երեքշաբթի, 16 փետրվարի 2016
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ներկայացրել է 2015թ. աշխատանքները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, ՀՀ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրի, գերակա խնդիրների կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը նշել է, որ կառավարության 2015 թ. գործունեության միջոցառումների ծրագրով կոմիտեն մշակել եւ կառավարություն է ներկայացրել «Ռադիոակտիվ նյութերի եւ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության կանոնները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Որոշմամբ սահմանվում են ռադիոակտիվ նյութերի եւ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության համակարգին ներկայացվող պահանջները, ֆիզիկական պաշտպանության մակարդակները ըստ նախագծային սպառնալիքի գնահատման, եւ դրանց հետ կապված միջադեպերին հակազդելու եւ կարգավորման ենթակա այլ հարցեր, կանխելու ռադիոակտիվ նյութերի անօրինական շրջանառությունը, նվազեցնելու դրանց հափշտակության կամ այլ անօրինական տիրապետման հետ կապված հնարավոր վտանգները:
Ա. Մարտիրոսյանն անդրադարձել է նաև Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման և վերանորոգման աշխատանքներին:
Վարչապետ Աբրահամյանը բավարար է գնահատել կոմիտեի աշխատանքը: Կարևորելով ատոմակայանի վերանորոգման աշխատանքները՝ գործադիրի ղեկավարը հորդորել է դրանք իրականացնել որակով: