Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 մարտի 2016

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը








Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը հավանություն է տվել «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգին», որում ներկայացված են հանրապետությունում խնամատար ընտանիքի ինստիտուտի բարեփոխման հիմնական սկզբունքներն ու քաղաքականությունը: Հայեցակարգն անդրադառնում է խնամատար ընտանիքի ինստիտուտի կարգավորման ոլորտում առկա խնդիրներին՝ հաշվի առնելով նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները: Ըստ այդմ՝ ՀՀ ընտանեկան օրենսգիրքը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, որի արդյունքում առավել կապահովվեն երեխաների, մասնավորապես՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքները, արդյունավետ պայքար կիրականացվի երեխայի իրավունքների խախտումների դեմ, կհստակեցվեն խնամատար ընտանիքի դերն ու նշանակությունը, կսահմանվեն խնամատար ընտանիքների տեսակները և դրանց հիմքերը, կտարանջատվի երեխայի և խնամատար ընտանիքի ընտրության և խնամատարության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև կկարգավորվեն տարաձայնություններ առաջացնող եզրույթներն ու ձևակերպումները:
Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակների վերաբերյալ ՀՀ օրենդրության մեջ առկա բացը վերացնելու նպատակով կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Առաջարկվում է սահմանել, որ առանձին կատեգորիայի զինծառայողների երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվի է առնվում նշված պաշտոնների համար նախկինում սահմանված առավելագույն չափը` 402 810 դրամ, ներառյալ եկամտային հարկը, 300 000 դրամ` առանց եկամտային հարկի, որն էլ ներառվում է կենսաթոշակի հաշվարկման համար սահմանված դրամական բավարարման մեջ: Այսպիսով՝ զինվորական կենսաթոշակների չափերի տարբերակումը կհամապատասխանեցվի զինվորական ծառայության պաշտոնների աստիճանակարգությանը (հիերարխիային):


Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացումը Հայաստանում կնպաստի ոլորտում ներդրումների ներգրավմանը


Գործադիրի որոշմամբ գումար կհատկացվի էկոնոմիկայի նախարարությանը՝ 2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) Հայաստանում կազմակերպելու համար՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին: Համաժողովի անցկացումը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացմանը, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Ըստ հիմնավորման՝ նախատեսվում է, որ WCIT 2019 համաժողովին կմասնակցի 2000-2500 պատվիրակ աշխարհի ավելի քան 80 երկրներից: Հովիկ Աբրահամյանը կարևորել է համաժողովի անցկացումը Հայաստանում և նշել, որ այն կնպաստի ՏՏ ոլորտում ներդրումների ներգրավմանը:
Գործադիրն ընդունել է որոշում, ըստ որի՝ հունիսի 4-14-ը Երևանում շախմատի վետերանների տղամարդկանց և կանանց Եվրոպայի 16-րդ առաջնության անցկացման ապահովման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը: Վետերանների Եվրոպայի առաջնության անցկացումը կխթանի Հայաստանում շախմատի զարգացումը, կնպաստի Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կապերի հաստատմանը գործընկեր ֆեդերացիաների հետ:


Փախստական ընտանիքները կսեփականաշնորհեն իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները

 

Կառավարությունն ընդունել է «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ Երևանի Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի և Կոտայքի մարզի Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի բնակիչներն են դիմել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն` իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու խնդրանքով:
Գործադիրն ընդունել է նաև «ՀՀ հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում անլար (Wi-Fi) ինտերնետի հասանելիության կետերի տեղադրման ծրագրի շրջանակում գնված գույքն ընդունելու, ծրագրով ընտրված համայնքներին նվիրաբերելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում համապատասխան շուրջ 344 բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հասանելիության անլար (Wi-Fi երթուղիչ) սարքեր: Ծրագրի իրականացումը նպաստում է գյուղերում ինտերնետային հասանելիության ընդլայնմանը և հնարավորություն է ընձեռում բնակչությանն օգտվել անվճար ինտերնետից:

 

Միջազգային համագործակցություն


Կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016թ. հունվարի 1-ից սկսած մինչև 2016թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013թ. դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությամբ նախատեսվում է 2016թ. առաջին եռամսյակում առաջացող «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ լրացուցիչ ամբողջ եկամուտը թողնել ընկերությանը՝ ՀՀ դրամի ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկումից առաջացած վնասների փակման և «Գազպրոմ» ԲԲԸ կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ակտիվներում ներդրումների հետ գնման ապահովման նպատակով: Ըստ հիմնավորման՝ հակառակ դեպքում այդ վնասների փոխհատուցումը հնարավոր կլիներ միայն բնական գազի սակագնի բարձրացման միջոցով, ինչն իր հերթին կանդրադառնար նաև էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Կողմերը պարտավորվում են ոչ ուշ, քան մինչև 2016թ. նոյեմբերի 1-ը մշակել և հաստատել դրամական հոսքերի հաշվարկի մոդելները՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հիմնական գործունեությունից՝ գազամատակարարման համակարգում և ընկերության հիմնական գործունեությունից՝ էլեկտրամատակարարման համակարգում: Արձանագրությունների ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության կառավարությունների միջև երկու երկրների բուհերում ուսումն սկսելու և շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիր կնքելու առաջարկությանը: Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության ամրապնդմանը, երկուստեք փոխշահավետ գիտակրթական կապերի հաստատմանը:


Հաստատվել է ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը


Գործադիրը հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը: Որոշմամբ հստակ շարադրված են այդ օրենքների ցանկը, դրանց մշակման համար պատասխանատու հանրապետական գործադիր մարմինները և համապատասխան նախագծերի` ՀՀ կառավարություն ներկայացման վերջնաժամկետը։ Ըստ հիմնավորման՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 16-րդ գլխում կոնկրետ ժամկետների մատնանշմամբ հստակ պահանջ է սահմանված օրենսդրական դաշտը ՀՀ Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու համար:
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածով նախատեսված են «Ընտրական օրենսգրքի», «Ազգային ժողովի կանոնակարգի», «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի», «Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի», «Տեղական ինքնակառավարման մասին օրենքի», «Դատախազության», «Հեռուստատեսության և ռադիոյի», «Հաշվեքննիչ պալատի» և «Կենտրոնական բանկի մասին» օրենքների` Սահմանադրությանը համապատասխանեցնելու և ուժի մեջ մտնելու ժամկետները: ՀՀ Նախագահի 2016թ. փետրվարի 10-ի համապատասխան հրամանագրով հաստատվել է Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը։ Նույն հրամանագրի 5-րդ կետի 2-րդ ենթակետի հիման վրա անհրաժեշտ է հաստատել Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը:


Կբարելավվի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը

Կառավարությունն ընդունել է ««Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերը և այլ գույքը վարձակալության հանձնելու գործընթացի շրջանակում անցկացված նախաորակավորման ընթացակարգի արդյունքներին և գնման ընթացակարգի մասնակցության հայտերի ներկայացման հրավերին հավանություն տալու և նախաորակավորված մասնակիցների ցանկը հաստատելու մասին» որոշում: Նախաորակավորման հայտ է ներկայացրել 4 ընկերություն: Ակնկալվում է՝ ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի հետագա զարգացում, սպառողներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավում: Ըստ հիմնավորման՝ ներկայում Հայաստանում գործում է 5 ջրամատակարար ընկերություն. ծառայությունները տարբեր տարածքներում իրականացվում են տարբեր սակագներով, տարբեր պայմաններով: Հանրապետության շուրջ 560 համայնք դուրս է մնացել ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքներից: Կառավարության նախկինում՝ 2014թ. ընդունված համապատասխան որոշումներով սահմանվել է, որ ներկայիս ջրամատակարարման և ջրահեռացման համակարգից պետք է անցում կատարվի միասնական սակագնով, մեկ վարձակալ ընկերության միջոցով ջրամատակարարման և ջրահեռացման: 2015թ. հոկտեմբերի 15-ի համապատասխան որոշմամբ էլ սահմանվել են նաև վարձակալի ընտրության մրցույթի կազմակերպման գործողություններն ու պատասխանատուները: Մրցույթի արդյունքում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները վարձակալության հիմունքով, 15 տարի ժամկետով տրվելու են նոր վարձակալին: Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման նպատակը վերոնշյալ որոշումների պահանջների ապահովումն է:


Օրենսդրական նախաձեռնություններ


Գործադիրի հավանությանն է արժանացել «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Օրինագծով, մասնավորապես, առաջարկվում է սելեկցիոն նվաճման հայտի նախնական փորձաքննության ժամկետը սահմանել մեկ ամիս, օրենքում ուժը կորցրած ճանաչել սելեկցիոն նվաճման արտոնագրի հայտ ներկայացնելու, արտոնագիր ստանալու և դա գործողության մեջ պահելու, ինչպես նաև արտոնագրի հետ կապված այլ իրավաբանական նշանակություն ունեցող գործողություններ կատարելու համար տուրքեր գանձելու մասին դրույթները, կառավարության կողմից սահմանել լիազորված մարմնի բողոքարկման խորհրդի կանոնադրություն և բողոքների քննարկման կարգ, կառավարության կողմից սահմանել սելեկցիոն նվաճման արտոնագրի և հեղինակային վկայագրի ձևեր, հստակեցնել կամ կրճատել սելեկցիոն նվաճման հայտի փորձաքննությունների ժամկետները, սահմանել, կրճատել կամ հստակեցնել լիազոր մարմնի կողմից իր որոշումները հայտատուին հայտնելու ժամկետը և կարգը:
Կառավարությունն սկզբունքային առարկություններ չի ներկայացրել ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանի և Գարեգին Նուշիկյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության տարածքից ՀՀ տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջի վերացման անհրաժեշտությամբ: Նախագծերով առաջարկվում է անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենաների ներկրումը չդիտարկել որպես ԱԱՀ-ով հարկվող գործարք: Նշվել է նաև, որ նմանատիպ առաջարկով արդեն իսկ հանդես է եկել կառավարությունը: Վարչապետը հանձնարարել է համագործակցել նախագծերի հեղինակների հետ՝ օրինագծերը միավորելու  և մեկ միասնական օրենքների նախագծերի փաթեթ ԱԺ քննարկմանը ներկայացնելու հարցում:
Գործադիրը ձեռնպահ է մնացել ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու հարցում, քանի որ այն ուղղված է Ազգային ժողովի գործունեության կարգի սահմանմանը: Օրինագծին կից հիմնավորման համաձայն՝ փոփոխությամբ առաջարկվում է, որ Ազգային ժողովի հանձնաժողովներում նիստերը գումարվեն և որոշումներն ընդունվեն ոչ թե հանձնաժողովի անդամների 1/4-ով, այլ 1/2-ով:
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա շահագործումից ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման առումով համարվում են նվազեցվող եկամուտներ և չեն հարկվում եկամտային հարկով: Կառավարության եզրակացության համաձայն, մասնավորապես, նոր հարկային արտոնությունների սահմանումը չի բխում կառավարության հարկային քաղաքականության ուղղություններից, քանի որ իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է հարկման բազաների ընդլայնմանը և հարկային արտոնությունների շրջանակի կրճատմանը: Ֆինանսների նախարարության մշակած Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է առավելագույնս կրճատել հարկային արտոնությունների շրջանակը և ընդլայնել հարկման բազաները:


Այլ որոշումներ

Կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում. որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են: Ըստ հիմնավորման՝ ներկայում տրանսպորտային միջոցների համարնիշերում օգտագործվում են միայն «A», «C», «D», «F», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V» և «Z» տառերը: Փոփոխության արդյունքում՝ կարող են օգտագործվել նաև «G» և «X» տառերը:
Աղբավայրերի օգտագործմամբ վտանգավոր թափոնների վերամշակման գործունեություն իրականացնող անձանց և աղբավայրերի տնօրինման իրավասություն ունեցող անձանց ու մարմինների միջև հարաբերությունների կարգավորման համար իրավական հիմքերի բարելավման անհրաժեշտությամբ կառավարությունը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, առաջարկվում է ներդրողների շահերը ապահովելու նպատակով լիցենզավորման գործընթացում սահմանել համապատասխան աղբավայրի օգտագործման պայմանագրի ներկայացման պահանջ:
Գործադիրը սահմանել է կերի շղթայի օպերատորի գործունեության եզրակացություն տալու կարգը: Ըստ այդմ՝ կսահմանվի կերի և կերային հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող կերի շղթայի օպերատորների գործունեության համապատասխանության եզրակացության տրամադրումը, որը կարևոր քայլ կհանդիսանա սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների և պահանջների ներդրման գործընթացում: Որոշմամբ կկարգավորեն կերարտադրության ոլորտում գործունեություն իրականացնող անձանց առկա խնդիրները և կլրացվեն առկա օրենսդրական բացերը:
Անօթևան անձանց հոսպիտալացումը հոգեբուժական հաստատություն ապահովելու համար գործադիրը լրացում և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ առաջարկվում է անօթևան անձանց հոսպիտալացումը կազմակերպել՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:
Կառավարության համապատասխան որոշմամբ կլուծարվի ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը և կստեղծվի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» հիմնադրամ. հաստատվել է հիմնադրամի կանոնադրությունը և հոգաբարձուների խորհրդի կազմը:
Համապատասխան որոշումներով հաստատվել են ֆինանսների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, ինչպես նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը:
Գործադիրի որոշմամբ Նաիրի Հարությունյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար։ Վարչապետը շնորհավորել է Ն.Հարությունյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ