երկուշաբթի, 16 մայիսի 2016
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ
Սիրելի´ ուսանողներ և երիտասարդներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ պետականորեն նշվող Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ: 1919 թվականի մայիսի 16-ին հիմնադրվեց Երևանի պետական համալսարանը՝ Մայր բուհը, և խորհրդանշական է հենց այդ օրը նշել որպես Ուսանողների և երիտասարդների օր:
Դուք մեր հասարակության շարժիչ ուժն եք, մեր ձեռքբերումների, առաջընթացի և զարգացման հենասյունը: Տարբեր բնագավառներում ձեր արձանագրած հաջողություններով ու նվաճումներով դուք բարձր եք պահում հայ ազգի պատիվը և անունը՝ պարգևելով հպարտություն և վստահություն մեր վաղվա օրվա հանդեպ: Կառավարությունը շարունակելու է պետական աջակցության և խրախուսման ծրագրերը՝ ուղղված ձեր կրթության, մասնագիտական զարգացման և բարեկեցության ապահովմանը: Դուք մեր ոգևորիչ ներկան եք և խոստումնալից ապագան:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով եռանդ ու հաստատակամություն ձեր առջև դրված նպատակների, խնդիրների և ծրագրերի կյանքի կոչման գործում: Շարունակե´ք ձեր անմնացորդ նվիրումով և աշխատասիրությամբ ծառայել մեր հայրենիքի շենացմանը և հզորացմանը: