հինգշաբթի, 14 հուլիսի 2016
Սոցփաթեթի հանգստի բաղադրիչը ընդգրկվելու է 2017թ. պետբյուջեի նախագծում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Ս.թ. մարտի 24-ին կառավարության ղեկավարը առաջարկել էր Վերահսկիչ պալատին ուսումնասիրություն կատարել սոցփաթեթի հանգստի կազմակերպման բաղադրիչի վերաբերյալ: Այսօրվա նիստում ուսումնասիրության արդյունքը ներկայացրել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Իշխան Զաքարյան - Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, 2016թ. մարտի 24-ին ՀՀ վարչապետը հանձնարարական իջեցրեց մի շարք գերատեսչությունների և առաջարկեց Վերահսկիչ պալատին, որպեսզի ուսումնասիրություն սկսենք սոցիալական փաթեթի շահառուների հանգստի կազմակերպման մասով կատարված ծախսերի հետ: Վերահսկողության ընթացքում Վերահսկիչ պալատը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ խոշոր զբոսաշրջային համայնքներ հանդիսացող Ծաղկաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Աղվերանի, Արզնիի, Արտավազի և Հանքավանի ընտրանքային կարգով ուսումնասիրված հյուրանոցներում և հայտնաբերել է շուրջ 300 մլն դրամի տարբեր խախտումներ: Դրանք հետևյալն են՝ Ծաղկաձոր համայնքում մենք ուսումնասիրել ենք 21 հանգստյան տներ և հյուրանոցներ և հայտնաբերել 128 մլն 681 հազար դրամի խախտում, Ջերմուկ քաղաքում՝ 13 հանգստյան տներ և հյուրանոցներ, հայտնաբերվել է 62 մլն 437 հազար դրամի խախտում, Դիլիջան քաղաքում ուսումնասիրվել է 7 հանգստյան տուն և հյուրանոց, հայտնաբերվել է 43 մլն 490 հազար դրամի խախտում, Արզական համայնքում 4 հյուրանոց և հանգստյան տուն, 27 մլն 146 հազար դրամի խախտում, Արզնի համայնքում 3 առողջարան, հայտնաբերվել է 22 մլն 717 հազար դրամի խախտում, Արտավազ համայնքում 3 հանգստյան տուն և հյուրանոց, 10 մլն 230 հազար դրամի խախտում և Հանքավանում 2 հյուրանոց և հանգստյան տուն, հայտնաբերվել է 4 մլն 314 հազար դրամի խախտում: Ընդհանուր խախտման թիվը շուրջ 300 մլն է: Սա առաջացել է հետևյալ պատճառով. ընդհանրապես պետական բյուջեից տրամադրված գումարները 2 ուղղությամբ են ծախսվում՝ առաջինը հանգստի կազմակերպման, 2-րդը՝ առողջապահության կազմակերպման, և այս առումով ծախսերը կատարվում են զբոսաշրջային օպերատորների կողմից, որոնց լիցենզավորում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Էկոնոմիկայի նախարարության տրամադրած տեղեկության համաձայն ՀՀ-ում և ԼՂՀ-ում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված է եղել 69 զբոսաշրջային օպերատոր, որոնցից Վերահսկիչ պալատը ուսումնասիրություն է կատարել 7 ընկերությունում և հայտնաբերել հետևյալ փաստերը: Որոշ զբոսաշրջային օպերատորներ լիարժեք չեն կատարել հյուրանոցների հանդեպ իրենց ունեցած պայմանագրային պարտավորությունները, ՀՀ պետական բյուջեից ստացված գումարները ծախսել են այլ նպատակներով, ինչի պատճառով կուտակվել են վերոհիշյալ պարտքերը:
Երկրորդ՝ ամրագրման հավաստագրերը տրված են եղել սոցիալական փաթեթի շահառուների անունով, սակայն հաճախ սոցիալական փաթեթից փաստացի օգտվել են շահառու չհանդիսացող քաղաքացիներ:
Երրորդ՝ մի խումբ զբոսաշրջային օպերատորներ թույլ են տվել սոցիալական փաթեթի գումարների ապօրինի կանխիկացման դեպքեր, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությանը և օրենքներին:
Չորրորդ՝ որոշ զբոսաշրջային օպերատորներ սոցիալական փաթեթի ծառայություններ են մատուցում, սակայն ընդգրկված չեն եղել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ, հաշվառված չեն եղել Էկոնոմիկայի նախարարության կողմից և գործել են հաշվառված օպերատորների հետ կնքված ենթագործակալական պայմանագրերի հիման վրա, ինչը որևէ որոշմամբ ամրագրված չէ: Նշված պատճառով զբոսաշրջային օպերատորների հաշվառումը կրել է ձևական բնույթ և սոցիալական փաթեթի կարգավորման ոլորտը դարձել է ոչ բավարար թափանցիկ և վերահսկելի:
Եվ հինգերորդ՝ սոցիալական փաթեթի գումարները պետբյուջեից փոխանցվել են բանկերում բացված հաշիվներին, սակայն մի շարք բանկերի կողմից զբոսաշրջային օպերատորներին փոխանցումներ չեն կատարվել: Վերահսկիչ պալատի աշխատակիցներին տեղեկություն չի տրամադրվել՝ բանկերի կողմից հղում անելով բանկային գաղտնիքի մասին դրույթներին: Ելնելով վերոգրյալից Վերահսկիչ պալատն առաջարկում է ՀՀ կառավարությանը ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջները շրջանցելու, ինչպես նաև սոցիալական փաթեթի գումարների անօրինական կանխիկացման դեպքերը բացառելու համար լրամշակել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչին վերաբերող դրույթները:
Վերահսկիչ պալատի նախագահը պատասխանել է նաև ՀՀ վարչապետի այն հարցին, թե ինչպես են ընթանում սոցիալական ծառայություններում կատարվող ուսումնասիրությունները: Իշխան Զաքարյանն ասել է, որ Սյունիքի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում (բացի Գյումրի քաղաքի երկու ծառայությունից) ուսումնասիրությունն ավարտվել է: Այժմ սկսվել է Գեղարքունիքի մարզի սոցծառայությունների գործունեության ուսումնասիրությունը, որն ավարտվելուց հետո 4 մարզերի արդյունքներն ամփոփ կներկայացվեն վարչապետին:
Ամփոփելով թեման, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ նախորդ նիստում, 2017-2019 թթ. միջնաժամկետ ծրագրերի նախագիծը քննարկելիս հայտարարվել էր, որ նախարարությունների առաջարկով կասեցվում է այդ գործընթացը, ինչը դարձել է բազմաթիվ հարթակներում անհիմն քննարկման առարկա: «Այդ կասեցումը բխում էր հենց այս ստուգման արդյունքից: Փաստորեն ՎՊ նախնական արդյունքների մասով դրանք իրոք կան, ուստի ճիշտ էր կասեցնելու որոշումը: Սոցիալական փաթեթը 2016թ. համար գործում է, ընթացիկ տարվա պետբյուջեով նախատեսված ծախսերն իրականացվում են, որևէ խոչընդոտ չկա: Երեք նախարարությունների հանձնարարական է տրվել, որպեսզի ներկայացնեն նոր գործիքակազմ ավելի հստակ վերահսկելու այդ գործընթացը, իսկ 2017 թ. պետբյուջեի նախագծում սոցիալական փաթեթի այդ բաղադրիչը մենք ընդգրկելու ենք», - ասել է վարչապետը:
Կառավարությունն աջակցում է տուժած բնակիչներին
Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում ս.թ. հունիս և հուլիս ամիսներին հորդառատ անձրևի ու կարկտահարության հետևանքով տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, վնասվել գյուղամիջյան ճանապարհներ, կամուրջներ, հենապատեր:
Կառավարությունը 104 մլն դրամ է հատկացրել աղետի հասցրած վնասի հետևանքները վերացնելու, ինչպես նաև հետագայում նման մեծածավալ վնասից խուսափելու համար՝ Արմավիրի մարզում 22 և Արագածոտնի մարզում 6 հակակարկտային կայան տեղադրելու նպատակով: Ուժեղ քամու պատճառած վնասի փոխհատուցումը, որի հաշվարկն այժմ իրականացվում է, գործադիրը քննության կառնի առաջիկայում:
«ՀՀ Նախագահի հետ այս հարցը մենք քննարկել ենք և որոշում ենք կայացրել, որ մարզերում, համայնքներում ստեղծված հանձնաժողովների առաջարկները քննարկենք և փորձենք հնարավորինս օգնել մեր ժողովրդին: Խնդիրը պարզ է՝ մենք մեր քաղաքացիների բոլոր ցանկությունները չենք կարող բավարարել: Երեկ եղել ենք մի քանի համայնքներում, և իրոք մեծ աղետ է տեղի ունեցել. մարդիկ ունեն վարկեր, ծախսեր են իրականացրել՝ ակնկալելով բերք ստանալ, իրացնել և հետո վարկերը մարել: Նաև առաջարկ կար, որպեսզի վարկերը հետաձգվեն: Ես Կենտրոնական բանկի նախագահ պարոն Ա. Ջավադյանին խնդրում և առաջարկում եմ, - այդ մասին խոսել ենք մի քանի օր առաջ, -որպեսզի նաև առևտրային բանկերի հետ համագործակցենք և հնարավորինս՝ գոնե մեկ տարով՝ հետաձգենք գյուղացիների վարկերը: Սա է խնդիրը, և նաև նախարարները, գերատեսչությունները պետք է շատ ակտիվ համագործակցեն մարզպետների, քաղաքապետերի, գյուղապետերի հետ, որպեսզի կարողանանք հնարավորինս օգնել մեր քաղաքացիներին:
Երեկ նախարարների հետ եղել ենք Արթիկ քաղաքում, և անհիմն են որոշ հարթակներում հնչեցվող տեղեկությունները, թե աշխատանք չի կատարվում, դժգոհություն կա: Եղել ենք աղետից տուժած բնակարաններում, աշխատանքները կատարված են, իհարկե նաև ընթացքի մեջ են: Քաղաքացիները միշտ էլ ցանկանում են ավելի շատ օգնություն ստանալ կառավարությունից. մենք ֆինանսավորել ենք բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացրել են հանձնաժողովները հաշվարկների հիման վրա: Գործընթացը գնում է առաջ, ես որևէ դժգոհություն չնկատեցի, նույնիսկ շնորհակալական խոսքեր հնչեցին տարբեր քաղաքացիների կողմից, որը շատ օբյեկտիվ էր», - ասել է Հովիկ Աբրահամյանը:
Կառավարության որոշմամբ 4 ընտանիք դարձավ զբաղեցրած բնակարանի սեփականատեր
ՀՀ կառավարության որոշմամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գիտավանի ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի հանրակացարանային 5-րդ և 11-րդ մասնաշենքերում բնակվող քաղաքացիների 4 ընտանիքի նվիրվել է նրանց զբաղեցրած բնակելի տարածքը՝ մշտական բնակության վայր ունենալու նպատակով:
Կառավարությունը խթանում է ՏՏ ոլորտի արդյունքի արտահանումը
Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը և կառավարության նախկին որոշումներից մեկը, «Ունիկում ինժիներինգ» և «Արիդես» ՍՊԸ-ների՝ «Ալյանս» Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) շահագործողի թույլտվություն ստանալու հայտերը, ԱՏԳ շահագործողների թույլտվության տրամադրման մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները, գործադիրը որոշել է նշված ՍՊԸ-ներին «Ալյանս» ԱՏԳ «ՌԱՕ Մարս» ՓԲԸ տարածքում 5-ական տարով տրամադրել շահագործողի թույլտվություն՝ էլեկտրոնիկայի և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտում գործունեություն ծավալելու համար: Դա հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր ՏՏ ոլորտում ստեղծված արդյունքի արտահանմանը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:
Գործադիրը Ֆրանսիայի Հանրապետության «Սաֆեժ» ԲԲԸ-ին թույլատրել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի 1-ին և 2-րդ ծրագրերով իրականացնել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված շինարարության որակի տեխնիկական հսկողության գործունեությունը: «Սաֆեժ» ԲԲԸ-ն ունի ճարտարագիտության, շինարարության, արդյունաբերության որակավորման մասնագիտական կազմակերպությունից տրված վկայական, որով հավաստվում է, որ ընկերությունն ունի համապատասխան տեխնոլոգիական և կազմակերպչական հնարավորություններ: «Սաֆեժ Էս Ա և Էպտիսա» համատեղ ձեռնարկությանը դեռ 2012թ. վերապահվել է վերակառուցվող Երևան-Աշտարակ, Երևան-Արարատ, Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների շինաշխատանքի որակի տեխնիկական հսկողության գործառույթը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցը կառավարության նիստում ներկայացնող ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանին հանձնարարել է պարզել, թե ինչո՞ւ է դանդաղում ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը և համապատասխան միջոցներ ձեռնարկել վիճակը շտկելու համար:
Կապահովվեն գույքի շահագործումը և ծախսային ծրագիրը
Կառավարությունը որոշում է ընդունել միջազգային վարկատու կազմակերպություններից երկուսի հետ կնքված Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության վարկային ծրագրերով ձեռք բերված գույքի շահագործումն ապահովելու նպատակով: Որոշման ընդունմամբ կմեծանա Արագածոտնի մարզի Արտաշավանի, Սյունիքի մարզի Խնձորեսկի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքներում կառուցված անասնաբուժական սպասարկման կենտրոնների անասնաբուժական ծառայության մատուցման արդյունավետությունը, չորս մարզի 40 և ավելի համայնքում գործող անասնաբույժների համար հասանելի կդառնան սպասարկման կենտրոնների ծառայությունը, սարքավորումն ու գույքը, անասնաբույժների ուսուցումն ու խորհրդատվությունը կշարունակվեն, նրանք տեղեկացված կլինեն ոլորտի նորույթներին, արտասահմանյան փորձին, իրականացվող մոնիտորինգի արդյունքներին:
Փոփոխություն կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, Գործադիրը ՀՀ 2016թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրով նախատեսված 5 մլրդ 734 մլն 664.1 հազար դրամը ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժել է երրորդ եռամսյակ, քանի որ երրորդ եռամսյակի հատկացումների գումարը հնարավորություն չի տալիս արտահանողների ներկայացրած հայտերով ապահովել ԱԱՀ վերադարձը:
Իրականացվում է քաղաքային զարգացման ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի 2-րդ տրանշով Դավթաշեն-Աշտարակի մայրուղի ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը, որը բխում է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. ստորագրված վարկային համաձայնագրից: Այժմ նշված ճանապարհահատվածում հնարավոր կլինի իրականացնել ազդեցության ենթարկված գույքի և հողատարածքի իրացումը, որից հետո կսկսվի շինարարությունը:
Հաջորդ որոշմամբ գործադիրը քաղաքային մայրուղու շինարարության որոշ տարածքներ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու՝ Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածներում շինաշխատանքի իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքի և հողատարածքի սեփականատերերի շահերից և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքի և հողատարածքի օտարման: Բնակիչների հետ տեղում անցկացվել են հանդիպումներ, ներկայացվել է սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու վճարման կարգը, տեղեկություն է տրամադրվել նաև հեռախոսով:
ՀՀ քաղաքացիներից 10 մատի մատնադրոշմ կվերցվի
Գործադիրն իր որոշմամբ ՀՀ ոստիկանությանը հատկացրել է շուրջ 22.5 մլն դրամ «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքների փոփոխություններով սահմանված ս.թ. սեպտեմբերի 1-ից նույնականացման քարտերի և կենսաչափական կողմնորոշիչ պարունակող անձնագրերի հայտերի մուտքագրման ժամանակ ՀՀ քաղաքացիներից 10 մատի մատնադրոշմ վերցնելու համակարգչային սերվեր և ծրագրային փաթեթ ձեռք բերելու նպատակով: Ծրագրային նոր լուծումները ներդրվելու են հնարավոր սեղմ ժամկետում՝ մինչև օգոստոսի 20-ը: Սրանով, ըստ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկման, կառավարությունն սկսում է իրականացնել ընտրական նոր օրենսգրքից բխող իր պարտավորությունները:
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը: Ծառայությունը բաղկացած է լինելու կենտրոնական մարմնից, Երևանի քաղաքային մարմնից և մարզային մարմիններից:
ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի բնակիչ, ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մագիստրատուրայի ուսանող Հայկ Սարիբեկյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ մինչև ուսումնառության ավարտը՝ 2018թ. ամառային զորակոչ: Պայմանագրի համաձայն Սարիբեկյանը պարտավորվում է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ ՀՀ և երկու տարի իր՝ էլեկտրատեխնիկա և համակարգչային գիտություն մասնագիտությամբ աշխատել ՀՀ պաշտպանության նախարարությունում: