երեքշաբթի, 16 փետրվարի 2016
Վարչապետին են ներկայացվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության 2015թ. կատարած աշխատանքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՏԿԱԻՆ)՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը տեղեկացրել է, որ համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով 2015թ. պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ շուրջ 4.4 մլրդ դրամ գումար: 94 ծրագիր իրականացվել է քաղաքային, իսկ 206-ը՝ գյուղական համայնքներում: 20 ընտանիք ապահովվել է բնակարանով (Արարատի, Արմավիր և Շիրակի մարզերում): Իրականացվել են շուրջ 28 դպրոցաշինության, 38 ճանապարահաշինության, 46 նախադպրոցական հաստատությունների վերանորոգման, 20 մշակութային, 39 ջրամատակարարման, 28 գազամատակարարման և այլ ծրագրեր:
Նախարարը հայտնել է, որ «Գործընկերության Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարված առաջին դրամաշնորհային մրցույթի արդյունքում ընտրվել են 8 ծրագրեր, որոնք իրականացվելու են Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի և Վրաստանի Սամցխե–Ջավախեթի և Քվեմո-Քարթլի տարածաշրջանների միջև տեղական իշխանությունների, համայնքների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համատեղ ջանքերով` աջակցելու շահառու համայնքներին մշակել համընդհանուր սոցիալ-տնտեսական մարտահրավերներին դիմակայելու համատեղ լուծումներ:
Արմեն Երիցյանը նշել է, որ 2015թ. ՀՀ քաղաքացիների ՌԴ մուտքի արգելքի վերանայման խնդրանքով միգրացիոն պետական ծառայության կողմից ՌԴ դաշնային միգրացիոն ծառայություն է ուղարկվել 7826 դիմում, որոնցից պատասխան է ստացվել 7091-ի վերաբերյալ: Դրական պատասխանների թիվը կազմել է 54%-ը, մերժում ստացած դիմումներից 697-ն առնչվել է դատական կարգով վտարման դեպքերին:
Ըստ նախարարի, 2015թ. նոյեմբերի 1-ի դրությամբ` «911» ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոն հասցեագրված զանգերի թիվը կազմել է 999.506 զանգ:
Տեղեկացվել է նաև, որ Հայպետհիդրոմետի համակարգի 47 օդերևութաբանական կայաններում, 7 գետավազանային հիդրոլոգիական կայանների 95 ջրաչափական դիտակետերում շարունակվել է հիդրոօդերևութաբանական դիտարկումների գործընթացը: Հիդրոլոգիական կանխատեսումների արդարացման աստիճանը կազմել է տասնօրյակային կանխատեսումներինը` 96%, ամսական կանխատեսումներինը` 94%:
Անցած տարվա սկզբին նախարարության կողմից մշակվել են համայնքների խոշորացման պիլոտային ծրագրեր Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի որոշ համայնքներում, ինչպես նաև անցկացվել տեղական հանրաքվե:
Դրական գնահատելով նախարարության 2015թ. գործունեությունը՝ վարչապետը նշել է, որ անցած տարի լուրջ աշխատանք է իրականացվել և արտակարգ իրավիճակների, և տարածքային կառավարման ոլորտներում: Գործադիրի ղեկավարը կարևոր և հաջողված բարեփոխում է համարել համայքների խոշորացումը: