չորեքշաբթի, 20 հուլիսի 2016
Վարչապետն ընդունել է Հայաստանում Լատվիայի դեսպանին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ իր պաշտոնավարման ընթացքում հայ-լատվիական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար։ Հովիկ Աբրահամյանը կարևորել է Լատվիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում։ Կառավարության ղեկավարն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ակտիվացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում վարչապետ Աբրահամյանը կարևորել է հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը:
Էլիտա Գավելեն շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար և հույս հայտնել, որ հետագայում ևս հայ-լատվիական փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության, կշարունակի զարգանալ և ընդլայնվել: Դեսպանը տնտեսական հարաբերությունների ակտիվացման գործում նույնպես կարևորել է հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:
Հովիկ Աբրահամյանը և Էլիտա Գավելեն քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին վարչապետը դեսպան Գավելեին մաղթել է նորանոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: