չորեքշաբթի, 10 օգոստոսի 2016
ՀՀ վարչապետը ներկա է գտնվել մնջախաղի թատրոնների միջազգային 5-րդ փառատոնի բացմանը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում ներկա է գտնվել Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի թատրոնների միջազգային 5-րդ փառատոնի բացմանը: ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող փառատոնին մասնակցում են թատերախմբեր՝ Հայաստանից, Ռուսաստանից, Հարավային Աֆրիկայից, Իրանից, Ուկրաինայից, Վրաստանից:
Փառատոնի շրջանակում կցուցադրվեն բացօթյա անվճար ներկայացումներ, կլինեն մնջախաղի վարպետության դասընթացներ, մասնագետները կանցկացնեն նաև պարային մնջախաղի վարպետության դասընթացներ:
Փառատոնի նպատակն է թատերական և մշակութային միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, համաշխարհային թատերական գործընթացներին մասնակցությունը, միջազգային ասպարեզում մնջախաղի լավագույն փորձը հայ և արտերկրյա հանդիսատեսին հասանելի դարձնելը: Փառատոնը կտևի մինչ օգոստոսի 15-ը: