Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 հուլիսի 2016

Իշխանությունն ամեն ինչ անում է ու անելու է՝ հասնելու իրավիճակի խաղաղ հանգուցալուծմանը










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետը նշել է. «Հուլիսի 17-ին մի խումբ անձինք զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի վրա և վերցրել են պատանդներ: Սպանվել է ոստիկանության գնդապետ: Մեր բոլորի անունից ցավակցում եմ գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին, հարազատներին, նրա բոլոր զինակից ընկերներին:
Այն, ինչ տեղի ունեցավ պարեկապահակային ծառայության գնդում, անթույլատրելի եւ դատապարտելի է, որովհետև բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների. այն վտանգավոր եւ անհեռանկար գործընթաց է: Իրավիճակը խիստ մտահոգիչ է եւ իշխանությունն ամեն ինչ անում է  ու անելու է՝ հասնելու դրա խաղաղ հանգուցալուծմանը»:


Կրճատվում են պետբյուջեի ծախսերը


Գործադիրը ՀՀ 2016թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ՀՀ պետական իշխանության մարմիններից ստացված 2016թ. պետբյուջեի կատարումն ապահովելու նպատակով իրենց կողմից իրականացվող ծախսային ծրագրի գծով պետբյուջեով նախատեսված հատկացումների կրճատման վերաբերյալ առաջարկություններով:
Որոշման ընդունմամբ ՀՀ 2016թ. պետբյուջեի դեֆիցիտը և ծախսերը կրճատվում են շուրջ 10.4 մլրդ դրամով:
Հաջորդ որոշմամբ կառավարությունը 2016թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում և փոփոխություններ, որոնք թելադրված են ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող պետական իշխանության մարմինների ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման կապակցությամբ առաջացած 142 ծառայողական ավտոմեքենայի պահպանման ծախսերը՝ շուրջ 91 մլն դրամի չափով (հաշվարկը կատարվել է 6 ամսվա կտրվածքով), կրճատելու անհրաժեշտությամբ: Համապատասխան փոփոխություն է կատարվել նաև կառավարության ավելի վաղ ընդունած որոշման մեջ:


Աջակցությունը բնակիչներին շարունակվում է
 

Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն աջակցություն է ցուցաբերել Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում ուժեղ քամու և կարկտահարության և Շիրակի մարզի Արթիկ քաղաքում՝ հեղեղման հետևանքով վնաս կրած բնակիչներին: Կոտայքի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում ս.թ. հունիս և հուլիս ամիսներին տեղացած հորդառատ անձրևից և կարկտից տուժել են բնակիչներ, բնակելի տներ և օժանդակ շինություններ, վնասվել գյուղամիջյան ճանապարհներ, հենապատեր: Արմավիրի մարզի մի շարք համայնքների բնակիչներին աջակցելու նպատակով կառավարության որոշմամբ տրամադրվել է մոտ 22 մլն դրամ, Արթիկ քաղաքի բնակիչներին՝ 3 մլն 800 հազար դրամ: Գեղարքունիքի մարզում հորդառատ անձրևի պատճառով դժվարանցանելի են դարձել Հ30-Անտառամեջ և Հ30-Կալավան մարզային նշանակության ճանապարհները, որոնց պաստառը վերականգնելու համար հատկացվել է համապատասխանաբար 4 մլն և 6 մլն դրամ: Անձրևի և կարկտի հետևանքով անանցանելի են դարձել Կարճաղբյուրի ներհամայնքային ճանապարհները, որոնց նորոգման նպատակով տրամադրվել է 5 մլն դրամ: Եվս 55 մլն դրամ է հատկացվել Կապան քաղաքի վնասված ճանապարհների վերականգնման համար:


Կակտիվանա պարտատոմսերի շուկան

 

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ նպատակադրվել է ակտիվացնել պետական պարտատոմսերի առաջնային և երկրորդային շուկան: Ընդունված որոշմամբ հնարավորություն կընձեռվի պետական կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ պարտատոմսերին շնորհել ISO 6166 ստանդարտի համապատասխան արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիր(ISIN): Ներկայումս պետական պարտատոմսերին յուրաքանչյուր թողարկմանը շնորհվում է պետական գրանցման համար: Տարբերակիչ ծածկագիրը շնորհվում է պետական պարտատոմսերի շրջանառությունը միջազգային պահառուական համակարգերով ապահովելու, օտարերկրյա ներդրողների համար պետական պարտատոմսերի շուկան առավել հասանելի դարձնելու համար: Որոշման արդյունքում ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերը ճանաչելի կդառնան միջազգային պահառուական համակարգերում, կընդլայնեն օտարերկրյա ներդրողների կազմն ու աշխարհագրությունը:
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք պայմանավորված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում դեբիտորական պարտքերի իրական պատկերն արտացոլելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ ձևավորվում է էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց առաջացած դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ, դասակարգվում են դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման դեպքերը, այնուհետև որպես անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքեր դուրս են գրվում՝ շահութահարկը հաշվարկելիս նվազեցնելով համախառն եկամուտը: Հարցը զեկուցողին՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանին, վարչապետ Հովիկ Աբրահամյանն հանձնարարել է հանրությանը ներկայացնել որոշման մանրամասները, տալ պարզաբանումներ:
ՀԱԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի ֆինանսական առողջացման նպատակով Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքված վարկային համաձայնագրով ստացվելիք 30 մլն ԱՄՆ դոլար վարկից 2016թ. մասհանվող գումարները կառավարության որոշմամբ ներառվել են ՀՀ 2016թ. պետբյուջեի եկամուտներում և ծախսերում:


Աջակցություն է ստանում հերթական ներդրումային ծրագիրը
 

Գործադիրը ներդրումային ծրագրով երեք տարով հետաձգել է «Հիդրո կորպորացիա» ՓԲ ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարի վճարման ժամկետը: Ընկերության նպատակն է վերազինել Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում կառուցած Արգիչի գետի ՓՀԷԿ-ը, որը 9950 կվտ/ժ դրվածքային հզորությամբ և 9500 մ երկարությամբ խողովակաշարով փոքր հիդրոէներգակասկադ է, օգտագործելով գետի ներուժը, էլեկտրաէներգիա է արտադրելու: Այդ նպատակով նախատեսվում է իրականացնել 3.89 մլրդ դրամի ներդրում, որից 850 մլն դրամը հատկացվելու է սարքավորում ձեռք բերելուն: Ծրագրի իրագործմամբ կպահպանվի 15 գործող աշխատատեղը, 2016-2018թթ. աշխատավարձը 170 հազարից կհասցվի 210 հազար դրամի: Վերազինման շնորհիվ կստեղծվի ևս 10 ժամանակավոր աշխատատեղ:
ՀՀ կառավարության նախկին երկու որոշման համաձայն էներգետիկայի ոլորտի 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների խորհուրդների կազմում ընդգրկվել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաև տվյալ ընկերության տնօրենը ի պաշտոնե: Նշված ընկերությունների կառավարման համակարգը Կորպորատիվ կառավարման կանոնագրքին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունը որոշել է ընկերությունների խորհուրդների կազմում ընդգրկել նաև էլեկտրաէներգետիկական շուկայի մասնավոր հատվածի և ակադեմիական/գիտական հաստատություն ներկայացնող առնվազն երկու անկախ անդամի: Կորպորատիվ կառավարման միջոցով ակնկալվում է բարձրացնել մրցունակությունը, տնտեսական արդյունավետությունը:
Մեկ այլ որոշման փոփոխության միջոցով գործադիրը պարզեցրել, մատչելի ու թափանցիկ է դարձրել սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին հասարակության ծանուցման գործընթացը:
ՀՀ կառավարությունը որոշել է իր պահուստային ֆոնդից ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 7 մլն 500 հազար դրամ՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի հագուստի մոդելավորման արհեստանոցը համապատասխան սարքավորումներով ապահովելու նպատակով, քանի որ այն չունի ժամանակակից նյութատեխնիկական բազա, արհեստանոցի արդի վիճակը չի բավարարում և խոչըդոտում է ուսումնական գործընթացին, այն համալրված է Խորհրդային Միության վաղ շրջանի մեքենասարքավորումներով: Գյումրի կատարած այցի ընթացքում խնդիրը ներկայացվել է վարչապետին եւ որոշման նախագիծը կառավարություն է ներկայացվել ՀՀ վարչապետի 2016թ. հունիսի 17-ի հանձնարարականի համաձայն:


Հաստատվել է միգրանտների ինտեգրման հայեցակարգը

 

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգին: Փաստաթղթի համաձայն Հայաստանում իմիգրանտների ինտեգրման կարճաժամկետ քաղաքականության առաջնային թիրախ խմբեր են ճանաչվել ապաստան ստացած և փախստական ճանաչված անձինք (այս խմբի ինտեգրումը ներառելու է ժամանակավոր կացարանի ապահովումը, լեզվական և քաղաքացիական կողմնորոշման դասընթացները), ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողները կամ զավակները (այս անձանց անհրաժեշտ կլինի տրամադրել հայոց լեզվի ուսուցման և քաղաքացիական կողմնորոշման դասընթացներ), ՀՀ քաղաքացու կամ երկրում մշտական կամ հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (այս խումբը ևս նախորդ խմբերին տրամադրվելիք ծառայությունների կարիքն ունի), և այլն: Իմիգրանտների ընտրված խմբերի ինտեգրման նպատակով ստորև նշված գործողությունների իրականացման համար տարեկան կհատկացվի՝ ա/հայոց լեզվի ուսուցման դասընթացի կազմակերպում՝ 2,4 մլն դրամ, բ/քաղաքացիական կողմնորոշման դասընթացի կազմակերպում՝ 2,25 մլն դրամ, գ/ժամանակավոր կացարանի տրամադրում՝ 13,5 մլն դրամ: Գործադիրը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը հանձնարարել է շահագրգիռ պետական մարմինների հետ մշակել և մինչև 2017թ. սեպտեմբերի 1-ը ՀՀ կառավարություն ներկայացնել հայեցակարգի կիրարկմանն ուղղված գործողությունների ծրագրի նախագիծ:


Լուծվում են մայրաքաղաքի հիմնախնդիրները
 

Երևանում իրականացվում է Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիրը, որը բաղկացած է երկու տրանշից: Առաջին տրանշը ներառում է Արտաշատի խճուղու և Արշակունյաց պողոտայի վերակառուցում/լայնացումը, Շիրակի փողոցի երկարացումը դեպի Արտաշատի խճուղի, ինչպես նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի փոխհատման լայնացումը: Երկրորդ տրանշը ներառում է Արգավանդ-Շիրակ, Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածների կառուցումը:
ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված համաձայնագրով և բանկի ֆինանսավորմամբ իրականացվող երկրորդ տրանշով նախատեսվում է ճանապարհահատված կառուցել Արգավանդի ճանապարհային հանգույցից դեպի Շիրակի փողոց: Այդ աշխատանքի մեկնարկից առաջ Առաջին տրանշով իրականացվել է շինարարության հատվածն ընդգրկող տարածքներում հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքը, որին պետք է հետևի շինարարության մեկնարկը: Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինաշխատանքի իրականացման մրցույթի հաղթող է ճանաչվել իտալական «Սերենիսիմա կոստրուկցիոնի» ընկերությունը, որը զբաղվում է ճանապարհային, ներառյալ կամրջային կառուցվածքների արտոնագրված շինարարությամբ և ունի Վերոնայի առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության և արհեստագործության պալատի հավաստագիրը, որը վավերական է մինչև 2018թ. մայիսի 10-ը: Բուն շինարարական աշխատանքը սկսելու համար ՀՀ կառավարությունը հաստատեց «Սերենիսիմա կոստրուկցիոնի» ընկերությանը արտոնագրման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվությունը:
Գործադիրը մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև կնքված «Երևանի քաղաքային լուսավորության» և «Երևանի կոշտ թափոնների կառավարման» ծրագրերի ֆինանսավորման վարկային համաձայնագրերը ներառվել են ՀՀ պետբյուջե: Դա հնարավորություն կտա իրականացնել ծրագրեր, որոնք նպատակաուղղված են բարելավելու Երևան քաղաքի կոշտ թափոնների կառավարման համակարգը և նորացնելու փողոցային լուսավորության ցանցը: Կոշտ թափոնների կառավարման բարելավման կարևորությունը պայմանավորված է նոր աղբավայրի ստեղծման և Նուբարաշենի աղբավայրի փակման անհրաժեշտությամբ, իսկ քաղաքային լուսավորության ծրագրով կնորացվի 28 փողոցների լուսավորության ցանցը և կապահովվի էներգաարդյունավետ լուսավորություն:
 

Օրենսդրական նախաձեռնություն

ՀՀ կառավարությունն քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հրանտ Բագրատյանի և Խաչատուր Քոքոբելյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ օդային օրենսգրքի նախագիծը:
Կառավարության եզրակացության համաձայն օրենսգրքի նախագիծն իրավական կարգավորման առումով թերի է և այս տեսքով չի կարող կարգավորել ՀՀ օդային տարածքի օգտագործման, քաղաքացիական ավիացիայի գործունեության հետ կապված հիմնական նորմերը և հարաբերությունները: Բացի այդ, նախագիծն առարկայական չէ, չի բովանդակում նախագծում նշված ինստիտուտներին վերաբերող ընթացակարգային նորմեր: Նախագծում հստակեցված չեն դրա կարգավորման առարկան և նպատակը, սահմանված չէ կիրառվող հասկացությունների և տերմինների բովանդակությունը: Ավելին, նախագծի մի շարք դրույթներ չեն համապատասխանում կամ հակասում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) պահանջներին և չափորոշիչներին, հստակ սահմանված չեն նախագծի կարգավորման առարկան, ավիացիոն գործունեության հասկացությունը: Կան նաև ներքին հակասություններ, ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված կամ հստակեցման և պարզաբանման կարիք ունեցող դրույթներ: Հանգամանորեն շարադրելով բոլոր առարկությունները, գործադիրը դեմ է արտահայտվել նախագծին և բացասական եզրակացություն տվել: Միաժամանակ նշվել է, որ ներկայումս իրականացվում է ՀՀ ավիացիայի ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի վերլուծություն՝ մասնավորապես Եվրամիության Ավիացիոն ընդհանուր գոտուն միանալու նպատակով ՀՀ օրենսդրական դաշտը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով, և կառավարությունը պատրաստակամություն է հայտնել համագործակցել նախագծի հեղինակների հետ՝ օրենսդրական դաշտում իրականացվելիք փոփոխությունների ուղղությամբ կատարվելիք աշխատանքում: Օրենսգրքի նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ