ուրբաթ, 30 ապրիլի 2004
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի է ունեցել վարչապետին առընթեր երիտասարդության հարցերի խորհրդի նիստ: Քննարկվել են 2003թ. խորհրդի կատարած աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2004թ. ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու միջոցառումները:
Նկատի ունենալով, որ անցած տարվա 9 ամիսներին կատարված աշխատանքների հաշվետվությունն արդեն իսկ քննարկվել և դրական էր գնահատվել խորհրդի նախորդ՝ 2003թ. դեկտեմբերին կայացած նիստում, խորհրդի նախագահ Լիլիթ Ասատրյանը, այդ նիստում տրված հանձնարարականի համաձայն, առավել հանգամանորեն ներկայացրել է 2003թ. վերջին եռամսյակում իրականացված ծրագրերն ու միջոցառումները և արդյունքում՝ տարեկան աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Նա մեկ անգամ ևս նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված բոլոր միջոցառումները հիմնականում կատարվել են: Բազմաթիվ տեղական ու միջազգային երիտասարդական ծրագրեր և միջոցառումներ իրականացվել են մարզերում և մայրաքաղաքում՝ նաև հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ: Խորհրդի նախագահն ընդգծել է, որ ամփոփ հաշվետվությունը կազմելիս ուշադրություն է դարձվել նաև կառավարության տարեկան միջոցառումների ծրագրի շրջանակներում համապատասխան նախարարությունների կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վրա:
Ներկայացնելով 2004թ. կատարվելիք աշխատանքների ծրագիրը, Լիլիթ Ասատրյանը նշել է, որ դրանք լինելու են նույնքան բազմազան ու բովանդակալից, որքան և անցած տարում: 2004թ., ըստ նրա, ավելի մեծ ուշադրություն կհատկացվի հանրապետության մարզերում երիտասարդության հիմնախնդիրների լուծմանն ու միջոցառումների կազմակերպմանը: Այդ նպատակով նախատեսվում է այս տարի մարզային երիտասարդական կենտրոններ՝ «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր, հիմնել Շիրակի, Սյունիքի և Լոռու մարզերում՝ հետագայում դրանց աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով: Կարևորվել է հանրապետության մարզպետարաններում երիտասարդության հարցերով զբաղվող հաստիքային մասնագետների առկայությունը, որոնք ներկայումս մարզպետարանների մեծ մասում բացակայում են: Խորհրդի նախագահը նշել է, որ տարվա ընթացքում նախատեսվում է ուշադրության կենտրոնում պահել 2005-2008թթ. ազգային երիտասարդական քաղաքականության և ռազմավարության մշակման, գյուղաբնակ, մասնավորապես, սահմանամերձ գոտու, ինչպես նաև աղետի գոտու երիտասարդության զբաղվածության, բնակարանային ապահովվածության, կրոնական և ազգային փոքրամասնությունների երիտասարդների, հանրապետության երիտասարդության գիտակրթական, մշակութային և հայրենասիրական դաստիարակության և այլ խնդիրներ:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն կարևորել է երիտասարդության ոլորտում խորհրդի և նախարարությունների կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը: Նա անհրաժեշտ է համարել հետադարձ կապի ապահովման, հատկապես տեղերից՝ մարզային բնակավայրերից եկող արձագանքները, բնակչության, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքներն ու գնահատակնները հաշվի առնելու հանգամանքը: Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է ստեղծել խորհրդի և պետական մարմինների կողմից կատարված աշխատանքների արդյունավետությունը գնահատող մոնիտորինգի խումբ, որտեղ կընդգրկվեն նաև խորհրդից դուրս գտնվող երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, օբյեկտիվությունն ապահովելու նպատակով:
Ներկայումս քննարկումների փուլում գտնվող օրակարգում ընդգրկված հարցերից վարչապետը կարևորել է նաև «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի՝ նախագծի մշակման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտությունը: Ոլորտում տարվող աշխատանքների հիմնական սկզբունքները, ուղղություններն ու առաջնահերթությունները հռչակող օրենքի գոյությունը, ըստ նրա, կնպաստի այնուհետ դրանից բխող որոշակի ծրագրերի և միջոցառումների հստակեցմանը, մշակմանն ու արդյունավետ իրականացմանը:
Քննարկման արդյունքների հիման վրա վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առաջարկել է հավանություն տալ խորհրդի 2003թ. կատարած աշխատանքների հաշվետվությանը և 2004թ. իրականացվելիք միջոցառումների ծրագրին՝ խորհրդին վերապահելով, կառուցողական նոր առաջարկությունների ստացման դեպքում, դրանում փոփոխություններ կատարելու իրավասությունը: