երեքշաբթի, 11 մայիսի 2004
Այսօր՝ առավոտյան, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի մոտ կայացած աշխատանքային նախաճաշին անդրադարձ է եղել ինչպես հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների, այնպես էլ միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցերին: Ընդգծվել է միմյանց վերաբերող խնդիրներում կառուցողական համագործակցության անհրաժեշտությունը և կարևորվել առկա իրավապայմանագրային հարուստ բազայի վրա տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցության ակտիվացումը: Հանդիպումից հետո վարչապետն այցելել է Ե. Պատոնի անվան էլեկտրաեռակցման ինստիտուտ, հանդիպել Ուկրաինայի ազգային ակադեմիայի նախագահ, իստիտուտի տնօրեն Բորիս Պատոնի հետ: Հանդիպմանը պատվիրակության կազմում մասնակցել է նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը, որն իր ուկրաինացի գործընկերոջը համատեղ որոշակի ծրագրերի նախագծեր է ներկայացրել և նվիրել ՀՀ ԳԱԱ-ին վերաբերող գրականություն: Այնուհետ, Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի Ազգային բանկի նախագահ Սերգեյ Տիգիպկոյի հետ, այցելել բանկի թանգարան: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Ուկրաինայի մայրաքաղաքում նաև ծաղիկներ է դրել Փառքի հրապարակում գտնվող Անհայտ զինվորի հուշարձանին:
Կեսօրին կայացել է Անդրանիկ Մարգարյանի հանդիպումը Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչի հետ: Հայաստանի վարչապետը շնորհավորել է իր գործընկերոջը՝ 2004թ. հոկտեմբերի 31-ին կայանալիք նախագահական ընտրություններում խորհրդարանական մեծամասնության կողմից միասնական թեկնածու առաջադրվելու առիթով և հաջողություններ մաղթել նրան: Գոհունակություն հայտնելով վերջին շրջանում Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրատնտեսական համագործակցության ասպարեզում որոշակի առաջընթացի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ այդուհանդերձ, այս ոլորտում համագործակցությունը դեռևս չի համապատասխանում երկու երկրների հնարավորություններին և առկա ներուժին: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացումը, նաև ՀՀ վարչապետը կարևորել է սերտ փոխգործակցության անհրաժեշտությունը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, Զարգացման հայկական գործակալության, Առևտրաարդյունաբերական պալատի և ուկրաինական կողմի համանման կառույցների միջև: Վարչապետներ Մարգարյանը և Յանուկովիչն ընդգծել են, որ երկու երկրների միջև ձևավորված հարուստ իրավապայմանագրային բազան (մոտ 60 համաձայնագիր) հնարավորություն է տալիս փոխգործակցություն զարգացնել ամենատարբեր ոլորտներում: Հայաստանի վարչապետն իր ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Փոթի-Իլյիչևսկ լաստանավային փոխադրումներ իրականացնող «Ուկրֆերրի» ընկերության կողմից փոխադրումների սակագները բարձրացնելու խնդրի մասին և հույս հայտնել, որ դրանք հետագայում այլևս չեն բարձրանա, քանի որ ակնհայտ են դրա բացասական հետևանքները հայ-ուկրաինական առևտրատնտեսական հարաբերությունների վրա: Բեռնափոխադրումներն արհեստականորեն թանկացնելուց խուսափելու համար Անդրանիկ Մարգարյանը խնդրել է իր գործընկերոջ աջակցությունը՝ Հայաստանին հասցեագրված բեռները Իլյիչևսկից Փոթի նավահանգիստ տեղափոխելու հարցում: Այստեղ ուկրաինական կողմը որևէ խնդիր չտեսնելով, բանակցություններ կվարի նաև վրացական կողմի հետ: Տրանսպորտի ոլորտի այս խնդիրներն ամրագրվել են նաև միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող արձանագրության մեջ: Նկատի առնելով գյուղատնտեսության բնագավառում Ուկրաինայի առաջատար դիրքը՝ վարչապետները խոսել են նաև տեխնիկական միջոցների մատակարարման ուղղությամբ համագործակցության մասին՝ նպատակահարմար համարելով լիցենզային և գյուղացիական տնտեսությունների համար այլ մատչելի պայմաններ ապահովող մեխանիզմների կիրառումը: Զրուցակցի խնդրանքով ՀՀ վարչապետը ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական վիճակը, ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված վերջին գործընթացները: Անդրադարձ է եղել Իրան-Հայաստան գազատարի կառուցմանը ուկրաինական կողմի հնարավոր մասնակցության հարցին և այլն:
Հանդիպման ավարտին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հրավերի համար շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի վարչապետ պրն Վիկտոր Յանուկովիչին և փոխադարձաբար հրավիրել պատասխան պաշտոնական այց կատարել Հայաստան՝ իրեն հարմար ժամկետներում:
Հանդիպումից հետո վարչապետները մասնակցել են Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի եզրափակիչ նիստի աշխատանքներին, որտեղ քննարկվել է երկկողմ տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հանձնաժողովի համանախագահները՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը և Ուկրաինայի արդյունաբերական քաղաքականության նախարար Ալեքսանդր Նեուստրոյևը վարչապետներին զեկուցել են միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները: Նրանք նշել են, որ կողմերը պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ 1992թ. հունվարի մեկից մինչև երկու պետությունների կենտրոնական բանկերի փոխադարձ թղթակցային հաշիվների բացումն ընկած ժամանակահատվածում Հայաստանի և Ուկրաինայի Հանրապետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների փոխադարձ հաշվարկների սալդոյի կարգավորման խնդրով: Աշխատանքային խումբը կքննի ստեղծված իրավիճակը և երկև-երեք ամիս անց վարչապետներին կտեղեկացնի կատարված աշխատանքների արդյունքների մասին, առաջարկություններ կներկայացնի խնդրի լուծման վերաբերյալ: Նշվել է նաև, որ երկու կողմերի շահագրգիռ մարմիններին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել զբոսաշրջության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու համար՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԵՍԿՈ-ի հովանավորությամբ իրականացվող «Զբոսաշրջությունը Մետաքսի մեծ ճանապարհով» նախագծի շրջանակներում: Ուկրաինական կողմը Հայաստանի զբոսաշրջության ոլորտի կազմակերպություններին և ձեռնակություններին հրավիրել է մասնակցելու «Ուկրաինա-2004» 11-րդ միջազգային զբոսաշրջային սրահին, որը կանցկացվի 2004թ հոկտեմբերի 14-16-ը Կիևում:
Հանձնաժողովի անդամները գոհունակություն են հայտնել նախորդ նիստում ընդունված որոշումների իրականացման ընթացքից, նշելով, որ կողմերը հիմնականում կատարել են նիստի Արձանագրության մեջ ամրագրված հանձնարարականները: Անդրադառնալով Հայաստանի և Ուկրաինայի միջև 2001-2010թթ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման ընթացքին, հանձնաժողովը կողմերին հանձնարարել է այդ հարցում ակտիվացնել տեղեկատվության փոխանակումը, ուսումնասիրել ծրագրի արդյունավետ իրագործմանը խոչընդոտող հիմնախնդիրները:
Նիստում նշվել է գիտության և տեխնոլոգիաների բնագավառում երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Հանձնաժողովը որոշել է կողմերին առաջարկել աշխատանք տանել նաև տրանսպորտի ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ՝ տրասպորտային փոխադրումների կայուն աճի պահպանման նպատակով: Առաջարկվել է անհրաժեշտության դեպքում խորհրդակցություններ անցկացնել համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների մակարդակով: Ուկրաինայի տրանսպորտի նախարարությանը և «Ուկրֆերրի» ընկերությանը հանձնարարվել է քննարկել դեպի Հայաստան և Հայաստանից լաստանավային ճանապարհով կատարվող բեռնափոխադրումները Բաթումի նավահանգստի փոխարեն Փոթի նավահանգստով և հակառակ ուղղությամբ իրականացնելու հնարավորությունը, որի վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանի և Ուկրաինայի վարչապետների հանդիպման ժամանակ:
Նիստում որոշում է ընդունվել սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Հանձնաժողովը, մասնավորապես, կարևոր է համարել համագործակցությունը անորակ ապրանքների և ծառայությունների սպառողական շուկա թափանցումը կանխարգելելու, այդ նպատակով տեղեկատվության փոխանակումն ակտիվացնելու, փոխադարձ հարցումների դեպքում սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով նորմատիվաիրավական փաստաթղթերի փոխանակման և այլ բնագավառներում: Կողմերին առաջարկվել է քննարկել և ստորագրման նախապատրաստել միջգերատեսչական համաձայնագիր՝ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում: Հանձնաժողովը կողմերին առաջարկել է ստորագրման նախապատրաստել նաև մի շարք այլ համաձայնագրեր, որոնց թվում են «Ուկրաինայի նախարարների կաբինետի և ՀՀ կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին», երկու երկրների արդարադատության նախարարությունների, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառի համապատասխան նախարարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրերը:
Կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկու երկրների ագրոարդյունաբերական համակարգերի արդի վիճակի և ներուժի վերաբերյալ, հաստատել են իրենց շահագրգռվածությունը այդ բնագավառում համագործակցության ակտիվացման, ինչպես նաև գյուղատնտեսական ու պարենային արտադրանքի ապրանքաշրջանառության ծավալների մեծացման խնդրում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ 20 բազմաֆունկցիոնալ էքսկավատորների, ինչպես նաև անասնաբուժության բնագավառում օգտագործվող 20կգ շիճուկի Հայաստան առաքման վերաբերյալ:
Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են եղել էներգետիկայի ոլորտում համագործակցության ներկա վիճակի ու հեռանկարների հարցերը: Կողմերին առաջարկվել է, մասնավորապես, քննարկել հայկական առաջատար ընկերությունների էներգետիկ ծրագրերում ուկրաինական ձեռնարկությունների մասնակցության, սարքավորումների առանձին տեսակների մատակարարման, ինչպես նաև Իվանո - Ֆրանկովսկի նավթի ու գազի ազգային տեխնիկական համալսարանում այդ բնագավառի հայ մասնագետների ուսուցման հնարավորությունները: Մեկ այլ որոշմամբ, Հայաստանի և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարություններին հանձնարարվել է ստեղծել գիտատեխնիկական համագործակցության հարցերով աշխատանքային խումբ՝ մինչև 2004թ. վերջը մրցութային հիմունքով 2005-2007թթ. Հայ-ուկրաինական գիտատեխնիկական համագործակցության ծրագրի ձևավորման նպատակով:
Հանձնաժողովի անդամները կարևորել են երկկողմ համագործակցության պայմանագրային- իրավական հիմքի զարգացումը:
ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Ուկրաինայի մշակույթի և արվեստի նախարարության միջև մշակութային համագործակցության վերաբերյալ 1999թ. դեկտեմբերի 23-ին ստորագրված եռամյա ծրագրի ավարտման կապակցությամբ, միջկառավարական հանձնաժողովը երկու երկրների մշակույթի նախարարություններին հանձնարարել է բանակցային գործընթաց սկսել, միջգերատեսչական նոր՝ մինչև 5 տարի ժամկետով ծրագրի նախապատրաստման և ստորագրման համար:
Հանձնաժողովի նիստից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել է համաձայնագիր «ՀՀ կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին», ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի արդյունքների Արձանագրությունը: Փաստաթղթերի ստորագրմանը հաջորդել է Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչի պարգևատրման արարողությունը: Նա ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու, տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը անցկացնել 2005թ. Երևանում:
Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Ուկրաինայի վարչապետ Վիկտոր Յանուկովիչի մամուլի ասուլիսը: Իր ներածական խոսքում վարչապետ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում Հայաստանի պատվիրակությանը ցույց տրված ջերմ ընդունելության համար: Վկայակոչելով երկու երկրների ու ժողովուրդների միջև գոյություն ունեցող բարեկամության պատմական արմատները, վարչապետը նշել է, որ այսուհետ ևս, նոր պայմաններում այդ բարեկամությունը՝ փոխըմբռնման և փոխադարձ վստահության հիման վրա, կշարունակի հաջողությամբ զարգանալ: Անդրադառնալով արտաքին քաղաքականության բնագավառում Հայաստանի և Ուկրաինայի համագործակցությանը, Անդրանիկ Մարգարյանն առաջնահերթ է համարել փոխգործակցությունը հատկապես եվրաինտեգրման գործընթացում, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում: Իր խոսքում վարչապետը կարևորել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի հետագա խթանումը, նշելով, որ դրա համար Հայաստանն ու Ուկրաինան դեռևս մեծ ներուժ ունեն: Երկկողմ տնտեսական կապերի զարգացման մեջ վարչապետը մեծ տեղ է հատկացրել, մասնավորապես, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ակտիվացմանը:
Հայաստանի կառավարության ղեկավարը առանձնահատուկ երախտագիտությամբ է նշել Ուկրաինայում բնակվող հայության հոգևոր-մշակութային ավանդույթների, հոգսերի ու խնդիրների նկատմամբ երկրի ղեկավարության կողմից ցուցաբերվող շահագրգիռ ու սրտացավ վերաբերմունքը, որի շնորհիվ մեր հայրենակիցները՝ որպես այդ երկրի լիիրավ քաղաքացիներ, հնարավորություն ունեն իրենց մասնակցությունը բերելու տնտեսական ու քաղաքական կյանքին, պահպանելու և զարգացնելու իրենց ազգային-մշակութային արժեքները:
Խոսքի վերջում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երջանկություն, բարօրություն և հետագա բարգավաճում է մաղթել Ուկրաինայի ժողովրդին, հույս հայտնելով, որ ներկա այցը կնպաստի հայ-ուկրաինական համագործակցության հետագա զարգացմանը:
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել նաև Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ: Վարչապետը հանդիպման ժամանակ նշել է, որ երկու երկրների համագործակցության ակտիվացումը կարող է նպաստել նաև միջխորհրդարանական կապերի սերտացմանը: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է ԵԽԽՎ-ում և միջազգային այլ կազմակերպություններում ազգային պատվիրակությունների փոխշահավետ գործակցությունը: ՀՀ վարչապետը զրուցակցից հետաքրքրվել է Ուկրաինայում ընթացող սահմանադրական բարեփոխումների և 2004թ. հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ընթացքով:
Վաղը՝ մայիսի 12-ին, շարունակվելու է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի այցը Ուկրաինայի Հանրապետությունում: Նախատեսվում են վարչապետի հանդիպումները Ուկրաինայի Հանրապետության նախագահ Լեոնիդ Կուչմայի և Կիևի քաղաքապետ Ալեքսանդր Օմելչենկոյի հետ: