ուրբաթ, 7 մայիսի 2004
Վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, որը նաև միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է, ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը, ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ Ֆադեյ Սարգսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մուրադ Գուլոյանը, ՀՀ տրանսպորտի և կապի, արտաքին գործերի, կրթության և գիտության, էներգետիկայի, գյուղատնտեսության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարների տեղակալներ, կառավարության աշխատակազմի համապատասխան վարչությունների ղեկավարներ:
Այցի ընթացքում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպումներ կունենա Ուկրաինայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Կուչմայի, Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի, վարչապետ Վիկտոր Յանուկովիչի, Ազգային ակադեմիայի նախագահ Բորիս Պատոնի և այլ պաշտոնատար անձանց հետ: Վարչապետը և պատվիրակության անդամները կայցելեն Ե. Պատոնի անվան էլեկտրաեռակցման ինստիտուտ, Ազգային բանկի դրամի թանգարան:
Միջկառավարական նիստում, որը կանցկացվի մայիսի 11-ին, նախատեսվում է քննարկել երկկողմ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանձնաժողովի անդամների ուշադրության կենտրոնում կլինեն, մասնավորապես, նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման, Հայաստանի և Ուկրաինայի միջև 2001-2010 թթ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման ընթացքի, երկու երկրների միջև առևտրի ու տնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, գիտության ու տեխնիկայի, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հետագա զարգացման խնդիրները:
Նախատեսվում է նաև փաստաթղթերի ստորագրում, որից հետո կկայանա Հայաստանի և Ուկրաինայի վարչապետների համատեղ ասուլիս: