, որ չեն կարող այս ոլորտում լինել»: Գործադիրի ղեկավարն առաջարկել է մեկ տասնյակ խոշոր ընկերություններում ևս մեկ անգամ ուսումնասիրություններ անցկացնել՝ հասկանալու, թե գները ինչու հավասարաչափ չեն իջեցվել:


Հաստատվել են ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները
 

Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները և առաջարկվել է տրամադրել մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի գերատեսչությունները ծանոթանան լրամշակված տարբերակին: Վարչապետ Աբրահամյանը բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ծրագիրը հաստատելուց հետո գերակա խնդիրները և միջոցառումների ծրագրերը ներկայացնել հանրությանը:
Կառավարությունն ընդունել է նաև «2016 թ. ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը սահմանելու մասին» որոշում: Ըստ այդմ, առաջարկվում է հաստատել ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի և հրատապ oգնությունների վճարման համար նախատեuված ֆինանuական միջոցների չափերն ըuտ uոցիալական աջակցության տարածքային գործակալությունների (բաժինների)` հաշվի առնելով 2016 թ. պետբյուջեով նախատեսված ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ընտանեկան նպաuտի, սոցիալական նպաստի և հրատապ oգնությունների համար հատկացված միջոցները, ընտանեկան նպաստի բազային մասի, երեխաներին տրվող հավելումների, հրատապ oգնությունների, սոցիալական նպաստի չափերը, մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափերը:


Բարենպաստ պայմաններ սահմանամերձ համայնքներում՝ տնտեսվարող սուբյեկտների համար
 

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2015 թ. հունվարի 15-ի «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը հաստատելու մասին, որտեղ իրականացվող գործողությունն ազատվում է հարկերից» համապատասխան որոշման մեջ, ինչը պայմանավորված է սահմանամերձ համայնքներում տնտեսվարող սուբյեկտների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ, առաջարկվում է վերնագրից և տեքստից հանել «գյուղական» բառը, ինչպես նաև «ՀՀ Գեղարքունիքի մարզ» բաժնում լրացնել «Ճամբարակ», իսկ «ՀՀ Տավուշի մարզ» բաժնում` «Բերդ» բառերը: Որոշումը հնարավորություն կտա արտոնությունները կիրառել նաև սահմանամերձ ոչ գյուղական համայնքներում, մասնավորապես` Բերդ և Ճամբարակ համայնքներում:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված՝ ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքներին տրվում է բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում: Գործադիրի այսօրվա մեկ այլ որոշմամբ առաջարկվում է անփոփոխ թողնել կառավարության կողմից սահմանած փոխհատուցման ենթակա ծավալներն ու փոխհատուցման կարգը:


Երկարաձգվել է ստուգումներ իրականացնելու արգելման ժամանակահատվածը
 

Կառավարարությունը փոփոխություններ է կատարել «Ստուգումների կազմակերպման և անցկացման ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 594-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 839-Ա որոշման մեջ: Որոշման համաձայն նախատեսվել էր սահմանել, որ 2015 թ. օգոստոսի 1-ից մինչև 2016 թ. հունվարի 1-ը պետական մարմինների կողմից (բացառությամբ հարկային և մաքսային մարմինների) ստուգումները կարող են իրականացվել միայն` 1)պետական կառավարչական հիմնարկներում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում և 100 տոկոս համայնքային բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում. 2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում. 3) տնտեսավարող սուբյեկտների գրավոր դիմումի հիման վրա. 4) մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ իրականացվող ստուգումների. 5) հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում (համապատասխան հիմնավորումներով)` միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ. 6) որոշման հավելվածով հաստատված տեսչությունների ստուգումների ստուգաթերթերով` ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ:
Գործադիրի այսօրվա որոշմամբ առաջարկվում է վերոնշյալ ժամկետը երկարաձգել մինչև 2016 թ. հուլիսի 1-ը: Այսինքն՝ նախատեսվում է երկարաձգել նշված մարմինների ցանկից դուրս մնացած կազմակերպություններում ստուգումներ իրականացնելու արգելման ժամանակահատվածը՝ գործող 01.01.2016 թ. փոխարեն սահմանվելով 01.07.2016 թ.: Որոշմամբ պետական մարմինների (բացառությամբ հարկային և մաքսային մարմիններ) կողմից օրինակ՝ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մոտ ստուգումներ չեն կարող իրականացվել մինչև 01.07.2016 թ. գործող 01.01.2016 թ. փոխարեն:


Այլ որոշումներ
 

Կառավարարությունն ընդունել է որոշում վաղաժամկետ դադարեցնել մի շարք համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների լիազորությունները: Նույն որոշմամբ փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Տաթևի, Տավուշի մարզի Դիլիջանի և Լոռու մարզի Թումանյան համայնքների ընտրատարածքներում կանցկացվեն համայնքների ղեկավարների և ավագանիների անդամների ընտրություններ` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների անցկացման կարգով: Հիմնավորման համաձայն՝ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վերոնշյալ մարզերի մի շարք համայնքները միավորվելով վերակազմակերպվել են նոր համայնքների՝ համապատասխանաբար Տաթև, Դիլիջան և Թումանյան անվանումներով:
Գործադիրը սահմանել է ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ անհամաձայնության դեպքում հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացվող` ապրանքների դասակարգմանն առնչվող լրացուցիչ տեղեկությունների ցանկը:
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով նախատեսվում է Սաղմոսավան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.4 հա հողերը փոխանցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)՝ մշակույթի կենտրոն կառուցելու խնդիրը կարգավորելու համար:
Կառավարությունը հաստատել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 3 Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ ներկայումս մեկնարկել է «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի- ծրագիր 3-ը, որով նախատեսվում է վերակառուցել Մ1 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի 46.1 կմ ընդհանուր երկարությամբ Թալին-Լանջիկ (18.7կմ) և Լանջիկ-Գյումրի (27.4կմ) ճանապարհատվածները:
Կառավարության որոշմամբ հաստատվել են ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության կանոնները: Ըստ այդմ, կկարգավորվեն ռադիոակտիվ աղբյուրների ֆիզիկական պաշտպանության նկատմամբ պահանջները՝ կանխելու ռադիոակտիվ նյութերի անօրինական շրջանառությունը, նվազեցնելու դրանց հափշտակության կամ այլ անօրինական տիրապետման հետ կապված հնարավոր վտանգները:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրվել է գնման ընթացակարգը հայտարարել չկայացած և կազմակերպել նոր գնման ընթացակարգ: Հաշվի առնելով ՀՀ սահմանակից երկրներում (Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիայի Հանրապետություն) արձանագրված կենդանիների դաբաղ հիվանդության դեպքերը, տիրող իրավիճակը և շրջանառվող դաբաղի վիրուսի տիպերը, ինչպես նաև հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության «Կենդանիների առողջության համառուսական գիտահետազոտական ինստիտուտ» Դաշնային պետական բյուջետային հաստատության կողմից, Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դաբաղ հիվանդության տեսակը հաստատելու, և գենետիկական ուղղվածությունը (հակածնային ազգակցական կապը) պարզելու վերաբերյալ ստացված գրությունը՝ ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների դաբաղ հիվանդության դեմ արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ է 2016 թ. ընթացքում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում վերոնշյալ հայտարարված մրցույթով նախատեսված համապատասխան տիպերի հակադաբաղային պատվաստանյութի փոխարեն ձեռք բերել մեկ այլ շիճուկաբանական տիպերով արտադրված պատվաստանյութ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ