երեքշաբթի, 27 ապրիլի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓՀԳՀ) ղեկավար Լլոյդ Դեյքինին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:
Անդրանիկ Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի համար ծանր տարիներին հիմնված ՄԱԿ-ի ՓՀԳՀ հայաստանյան գրասենյակի կողմից 1992թ.-ից ի վեր մեր երկրում ծավալված աշխատանքները, որոնք ուղղված են եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով 1988-92թթ. Ադրբեջանը լքած երեք հարյուր հազարից ավելի հայ փախստականների հիմնախնդիրների լուծմանը՝ սոցիալական, տնտեսական և իրավական ոլորտներում: Վարչապետն ընդգծել է, մասնավորապես, գրասենյակի աշխատանքների նպատակային ուղղվածությունը, խնդիրների առաջնահերթությունից ելնելով, դրանց բնույթի փոփոխությունը՝ փախստականների կենցաղային առաջնահերթ պահանջների բավարարումից դեպի նրանց սոցիալական, իրավական պաշտպանության աջակցության ապահովումը: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այսօր ևս գրասենյակը մի շարք ծրագրերի իրագործմամբ ակտիվորեն աջակցում է փախստականների՝ առաջին հերթին գյուղական բնակավայրերի առավել անապահով և խոցելի խմբերի, սոցիալ-տնտեսական ինտեգրմանը հասարակության մեջ: Հայտնելով, որ ներկայումս Հայաստանի կառավարությունում մշակվում է փախստականների հիմնախնդիրների լուծման հայեցակարգը, որի իրականացման համար մեծ միջոցներ են անհրաժեշտ, վարչապետն ընդգծել է, որ այդ հարցում ևս ՀՀ կառավարությունն ակնկալում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը, այդ թվում՝ նվիրատուների հետ սերտ համագործակցության խնդրում:
Շնորհակալություն հայտնելով անցած երեք տարիներին Հայաստանում իր և իր ղեկավարած գրասենյակի կատարած աշխատանքը բարձր գնահատելու համար, Լլոյդ Դեյքինը նշել է, որ հաջողությունները ձեռք են բերվել ՀՀ կառավարության հետ արդյունավետ համագործակցության շնորհիվ: Նա նշել է, մասնավորապես, փախստականների հիմնախնդիրների լուծմանն ուղղված օրենսդրական հիմքի ստեղծումը, Ադրբեջանից տեղահանվածների ինտեգրումը հասարակության մեջ, «Օթևան» ծրագրով նրանց մի զգալի մասի բնակարանային խնդիրների լուծումը: Գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև իր ներկայացրած կազմակերպության կողմից փախստականների ներառումը Աղքատության նվազեցման ռազմավարության փաստաթղթում, ՄԱԿ-ի՝ զարգացմանն օժանդակության այլ ծրագրերում: Պարոն Դեյքինը հավաստել է, որ ՄԱԿ-ի ՓՀԳՀ հայաստանյան գրասենյակը մշտապես կլինի ՀՀ կառավարության կողքին և կաջակցի փախստականների հիմնախնդիրների վերջնական լուծմանն ուղղված նրա բոլոր ձեռնարկումներին:
Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել պարոն Լլոյդ Դեյքինին նրա հետագա գործունեության մեջ՝ հույս հայտնելով, որ գրասենյակի նոր ղեկավարի հետ միասին այդ կազմակերպության աշխատանքները մեր երկրում նույն հաջողությամբ կշարունակվեն: