ուրբաթ, 15 ապրիլի 2016
Վարչապետը հանձնարարել է կայուն եկամտի աղբյուր ստեղծել մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետը հանձնարարական է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. «Հանձնարարել էկոնոմիկայի նախարարին մարտական գործողությունների հետևանքով զոհված անձանց ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր ստեղծելու նպատակով մշակել և ՀՀ կառավարություն ներկայացնել համապարփակ առաջարկ՝ նշելով նաև ֆինանսավորման աղբյուրները: Պարոն Մինասյան, ժամկետը կճշտեք, մեզ կտեղեկացնեք հնարավորինս սեղմ ժամկետում»:
Կհստակեցվի Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը
Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի դրույթներն իրականացնելու մասին որոշում: Ըստ այդմ՝ հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարին իրականացնել հսկողություն համաձայնագրով հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ: ՀՀ պաշտպանության նախարարին հանձնարարվել է՝ հստակեցնել Հայաստանին մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը, ՌԴ համապատասխան մարմինների (այդ թվում՝ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» ԲԸ) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները: ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է համաձայնագրի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ մինչև 2016թ. ապրիլի 29-ը Ռուսաստանի Դաշնության «Վնեշէկոնոմբանկ»-ի հետ իրականացնել աշխատանքներ վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր կնքելու ուղղությամբ, վարկի հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագրի ստորագրման մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Կբարելավվի շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների որակը
Կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ բնակչության շտապ բժշկական օգնության և սպասարկման 2016-2020թթ. ռազմավարությունը: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս շտապ բժշկական օգնության նախահիվանդանոցային փուլի հիմնական խնդիրներն են շտապ օգնության միասնական կառավարման, մոնիթորինգի և գնահատման համակարգի բացակայությունը, շտապ օգնության նախահիվանդանոցային և հիվանդանոցային փուլերի անբավարար համագործակցությունն ու հետադարձ կապը, շտապ օգնության մեքենաների և բրիգադների անբավարար թիվը, ծառայության կառավարման միասնական համակարգի բացակայությունը: Առաջարկվում է սահմանել ռազմավարական ուղղություններ և դրանց հասնելուն ուղղված գործողություններ, մասնավորապես, կատարելագործել շտապ բժշկական օգնության ծառայությունը կարգավորող օրենսդրական դաշտը, մշակել շտապ բժշկական օգնության ծառայության ժամանակակից կազմակերպչական մոդելները` հաշվի առնելով Երևանի և մարզերի առանձնահատկությունները, մշակել շտապ օգնության կանչերի դասակարգման չափորոշիչներ և այլն:
Կառավարությունը լրացումներ և փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ հանրապետությունում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրման համակարգված և միասնական գործընթաց կազմակերպելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Որոշման նպատակն է գլոբալ տեղորոշման համակարգի ներդրմամբ ապահովել ՀՀ-ում մատուցվող շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման համընդհանուր հեռակառավարման համակարգ, որն ուղղված է բնակչությանն օպերատիվ, որակյալ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուն: Որոշմամբ, մասնավորապես, սահմանվում է, որ անկախ սեփականության ձևից՝ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բոլոր բժշկական կազմակերպությունների շտապ օգնության մեքենաների համար գլոբալ տեղորոշման համակարգի առկայության պահանջ, ինչը հնարավորություն կտա հատկապես արտակարգ իրավիճակներում առավել օպերատիվ և ռացիոնալ կազմակերպել շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը:
Գորիսի բժշկական կենտրոնի հակատուբերկուլոզային բաժանմունքը վերագործարկելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այն կնպաստի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումների և իրավական դաշտի ներդաշնակեցմանը, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման մատչելիության ապահովմանը: Հակատուբերկուլոզային բաժանմունքը վերագործարկելու պարագայում նախատեսվում է տարեկան սպասարկել 70-80 հիվանդների:
Օրենսդրական նախաձեռնություններ
Կառավարությունը հավանություն է տվել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Առաջարկվող կարգավորման նպատակը աուդիտորական գործունեության ոլորտի կատարելագործումն է, մասնավորապես աուդիտորների որակավորման քննությունների մատչելիության ապահովումը, լիցենզավորման պահանջների մեղմացումը, մասնագիտացված կառույցի հավատարմագրման և գործունեության կանոնակարգումը: Առաջարկվում է վերացնել կրթությանը, մասնագիտությանը և փորձին վերաբերող պահանջները աուդիտորի որակավորման քննություններին մասնակցելու համար և պահպանել դրանք միայն վկայական ստանալու համար: Աուդիտ իրականացնող անձանց լիցենզավորման գործընթացում էլ նախատեսվում է վերացնել ընկերության տնօրենին ներկայացվող պահանջները և սպառիչ թվարկել լիցենզիա տալը մերժելու հիմքերը: Առաջարկվել է նաև կանոնակարգել մասնագիտացված կառույցի հավատարմագրման գործընթացը, վերասկողությունը և պատասխանատվությունը օրենքը խախտելու համար: Բացի այդ, նախատեսվում է լիազորված մարմնին տեղեկատվություն տրամադրել ոչ միայն լիցենզիայի պահանջները խախտվելու, այլ նաև փոփոխվելու դեպքում (միաժամանակ թեթևացնելով լիցենզիա ստանալուց ներկայացվող տեղեկատվության ծավալը): «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի կարգավորման նպատակը ֆիզիկական անձանց համար աուդիտորական գործունեության լիցենզիայի համար սահմանված պետական տուրքի վերացումն է՝ հաշվի առնելով այն, որ ֆիզիկական անձը չի կարող զբաղվել աուդիտորական գործունեությամբ և, հետևաբար, լիցենզիա ստանալ:
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ԱԺ պատգամավորներ Ստեփան Մարգարյանի, Էլինար Վարդանյանի և Վահե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Ներկայացված նախագծով առաջարկվում է օրենքի 26-րդ հոդվածով սահմանված աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման պահանջներում սահմանել կազմակերպության կողմից երկու աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջ՝ ներկայումս գործող հինգ աշխատող որակավորված աուդիտոր ունենալու պահանջի փոխարեն: Ըստ կառավարության եզրակացության՝ դեռևս 2011թ. մայիսի 26-ին ընդունված օրենքով, որպես լիցենզավորման պայման, հինգ որակավորված աուդիտոր աշխատակից ունենալու պահանջ սահմանելու դրույթը առաջադրվել է՝ հաշվի առնելով աուդիտորական ծառայությունների առանձնահատուկ բնույթը, տարբեր ոլորտների հետ առնչվելու և աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությունը և այլն: Այսինքն՝ փոփոխության նպատակն ի սկզբանե եղել է մատուցվող աուդիտորական ծառայությունների որակի բարձրացումը: Նշված է նաև, որ ֆինանսների նախարարությունը մշակել է աուդիտորական գործունեության ոլորտի կարգավորման նոր օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է ներդնել աուդիտորական ծառայությունների որակի վերահսկողության արդյունավետ համակարգ:
Այլ որոշումներ
Գործադիրը հաստատել է.
-բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016/2017 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը,
-բուհերի 2016/2017 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների,
-2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը:
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը վերաբաշխում է կատարել 2016թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացվելու է Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիր. ավարտին են հասցվելու 3 կիսակառույց բնակելի շենքերի շինարարական աշխատանքները: Հովիկ Աբրահամյանը համապատասխան գերատեսչության ղեկավարներին հանձնարարել է հետևողական լինել, որպեսզի ծրագիրն արագ իրականացվի:
Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ներդրումային ծրագրի շրջանակում` միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման և թարմ միրգ/բանջարեղեն արտահանման համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 7.6 մլրդ ՀՀ դրամի չափով` տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար: Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել բելգիական և գերմանական արտադրության տրանսպորտային միջոցներ: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 153 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016թ. 155, 2017թ. 165 և 2018թ.175 հազ. դրամ:
Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու գործընթացը մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը կարգավորելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ նրանց Սիրիայում տրված վարորդական վկայականները չեն համապատասխանում 1968թ. նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մաuին» կոնվենցիայով, որի հետևանքով դրանք գործածելի չեն համարվում Հայաստանի տարածքում: Դրանց փոխանակումը նույնպես արգելված է: Որոշման ընդունումը հնարավորություն կտա կարգավորել առաջացած խնդիրները:
Կառավարությունն ընդունել է «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» որոշում՝ սահմանելով, որ 2016թ. ապրիլի 23-ին Երևանում կայանալիք` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հասարակական-քաղաքական երկրորդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:
Գործադիրի որոշմամբ Վահե Էլոյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար: Վարչապետը շնորհավորել է Վ. Էլոյանին և մաղթել բեղմնավոր աշխատանք: