հինգշաբթի, 23 հունիսի 2016
Վարչապետն այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր՝ կրթության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին ծանոթանալու նպատակով:
Շրջայցի ընթացքում ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել ուսուցման կազմակերպման գործընթացի, ձեռքբերումների և զարգացման ծրագրերի վերաբերյալ: Նա նշել է, որ կրթահամալիրը հանրակրթության ոլորտում հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ» (ՄԲ) համակարգի ծրագրերով կրթություն է իրականացնում ավագ, միջին, կրտսեր դպրոցներում և նախակրթարանում, ունի տարբեր ուղղություններով գիտական հետազոտություններ իրականացնող առարկայական ամբիոններ: Կրթահամալիրի 300-ից ավելի շրջանավարտներ սովորել և սովորում են աշխարհի հեղինակավոր բուհերում, մեծ թիվ են կազմում միջազգային և հանրապետական օլիմպիադաներում մրցանակային տեղեր նվաճած սաները: Ճեմարանը հանդիսանում է նաև Միջազգային դպրոցների «Round Square» կազմակերպության համաշխարհային ասոցիացիայի լիիրավ անդամ: Աշոտ Ալիխանյանը ներկայացրել է նաև կրթահամալիրի մասնաշենքերի բարեկարգման ու մարզական նոր համալիրի կառուցման աշխատանքները:
Հովիկ Աբրահամյանը զրուցել է կրթահամալիրի ավագ դպրոցի սաների և մանկավարժների հետ, նրանց հետ քննարկել կրթության կազմակերպմանը և մասնագիտական զարգացմանը վերաբերող հարցեր: Վարչապետը ողջունել է կրթահամալիրի գործունեությունը և կառավարության անունից անհրաժեշտության դեպքում ճեմարանի զարգացման ծրագրերին աջակցելու պատրաստակամություն հայտնել: