երեքշաբթի, 4 մայիսի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է արտասահմանյան պետություններում հավատարմագրված մեր երկրի դեսպաններին, որոնք Երևանում են գտնվում ավանդական տարեկան ժողովին մասնակցելու նպատակով:
Նշելով, որ աշխարհում ծավալվող գործընթացները յուրաքանչյուր տարի նոր մարտահրավերների դիմակայելու անհրաժեշտություն են առաջ բերում նաև մեր պետության համար, կառավարության ղեկավարը կարևորել է դեսպանների առավել ակտիվ աշխատանքը օտարերկրյա պետություններում՝ մեր երկրի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններով, Հայաստանի քաղաքական ու տնտեսական ներուժի իրական պատկերի ձևավորման ուղղությամբ: Վարչապետը հատկապես ընդգծել է Հայաստանում ժողովրդավարության, եվրոպական ընտանիքին ինտեգրմանն ուղղված քայլերի ճիշտ ներկայացման կարևորությունը, արդյունավետ գործունեությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում՝ այնտեղ մշակվող գլոբալ կամ տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի ընդգրկման նպատակով:
Կարևորելով մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգության պաշտպանության, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, տարածաշրջանային կայունության ապահովման խնդիրները, վարչապետը նշել է, որ այդ ամենը, ի վերջո, պետք է ծառայի մեկ նպատակի՝ մեր պետության հզորացմանը: Այդ տեսակետից նա դեսպանների աշխատանքի գլխավոր չափորոշիչներից է համարել նաև աջակցությունը մեր երկրի տնտեսական հետագա զարգացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրումների, ինչպես նաև հայրենական արտադրանքի արտահանման ծավալների մեծացնանը: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ դեսպանների համար ուղենիշ է առաջիկա տասնհինգ տարվա համար մշակված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը, որն ընդգրկում է այն բոլոր բնագավառները, որոնց զարգացման ուղղությամբ կարելի է արդյունավետ աշխատանք ծավալել շահագրգիռ բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ՝ ծրագրում նշված հիմնախնդիրների լուծման նպատակով:
Հանդիպման ավարտին վարչապետը պատասխանել է դեսպաններին հետաքրքրող հարցերին և հաջողություններ մաղթել նրանց իրենց հետագա գործունեության մեջ: