հինգշաբթի, 20 մայիսի 2004
Նախքան օրակարգի հարցերին անցնելը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը կառավարության անդամներին է հանձնել նրանց սոցիալական ապահովության անհատական քարտերը՝ վերստին ընդգծելով, որ սոցապահովության քարտերի համակարգի ներդրումը առկա ռեսուրսները արդյունավետ օգտագործելու, սոցիալական վիճակը բարելավելու մեխանիզմ է, որի արդյունքում ակնկալվում է մեծացնել նպաստների հասցեականությունը, պարզեցնել նպաստների, կենսաթոշակների կամ այլ օգնությունների համար դիմելու ձևը, ինչպես նաև արագ, առանց բյուրոկրատական քաշքշուկի ստուգել այդ դիմումների տեղեկատվությունը, նաև ստաժի, աշխատավարձի, կատարած սոցիալական վճարումների գրանցումը: Այդ ամենը, ըստ նախարարի, կնպաստի նաև ստվերային տնտեսության հաշվին բյուջետային եկամուտների մեծացմանը, հարկահավքման գործընթացի արդյունավետությանը: Աղվան Վարդանյանը նշել է, որ մայիսի 15-ի դրությամբ սոցիալական ապահովության քարտ ստանալու հայտ են լրացրել շուրջ 1 մլն 300 հազար ՀՀ քաղաքացի, նրանցից 800 հազարն արդեն ստացել են քարտեր:
Նիստի հարցերի օրակարգի շրջանակներում, հաստատվել է հուշարձանների վերականգնման գծով 2004թ. պետական պատվերը: Հուշարձանների ընտրությունը կատարվել է հաշվի առնելով նրանց պատմամշակութային բացառիկ արժեքը, տեխնիկական վատթար վիճակը և համեմատաբար փոքր ֆինանսական ներդրումներով հուշարձանները վերականգնելու և հետագա կորստից փրկելու հանգամանքը: Այդ նպատակին ուղղված այս տարվա պետական պատվերը կազմել է 50 մլն դրամ: Որոշումներ են ընդունվել նաև «ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ոչ պետական մամուլի հրատարակման, գրադարանների, թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների, ինչպես նաև մուլտիպլիկացիոն, խաղարկային, վավերագրական կինոնկարների արտադրության, կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման, կինոշուկաներին մասնակցության գծով սուբսիդավորման նպատակով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը նախատեսված հատկացումներն ըստ առանձին կազմակերպությունների բաշխելու մասին: Ոչ պետական մամուլի սուբսիդավորման համար ընտրվել են գրական-մշակութային, գիտական, ազգային փոքրամասնությունների լեզվով հրատարակվող և մարզերում լույս տեսնող թերթերն ու ամսագրերը: Պետական պատվերը կազմել է 41 մլն 200 հազ դրամ:
Կառավարության անդամները հավանություն են տվել «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի լրամշակված տարբերակին, որը կարգավորում է մշակութային արժեքների արտահանումն ու ներմուծումը, մշակութային արժեքների ապօրինի արտահանման ու ներմուծման կանխումը և այդ արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությունը: Օրենքի նպատակն է՝ նպաստել Հայաստանի հանրապետության մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային մշակութային համագործակցությանը, Հայաստանի հանրապետության և այլ պետությունների ժողովուրդների մշակութային հաղորդակցմանը: Օրենքը կարգավորում է մշակութային արժեքների արտահանման և ներմուծման ընթացքում ծագող հարաբերությունները, սահմանում՝ այդ ոլորտում ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները, պետական մարմինների իրավասություններն ու դրանց պատասխանատվությունը: Առաջակվող փոփոխություններն անհամեմատ կազատականացնեն մշակութային արժեքների և մշակութային առարկաների արտահանումը, կհստակեցնեն պետության և քաղաքացիների փոխհարաբերությունները: Օրինագծի ընդունման կապակցությամբ, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև ՀՀ մաքսային օրենսգրքում, «Պետական տուրքի մասին», «Ավելացված արժեքի մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին:
«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ստեղծելու նպատակով, կառավարությունը որոշել է նշված հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության՝ Երևան քաղաքի Սարյան փողոցի 22 հասցեում գտնվող շենքի 12-րդ հարկից 60 քմ մակերեսով տարածք:
Կառավարությունը հաստատել է նաև «Բժշկա-սոցիալական վերականգնման, աշխատունակության փորձաքննության հիվանդանոցային ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող ծառայությունների գնման գծով պետական պատվերը: ՀՀ 2004թ. պետական բյուջեով նախատեսված 35 մլն 131 հազար դրամ միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել շուրջ 306 հիվանդների անվճար հիվանդանոցային բուժում՝ 9 հիվանդատեսակների գծով:
ՀՀ 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, գործադիրը 2 մլն 974,4 հազար դրամ է հատկացրել Վայոց Ձորի մարզպետարանին՝ Աղնջաձոր գյուղի խմելու ջրագծի 1 կմ հատվածի վերակառուցման նպատակով: Այլ որոշումներով 4 մլն 253,4 հազար դրամ է հատկացվել նաև Արարատի մարզպետարանին՝ Ուրցաձորի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի վերանորոգման համար, 2 մլն դրամ Արագածոտնի մարզպետարանին՝ Նիգավան գյուղական համայնքում բնակվող 160 ընտանիքների համար գազաֆիկացման աշխատանքներ իրականացնելու, ևս 4 մլն դրամ և 4 մլն 491,2 հազ դրամ Վայոց Ձորի մարզպետարանին՝ համապատասխանաբար Եղեգիսի և Վարդահովիտի գյուղապետարաններին ու նրանց ենթակա հիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած պարտքերը մարելու նպատակով նշված համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար: Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր համայնքի բնականոն գործունեությանն աջակցելու նպատակով դոտացիա տրամադրելու համար էլ 9 մլն 573 հազ դրամ է հատկացվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. մարտի 7-ի «Ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը և ջրօգտագործման թույլտվության ձևերը հաստատելու մասին» N 218-Ն որոշման մեջ, որոնցով հնարավորինս կպարզեցվի ջրօգտագործման իրավունքի ձեռքբերման գործընթացը՝ ինչպես ջրօգտագործողների, այնպես էլ այդ գործընթացին հարաբերվող կազմակերպությունների համար:
Նիստում հաստատվել է վերահսկվող ապրանքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգը: Որոշումն ընդունվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների նկատմամբ վերահսկողության մեխանիզմի կատարելագործման նպատակով: Մեկ այլ որոշմամբ, ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիայով Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով, սահմանվել է նաև ՀՀ վտանգավոր թափոնների ցանկը:
Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը՝ գրողների համահայկական երկրորդ համաժողովի անցկացման նպատակով Հայաստանի գրողների միության վարչությանը տրամադրելու համար, իր պահուստային ֆոնդի հաշվին, 11 մլն 670 հազար դրամ է հատկացրել ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
Այսօրվա նիստում կառավարությունը նաև որոշումներ է ընդունել մի շարք ընկերությունների մասնավորեցման վերաբերյալ:
Գործադիրը որոշել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Երևան քաղաքի Զաքիյան փող. N3 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկի՝ ՀՀ փաստաբանների միության կողմից օգտագործվող 356,2 քմ ընդհանուր մակերեսով տարածքը հանձնել ՀՀ արդարադատության նախարարության տնօրինությանը: Տարածքը հատկացվել է ՀՀ փաստաբանների միությանը անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու նպատակով:
Կառավարությունը որոշել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Բժշկակենսաբանական միջազգային ուսումնական կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և հաստատել է դրա կանոնադրությունը:
ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը, կառավարությունը որոշել է թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքից առանց մրցույթի, վարձակալության իրավունքով 2.5 հա մակերեսով հողամաս տրամադրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը՝ 0.7 հա մակերեսով հողամաս՝ Արաբական Միացյալ Էմիրություններին, 0.15 հա մակերեսով հողամաս՝ Լիբանանի Հանրապետությանը, այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի կառուցման նպատակով:
Գործադիրը լիազորել է ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեին՝ ընդունել «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի առաջարկությունը Երևանի Աբովյան 9 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պետությանը պատկանող շենքը վերակառուցելու, այդ շենքի Թումանյան փողոցին հարող մասը քանդելու, դրա փոխարեն բազմահարկ շենք կառուցելու և դրա դիմաց, որպես հատուցում, սեփականության իրավունքով պետությանը անշարժ գույք տրամադրելու պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Ռումինիայի կառավարության միջև իրենց քաղաքացիների և օտարերկրացիների հետընդունման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Օրակարգում ընդգրկված հարցերից նիստում հաստատվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտարանը ձևավորելու և տեղեկություններ տրամադրելու կարգը:
Նիստում գործադիրը հաստատել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի քաղաքային համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման: