ուրբաթ, 5 օգոստոսի 2016
Վարչապետն այցելել է Արարատի մարզ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Այնթապ համայնքում՝ զրուցել տեղի բնակչության հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հետաքրքրող մի շարք հարցերի: Այնթապցիները նշել են, որ համայնքի կարևորագույն խնդիրներից է խմելու ջրի հարցը, որը մատակարարվում է ընդհատումներով: Հովիկ Աբրահամյանը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել համապատասխան աշխատանքներ և հնարավորինս սեղմ ժամկետում կարգավորել ջրամատակարարման հարցը: Այնուհետև վարչապետին են ներկայացվել Այնթապում մշակույթի տան կառուցման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ ծրագրի արժեքը գնահատվում է 592 մլն դրամ, արդեն իսկ կատարվել է 140 մլն դրամի աշխատանք: Մշակույթի տանը գործելու է նաև երաժշտական դպրոց և մարզադահլիճ: Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2017 թվականի ընթացքում:
Կառավարության ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Մասիսում: Վարչապետի գլխավորությամբ քաղաքապետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Մասիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարները: Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը զեկուցել է, որ մարզում հաջողությամբ ընթացքի մեջ են գյուղատնտեսական, այդ թվում՝ խաղողի մթերումը կազմակերպելու աշխատանքները: Մարզում ծրագրեր են իրականացվում ենթակառուցվածքների բարելավման՝ կրթական հաստատությունների, ճանապարհների, ջրամատակարարման համակարգերի վերանորոգման, շենքերի տանիքների հիմնանորոգման ուղղությամբ: Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև համայքներում առկա խնդիրների վերաբերյալ և պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ:
Կառավարության ղեկավարը եղել է նաև Մասիս քաղաքի «Ոսկե կացին» հայ-իրանական սպանդանոցում, որը շահագործման է հանձնվել 2015թ.-ին: Սպանդանոցի կառուցման նպատակով ներդրվել է շուրջ 3 մլն դոլար: Ներկայում սպանդանոցն ունի 1 հոսքագիծ, որն աշխատում է 1 հերթափոխով, (ունի 3 հերթափոխով աշխատելու հնարավորություն): Տեղեկացվել է, որ սպանդանոցում աշխատում է 100 մարդ: 1 հերթափոխում սպանդի են ենթարկվում մինչև 650 գլուխ ոչխարներ և գառներ, որից ստացվում է 10-11 տոննա մսեղիք: Սպանդից գոյացած ենթամթերքները մշակվում են: Ստացված մորթին հանձնվում է Մասիսում գործող հայ-իտալական կազմակերպությանը, որտեղ մշակման է ենթարկվում և արտահանվում Իտալիայի Հանրապետություն: Նշվել է, որ 2015-ից մինչ օրս սպանդանոցում սպանդի է ենթարկվել շուրջ 50 հազար գլուխ ոչխար և գառ, որից սույն թվականի հունվար-հուլիս ամիսներին` 30 հազար գլուխ, իսկ մսեղիքն արտահանվել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Սպանդանոցն ունի մսեղիքի փաթեթավորման արտադրամաս, որտեղ այն սառեցվում և պաղեցվում է: Ներկայում պաղեցված մսեղիքն արտահանվում է ԻԻՀ, սակայն պահանջարկ կա նաև Արաբական Էմիրություններից և նախատեսվում է աշխատողների քանակը հասցնել 250-ի: Վարչապետը կարևորել է Հայաստանում ժամանակակից սպանդանոցների առկայությունը՝ սննդի անվտանգության ապահովման և անասնապահության զարգացման խթանման առումով:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Սուրենավանի չրագործական ձեռնարկություն, որտեղ հիմնադրման օրվանից՝ 2007թ.-ից, իրականացվել է մոտ 250 մլն դրամի ներդրում: Գործարանը հագեցված է ուկրաինական, չինական, կորեական ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս տարեկան մթերել 300-350 տոննա միրգ և հատապտուղ: Արտադրվում են չրեր, մրգային լավաշներ, գլազուրապատված չրեր: Այսօրվա դրությամբ ձեռնարկությունն արդեն մթերել է շուրջ 100 տոննա միրգ: Ձեռնարկության ղեկավարը նշել է, որ արտադրանքի իրացման խնդիր չունեն, անհրաժեշտ քանակի հումքի առկայության դեպքում էլ պատրաստ են ավելացնել արտահանման ծավալները: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ձեռնարկության գործունեությունը, արտադրական ծավալների շարունակական ավելացումը և նշել, որ կառավարությունը պատրաստ է քննարկել վերամշակող ընկերությանն օժանդակություն ցուցաբերելու տարբերակները:
Վարչապետն այցելել է նաև Վեդի քաղաքի գեղարվեստի դպրոց, ծանոթացել ուսումնական հաստատությունում առկա պայմաններին: Դպրոցում գործում են ժողովրդական պարի 2 տարիքային խմբեր, նկարչության, փայտի փոխագրության, գորգագործության, գոբելենի, մաքրամեի, ասեղնագործության և հելունագործության դասարաններ: Այնուհետև Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Վեդիի քաղաքապետարանում քննարկվել են քաղաքում և դրան հարակից համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքն ու առկա խնդիրները:
Կառավարության ղեկավարը եղել է նաև Նոր Խարբերդ ու Արալեզ համայնքներում, հանդիպել տեղի բնակիչներին, լսել նրանց հուզող խնդիրներն ու պատասխանել մի շարք հարցերի: