ուրբաթ, 23 ապրիլի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Հայոց ցեղասպանության
զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, ամեն տարի ապրիլի 24-ին համայն հայությունը՝ հայրենիքում և սփյուռքում, գլուխ է խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեր բյուրավոր նահատակների հիշատակի առջև: 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրագործված և ըստ էության, քաղաքակիրթ մարդկության դեմ ուղղված այդ ոճիրը ոչ միայն ժամանակին չկանխվեց, այլև չճանաչվեց ու չդատապարտվեց, այդպիսով հիմք դառնալով հետագայում նոր ցեղասպանությունների կրկնության:
Հայաստանն այսօր` երրորդ հազարամյակ թևակոխած աշխարհում, առաջնահերթ խնդիր է դիտում ցեղասպանությունների կանխմանն ուղղված միջազգային քաղաքական կամքի դրսևորումը և ողջունում մարդկությանը նետված նման մարտահրավերները միասնական ջանքերով դիմակայելու բազմաթիվ պետությունների ձգտումը: Վերջին տարիներին Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է, ինչն անչափ կարևոր է ժամանակակից աշխարհում «ցեղասպանություն» հանցագործության կանխարգելման, միջազգային անվտանգության համակարգի ամրապնդման ու քաղաքակրթությունների երկխոսության խթանման առումով: Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ իրականացնողների կողմից ցեղասպանության տևական ժխտումը կամ ոճրագործության փաստերը միտումնավոր խեղաթյուրելու և եղելությունը մոռացության մատնելու ու այդպիսով սեփական բարդույթները ոչ մի կերպ չհաղթահարելու մտայնությունն ու գործելաոճը ոչ միայն չեն նպաստում խաղաղ համակեցության` արդի աշխարհի պահանջներին, այլև անպատժելիության մթնոլորտում ցանկացած պահի հնարավոր են դարձնում հանցագործության կրկնությունը աշխարհի ցանկացած ծայրում:
Այսօր, երբ Մայր Հայրենիքում ու նաև ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայերը ոգեկոչում են բազմահազար անմեղ զոհերի հիշատակը, մենք վերստին ընդգծում ենք, որ Հայաստանի համար Թուրքիան կարևոր է տեսնել անցյալի բեռից ազատված, ներկայի մերժողական քաղաքականությունից ձերբազատված և եվրոպական կառույցների ինտեգրացմանը միտված երկիր: Մեկ տարի հետո լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ հայերի դեմ իրականացված եղեռնագործության 90-ամյակը և մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմի՝ երկրորդ աշխարհամարտի 60-ամյակը: Այդ կապակցությամբ, մենք առաջարկել ենք տարին հայտարարել «Պատերազմների, ցեղասպանությունների, տեղահանումների և ժողովուրդների իրավունքների ոտնահարման դեմ պայքարի և ոգեկոչման» տարի:
Սիրելի հայրենակիցներ, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրը մենք շարունակելու ենք պահել մեր արտաքին քաղաքականության օրակարգում՝ միաժամանակ վերահաստատելով բոլոր հարևանների հետ բնականոն հարաբերություններ ունենալու, համագործակցության մեր անկեղծ ձգտումը և հզոր ու բարգավաճ պետություն, քաղաքակիրթ, ժողովրդավարական արժեքներ դավանող հասարակություն կերտելու վճռականությունը: Վստահ եմ, որ կհամախմբվենք մեր ազգային նվիրական գաղափարների ու նպատակների շուրջ և աշխարհի շատ ու շատ ազգերի ու պետությունների շարքում մեր որոշակի ներդրումը կունենանք արդար և հուսալի աշխարհի կառուցման գործում: